2012 թվականին Ռուսաստանում ընդունվեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը հետագայում մի քանի փոփոխությունների ենթարկվեց: Մոսկվան պնդում է՝ օրենքի հիմքում Միացյալ Նահանգներում դեռ 1938 թվականից գործող «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտն» է:
Ռուսասատանի պմնդումները, սակայն, հեռու են իրականությունից: Օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան ու ռուսական օրենքների կիրառությունն ու նպատակները արմատապես տարբեր են:
Եթե ԱՄՆ-ում այն միտված է կարգավորելու արտերկրից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների և անհատների գործունեությունը, ապա Ռուսաստանում այս օրենսդրությունը օգտագործվում է որպես մահակ ընդդեմ հասարակական կազմակերպությունների ու ազատ մամուլի՝ նպատակ հետապնդելով ճնշել ազատ խոսքը, վերացնել այլակարծությունը և խոչընդոտել քաղաքացիական հասարակության աշխատանքը, հատկապես՝ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա:
«Ամերիկյան օրենքը վերաբերում է մարդկանց, ովքեր լոբբիստական գործունեություն են ծավալում, օրինակ, Կոնգրեսում կամ ամերիկյան պետական պաշտոնյաների շրջանում և վարձատրվում են արտասահմանյան կառավարության շահերը բացահայտորեն ներկայացնելու համար: Սա տարբերվում է, օրինակ, անկախ մեդիա կազմակերպության գործունեությունից, որը ֆինանսավորում է ստանում, շուրջ մեկ տասնյակ տարբեր աղբյուրներից, որոնցից մի քանիսն արտասահմանյան են: Այսպիսով, FARA («Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ» - ծնթ․ խմբ․) ակտով խոսքը օտարերկրյա պետական փողերի մասին է, իսկ վրացական և ռուսական օրենքները վերաբերում են ցանկացած տեսակի արտասահմանյան ֆինանսավորմանը» ,-ասում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Եվրասիա ծրագրի տնօրեն Ռոբերտ Համիլտոնը:
Միացյալ Նահանգներ
«Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը» (FARA) ընդունվել է 1938 թվականին՝ կանխելու նացիստական քարոզչությունը Միացյալ Նահանգներում։ Օրենքի հիմնական նպատակն է Միացյալ Նահանգներում խթանել արտաքին ազդեցությամբ պայմանավորված գործունեության թափանցիկությունը: Օրենքը պահանջում է օտարերկրյա գործակալների պարտադիր գրանցում ԱՄՆ արդարադատության նախարարությունում, վեց ամիսը մեկ անգամ կանոնավոր հաշվետվությունների ներկայացում՝ գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ, օտարերկրյա սուբյեկտների շահերից ելնելով տարածվող բոլոր նյութերի հրապարակում։ FARA-ն չի արգելում օտարերկրյա ֆինանսավորումը, սակայն ապահովում է թափանցիկություն:
«[Ամերիկյան] «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը ամբողջապես կենտրոնացած է այն անձանց ուղղությամբ, որոնք վարձատրվում են օտարերկրյա կառավարությունների կողմից կամ աշխատում են ի նպաստ նրանց: Այսպիսով, խոսքը օտարերկրյա պետությունների լոբբիստների մասին է»,- ընդգծում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Եվրասիա ծրագրի տնօրեն Ռոբերտ Համիլտոնը:
Արևմտյան երկրների շարքում՝ ԱՄՆ-ից զատ, օտարերկրյա ազդեցությունը սահմանափակող օրենքներով ու օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել Ավստրալիան ու Կանադան: Երկուսն էլ կիրառել են ամերիկյան փորձը, իսկ Ավստրալիան օրենքը կազմելիս՝ համագործակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության հետ: ԵՄ-ն ևս հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ:
Ռուսաստան
Եթե ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում այս օրենքը ծառայում է օտարերկրյա ազդեցության սահմանափակմանն ու կանոնակարգմանը, ապա Ռուսաստանում, ինչպես ասացինք, այն վերածվել է այլակարծության, ազատ խոսքի, ընդդիմության ու քաղհասարակության դեմ կիրառվող բռնաճնշման կարևոր գործիքի, հատկապես Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Կրեմլը ձգտում է թշնամանք սերմացնել օտարերկրյա ֆինասավորում ստացող ակտիվիստների, լրատվամիջոցների ու քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ ու վարկաբեկել նրանց: Եթե ԱՄՆ-ում «օտարերկրյա գործակալ» ձևակերպումը ընկալվում է որպես օտար պետությունների կամ օտարերկրյա կառույցի շահերի պաշտպան կամ լոբբիստ, ապա Ռուսաստանում այս ձևակերպումն ունի ընդգծված բացասական ընկալում հանրության շրջանում: Ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության, Ռուսասատնում «օտարերկրյա գործակալ» ձևակերպումը ուղակիորեն կապված է «լրտեսի» կամ «հայրենիքի դավաճան» ձևակերպման հետ։
