Գազայում հրադադար հաստատելու միջազգային կոչերի ու միջնորդական առաքելությունների ֆոնին՝ ռազմական գործողությունները չեն դադարում։ Պաղեստինցիները հրաժեշտ են տալիս իսրայելական հարվածների հետևանքով զոհված հարազատներին:
Այդուհանդերձ՝ բանակցությունների սեղանի շուրջ Իսրայելին և «Համասին» նստեցնելու ջանքերը չեն դադարում, և կողմերի միջև բանակցությունները նախատեսված են Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Սակայն «Համասը» հայտարարել է, թե չի մասնակցելու:
«Համասի» քաղաքական պատասխանատու Ուսամա Համդանն ասում է. «Ակնկալում ենք միջնորդներից, որ մեզ ասեն, թե արդյոք Իսրայելն ընդունել է այն, ինչ առաջարկվում է, և հանդիպման ժամանակ խոսք է գնալու [հրադադարի շուրջ պայմանավորվածությունը] կյանքի կոչելու մեխանիզմների և ժամկետների մասին, այլ ոչ թե նոր կետերի վերաբերյալ»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը վստահություն է հայտնել, որ բանակցությունները տեղի կունենան, սակայն նախագահ Ջո Բայդենն զգուշավոր է մերձավորարևելյան խաղաղության հարցում:
«Դժվար է: Կտեսնենք, թե ինչ կանի Իրանը։ Կտեսնենք, թե ինչ կլինի, եթե որևէ հարձակում լինի: Բայց չենք հանձնվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Վերջերս Թեհրանում տեղի ունեցած «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը չի թուլացնում մտահոգությունները, թե Իրանը կարող է գրոհել Իսրայելը՝ հրեական պետությանը մեղադրելով Իրանի մայրաքաղաքում կատարվածի մեջ:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ ձգտելով զսպել Թեհրանին ու նրա հովանու ներքո գործող ուժերին, նախևառաջ՝ «Հեզբոլլահին»:
Զուգահեռաբար՝ լարվածությունը իսրայելա-լիբանանյան սահմանին միայն աճում է։
ԱՄՆ բանագնաց Ամոս Հոխշտեյնը չորեքշաբթի Բեյրութում էր՝ հայտարարելով․ «Այլևս ժամանակ չկա, և խաղաղության հասնելը հետաձգելու որևէ կողմի արդարացումները չեն հասկացվի»:
Փակուղային իրավիճակի համար պատերազմող կողմերը մեղադրում են միմյանց։
Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերն ասում է․ ««Համասն» է, որ շարունակում է լրացուցիչ պայմաններ առաջ քաշել և հրաժարվել համաձայնության գալ»։
Այս ամենի ֆոնին՝ շարունակվում են կոչերն ուղղված նախագահ Ջո Բայդենին՝ մեծացնել ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Գազայում կրակի դադարեցմանը հասնելու համար: