««Պրոգրես ՄՍ-28» բեռնատար տիեզերանավը դուրս է բերվել ուղեծիր», «Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնությունում խնձորի գները սկսել են աճել», «Մոսկվայի միջազգային կինոշաբաթին նվիրված մամուլի ասուլիս կանցկացվի»․․․ ։ Ահա, սրանք են ռուսաստանյան պետական լրատվամիջոցների առաջին էջերի վերնագրերը, թեև աշխարհում քաջատեղյակ են, որ ընդամենը մի քանի օրում ուկրաինական զինուժը կարողացավ սահմանակից ռուսաստանյան շրջաններում զբաղեցնել մոտ հազար քառակուսի կիլոմետր տարածք։
Ռուսաստանի Կուրսկի մարզում ընթացող մարտերի մասին Կրեմլը հաղորդում է ի միջի այլոց։ Կարծես` առօրյա, սովորական իրավիճակ է, և խոսքը բազմաթիվ նոր զոհերի, գերիների և իրենց տները լքած տասնյակ հազարավոր ռուսաստանցիների մասին չէ։
«Տեղի ունեցողը ներկայացնում են որպես սովորական իրավիճակ»
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Քարնեգի հիմնադրամի Բեռլինի կենտրոնի հրավիրյալ փորձագետ Եկատերինա Շուլմանի ասում է` հասկանալի է, թե Մոսկվայում ինչ են փորձում անել. «Տեղի ունեցողը ներկայացնում են որպես սովորական իրավիճակ։ Պաշտոնական արձագանքն ակնհայտորեն ուղղված է իրադարձությունների նշանակության նվազեցմանը։ Շատ է խոսվում [ռուսաստանցի փախստականներին ցուցաբերվող] սոցիալական աջակցության մասին, խոսվում է այն մասին, թե որտեղ են տեղավորվում փախստականները և այլն»։
Անդրադառնալով ռուսաստանյան հանրության արձագանքին` Շուլմանը նշում է. «Մարդիկ սա նորմալ չեն համարում, բայց կարծում են, որ իրենց արձագանքը (ինչ էլ որ լինի) ոչ մի օգուտ չի բերի, ազդեցություն չի թողնի, և սա տարածված մոտեցում է»:
Փորձագետի կարծիքով` մարդկանց նման վարքագիծը բնորոշ է ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներին։
Ամառ, արձակուրդներ և ... ներխուժում
Թեև Ռուսաստանից ստացված տեղեկատվությունը սահմանափակ է, թե ինչպես են արձագանքում պարզ ռուսաստանցիները Կուրսկի մարզում ընթացող զարգացումներին, սակայն Եկատերինա Շուլմանը որոշ օրինակներ է բերում, որնք վկայում են՝ մեծ հետաքրքրություն չկա։
«Դեռ չունենք սոցհարցումներ, որոնք ճշգրտորեն կարտացոլեն Կուրսկի մարզում առաջացած իրավիճակին [ռուսաստանցիների շրջանում առկա] արձագանքը, բայց ես ուշադրություն կդարձնեի նորությունների նկատմամբ ուշադրության տատանումներին։ Սա մարքեթինգային գործակալությունների հավաքած տվյալներն են: Գրանցվել են նորությունների սպառման ակնհայտ աճեր՝ պատերազմի սկիզբ, մոբիլիզացիա, մոբիլիզացիայի ավարտ, Պրիգոժին, հարձակում Crocus City Hall-ի վրա։ Նման տվյալներ կան մինչև օգոստոսի 11-ը, և այդ ընթացքում նորությունների սպառման աճ չկա։ Գործ ունենք նորությունների նկատմամբ հետաքրքրության ավանդական սեզոնային անկման հետ»,- ասում է Շուլմանը։
Ըստ փորձագետի՝ հաջորդ ցուցիչը, այսպես կոչված, ժողովրդական հուշահամալիրների շուրջ տիրող իրավիճակն է․ «Երբ ռուսաստանցիներին անհանգստացնող բան է կատարվում, նրանք սկսում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ բերել։ Նման վարքագծի ենք ականտես եղել խոշոր հրդեհներից, ահաբեկչական հարձակումներից, Ուկրաինայում արյունալի իրադարձություններից, Պրիգոժինի մահից, Նավալնիի սպանությունից հետո։ Մարդիկ հարկ են համարում ինչ-որ արձագանք ցուցաբերել։ Բայց հիմա մենք դեռ նման բան չենք տեսնում»:
Այդուհանդերձ՝ Եկատերինա Շուլմանը ընդգծում է, թե «հասարակության տրամադրությունը բավականին իներցիոն կերպով է ձևավորվում, ուստի դեռ վաղ է եզրակացություններ անել, չգիտենք, թե ինչ կլինի մեկ շաբաթից, բայց հիմա անհնար է ասել, որ [Կուրսկի] իրադարձությունները ցնցեցին Ռուսաստանը»:
Ուկրաինայի զինուժի ներխուժումը Ռուսաստան դառը հաբ է Կրեմլի համար
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ջորջթաունի համալսարանի պատվավոր պրոֆեսոր և Ռուսաստանի գծով ԱՄՆ առաջատար փորձագետներից մեկը՝ Անժելա Ստենտը ընդգծում է, որ Կրեմլը ակնհայտերոն փորձում է շեղել ռուսաստանցիների ուշադրությունը Կուրսկի մարզում ընթացող իրադարձություններից, քանի որ այն ոչ միայն ռազմական, այլև, առաջին հերթին, տեղեկատվական հաջողություն է Ուկրաինայի համար։
Ստենտի խոսքով՝ Կիևը կարողացավ հասնել նման հաջողության գլխավորապես երկու պատռճառով՝ անակնկալի բերեց ռուսական կողմին և ճիշտ օգտագործեց Արևմուտքից ստացվող ռազմա-տեխնիակական աջակցությունը։
«Արևմուտքը զենք է մատակարարում Ուկրաինային։ Տեղ են հասել F-16 կործանիչները, և Վաշինգտոնը թույլատրել է Ուկրաինային այդ ամենն օգտագործել Ռուսաստանի տարածքում։ Պուտինը չի կարող նախկինի նման ինքնավստահ լինել, և հիմա Ռուսաստանը, ինչպես ասում են, ստիպված է ճաշակել դառը հաբ»,- նշում է Անժելա Ստենտը։
Փորձագետը շարունակում է․ «Պաշտոնապես ԱՄՆ-ն ասում է, թե նախապես տեղյալ չէր ուկրաինական գործողության մասին։ Ավելի ուշ, հավանաբար, այս ողջ պատմության մասին մանրամասներ կիմնանք, բայց տեսնում ենք, որ Կիևը գաղտնի պատրաստվել է այս գործողությանը և անակնկալի բերել Ռուսաստանին»։
Ստենտը կարծում է, որ Կրեմլը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի նախորդ երկուսուկես տարիներին պատերազմը չդառնա ռուսաստանցիների խոհանոցային քննարկումների հիմնական թեման․ «Անգամ «Լևադա» կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ ռուսաստանցիները աստիճանաբար անտարբեր են դառնում պատերազմի նկատմամբ։ Նրանց համար այս պատերազմը օտար մի բան է, որն իրենց չի վերաբերում։ Նրանք կարող են չվստահել Պուտինին և Կրեմլի քարոզչությանը, բայց նրանք դեռ հեռու են պատերազմից, քանի որ այն անմիջականորեն չի ազդում իրենց վրա»:
Փորձագետը՝ եզրակացնում է, թե սա է հիմանական պատճառը, որ խոսելով Կուրսկի մարզում ընթացող զարգացումների մասին՝ ռուսաստանցի պաշտոնյաները զգույշ են իրենց արտահայտություններում և աշխատում են խուսափել «պատերազմ» բառից:
Ուկրաինական զինուժի հեղինակության ամրապնդում
Քարնեգի հիմնադրամի երկու այլ փորձագետներ՝ Ալեքսանդր Բաունովը և Մայքլ Քոֆմանը, վերջերս հրապարակային մի զրույցի ժամանակ ուշադրություն են հրավիրել, թե Արևմուտքը չի քննադատել Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստան։
Ըստ Քոֆմանի, Կուրսկի գործողությունը մեծապես ամրապնդեց ուկրաինական բանակի հեղինակությունը, որը, ակնհայտորեն դասեր է քաղել անցած տարվա իր ոչ այնքան էլ հաջող հարձակումից:
Մայքլ Քոֆմանի ներկայցմամբ, այսօր Արևմուտքում շատերի համար պարզ է, որ Ռուսաստանի բնակչության մեծ մասը կա՛մ աջակցում է պատերազմին, կա՛մ ընդհանրապես անտեսում է այն՝ նման դիրքորոշմամբ փաստացի աջակցելով Կրեմլի քաղաքականությանը։
«Քանի՞սը պայմանագիր կնքեցին և պատերազմ գնացին»,- հարց է բարձրացնում Քոֆմանը:
Իր հերթին՝ Շուլմանը գտնում է, որ անհամեմատ ավելի շատ են նրանք, ովքեր պարզապես անտեսում են պատերազմը։
«Ինչո՞ւ Կրեմլի քարոզչությունը չի կենտրոնանում Կուրսկի մարզի իրադարձությունների ուղղությամբ, քանի որ հասկանում են, թե, այսպես կոչված, հայրենասիրական բովանդակությունն այլևս գրեթե անհնար է վաճառել ռոըսաստանցիների մեծ մասին, որովհետև մարդիկ հոգնել են, անտարբեր են։ Եթե Սկաբեևան հիմա դուրս գա, պատռի իր հագուստը և գոռա, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները կտոր-կտոր են արել Կուրսկի երեխաներին, իր բառերին լսարան չի գտնի»,- եզրափակում է Եկատերինա Շուլմանը։