Ընդունումից ի վեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ռուսաստանում զգալի փոփոխություններ է ենթարվել։ Ի սկզբանե այն ուղղված էր ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ստանում արտերկրից և զբաղված են քաղաքական գործունեությամբ։ Ժամանակի ընթացքում օրենքի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով լրատվամիջոցներին, անհատներին և ցանկացած չգրանցված միավորումներին:
Ըստ Human Rights Watch-ի, «օտարերկրյա գործակալ» սահմանումն այնքան է ընդլայնվել, որ այն այժմ կարող է ներառել գրեթե ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի՝ անկախ քաղաքացիությունից և գտնվելու վայրից: Բավական է միայն քաղաքացիական ակտիվության փաստը կամ ուղղակի վերաբերմունքի արտահայտումը իշխանությունների քաղաքականության կամ ռուսաստանցի պաշտոնյաների գործունեության նկատմամբ: Անհատը կամ կառույցը կարող են հետապնդվել, եթե պետությունը որոշի, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձը գտնվում է «օտար ազդեցության ներքո»։
«Այս մոտեցման համաձայն, օտարերկրյա դերակատարի հետ ցանկացած շփում տեսականորեն կարող է համարվել «օտար ազդեցություն»: Այս դեպքում «ազդեցության» և «քաղաքական» կամ այլ գործունեության իրականացման միջև պատճառահետևանքային կապ չի պահանջվում: Օտարերկրյա աղբյուրները ներառում են ոչ միայն օտարերկրյա պետություններ և իրավաբանական անձինք, այլ նաև միջազգային կազմակերպություններ, ընդհուպ, ինչպես կարելի է ենթադրել, ՄԱԿ-ը և նմանատիպ այլ միջազգային կառույցները»,- հայտարարել է Human Rights Watch, “Russia: New Restrictions for ‘Foreign Agents’”, (1 դեկտեմբերի, 2022թ.)
«Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումից ի վեր հարյուրավոր քաղաքացիական խմբեր և ակտիվիստներ, իշխանության քննադատներ, լրագրողներ ու անգամ մշակույթի գործիչներ ստացել են այդ պիտակավորումը: Շատ կազմակերպություններ ստիպված են եղել ինքնալուծարվել, շատ լրատվամիջոցներ դադարեցրեցին գործունեությունը Ռուսաստանում՝ այս օրենքի դրույթները կատարելու անկարողության պատճառով: Փակված կառույցների թվում էր նաև «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը, որը լուծարվեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենսդրության խախտման պատրվակով։
«Օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենքը հարձակում է Ռուսաստանի քաղհասարակության վրա՝ կառավարության դեմ ուղղված ցանկացած հասարակական քննադատություն ճնշելու նպատակով: Այն արժանի է միայն մեկ բանի՝ չեղարկման»,- հայտարարել է Human Rights Watch, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը (1 դեկտեմբերի, 2022թ.):
Այս օրենքից տուժած լրագրողների թվում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևան: Ամերիկյան ու ռուսական քաղաքացիություն ունեցող լրագրողը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման՝ ըստ ռուսական դատարանի, զինվորականների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար: Ավելի վաղ, ռուսական իշխանությունները մեղադրել էին նրան «օտարերկրյա գործակալ» կարգավիճակում չգրանցվելու մեջ:
Երկրորդ ամերիկացի լրագրողը՝ The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը, ազատազրկվել է 2023 թվականի մարտին՝ լրտեսության մեղադրանքով, որը նա ևս չի ընդունում: Ռուսական դատարանը այս հուլիսի 19-ին Գերշկովիչին մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ և դատապարտել 16 տարվա ազատազրկման:
Օգոստոսի 1-ին ԱՄՆ, Գերմանիայի, ՌԴ-ի, Բելառուսի և մի քանի այլ եկրների մասնակցությամբ տեղի ունեցած կալանավորների փոխանակման արդյունքում «Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան և WSJ-ից Էվան Գերշկովիչը ազատ են արձակվել ռուսական բանտից և հանձնվել ամերիկյան կողմին:
«Միջազգային հանրությունը պետք է հասցնի Ռուսաստանի կառավարությանը, որ պետական մակարդակով պատանդ վերցնելու իրենց աղաղակող պրակտիկան հանդուրժելի չէ։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք պաշտպանել ավելի քան 40 այլ լրագրողների ազատ արձակումը, ովքեր շարունակում են մնալ Ռուսաստանում կալանքի տակ իրենց աշխատանքի հետ կապված»,- հայտարարել է Լրագրողներ առանց սահմանի քարոզարշավների տնօրեն Ռեբեկա Վինսենթը:
Օտարերկրյա գործակալների մասին օրենքն այլ երկրներում
Այսօր օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը ընկալվում է ոչ միայն որպես օրեսնդրական նախաձեռնություն միտված քաղհասարակական սեկտորի դեմ, այլև որոշակի առումով դիրքորոշում, որը բխում է Ռուսաստանի շահերից: Այն ընդունած երկրները՝ Հունգարիան, Վրաստանն ու Ղրղզստանը չեն դատապարտում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, իրենց մոտ սահմանափակում են հիմնարար ազատությունները՝ արձանագրելով հետընթաց ժողովրդավարական բարեփոխումների հարցում, և խորացնում կապերը Կրեմլի հետ:
Հունգարիա
2023 թվականի դեկտեմբերին Հունգարիայի խորհրդարանն ընդունեց «Ազգային ինքնիշխանության պաշտպանության մասին» օրենքը, որը սուր քննադատությունների տեղիք տվեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Հիշեցնենք, Հունգարիայի ծայրահեղ աջակողմյան վարչապետ Վիկտոր Օրբանին երկար ժամանակ մեղադրում են հունգարական ԶԼՄ-ների մեծամասնությանը տիրանալու և ժողովրդավարական նորմերը խաթարող ավտոկրատ քաղաքական համակարգ ձևավորելու մեջ:
Նրա գլխավորած կոալիցիոն կառավարությունը՝ բաղկացած ծայրահեղ աջակողմյան Fidesz և վերջինիս գործընկեր KDNP կուսակցություններից, հավանություն տվեց օրենքին՝ հակադարձելով քննադատներին, թե օրենքը, որը նաև հայտնի է որպես «օտարերկրյա գործակալների մասին» օրենք, նպատակ ունի սահմանափակել արտաքին ազդեցությունը երկրի ներքին քաղաքականության վրա ու մասնավորապես՝ քաղաքական կուսակցությունների շրջանում։
Սակայն օրենքի քննադատների պնդմամբ՝ այն ուղղված է այլախոհությունը ճնշելուն և անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը սահմանափակելուն: Եվրահանձնաժողովը իրավական գործողություններ է սկսել Հունգարիայի դեմ՝ հայտարարելով, որ օրենքը խախտում է ԵՄ հիմնական սկզբունքները և մարդու իրավունքները:
«[ԵՄ] Հանձնաժողովը գտնում է, որ օրենքը խախտում է ԵՄ օրենսդրությունը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական սկզբունքներին և ԵՄ քաղաքացիների ընտրական իրավունքներին, հիմնարար իրավունքներին, որոնք ամրագրված են ԵՄ Հիմնարար իրավունքների խարտիայում, ԵՄ տվյալների պաշտպանության մասին օրենքոմ և մի քանի կանոններում, որոնք կիրառելի են ներքին դաշտում»,- ասում է ԵՄ խոսնակ Անիտա Հիպերը։
Պաշտոնական Բուդապեշտը հակադարձում է: X-ում արված գրառմամբ կառավարության խոսնակ Զոլթան Կովաչն նշել է, թե օրենքը ներդրվել է այն բանից հետո, երբ հունգարական ընդդիմադիր կուսակցությունները 2022 թվականի ընտրությունների ժամանակ օտարերկրյա ֆինանսավորում են ստացել, այդ թվում՝ հունգարական ծագում ունեցող ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսից, որը, ինչպես հայտնի է, հաճած է հայտնվում իշխող՝ Fidesz կուսակցության թիրախում: Ընդդիմադիր կուսակցությունները հերքում են ապօրինի գործողությունները:
Օրենքը նախատեսում է լայն լիազորություններով կառավարական նոր մարմնի ստեղծում, որն իրավասու կլինի տեղեկատվություն հավաքել ցանկացած խմբի կամ անհատի մասին, որոնք օգտվում են օտարերկրյա ֆինանսավորումից և ազդում հանրային քննարկումների վրա: Նախատեսվում է մինչև երեք տարի ազատազրկում օրենքի դրույթների խախտման համար:
Հետաքննչական նոր մարմինը ևս մեկ գործիք է կառավարության ձեռքում՝ ամրապնդելու իր իշխանությունը՝ կարծում է Հունգարիայում մնացած սակավաթիվ անկախ լրագրողական կազմակերպություններից մեկի՝ Direkt36 հետաքննող լրագրության կենտրոնի հիմնադիր, լրագրող Անդրաս Պետոյը: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծում է՝ այդ կառույցի պարտականությունները և դերը շատ անորոշ է․ այն կարող է հետաքննել ցանկացածի գործունեություն, ներառյալ մասնավոր անձի, կազմակերպության, լրատվամիջոցի, քաղհասարակության ներկայացուցչի:
«Կառավարությունը տարիներ շարունակ զարգացնում է այս խոսույթը, թե Հունգարիան, և այդ ասելով՝ նկատի ունեն իրենց, ենթարկվում է օտարերկրյա շահերի կամ ուժերի հարձակմանը: Այսպիսով, ցանկացած ոք, ով քննադատում է նրանց [իշխանություններին] կամ ով իրականում չի ծառայում նրանց շահերին, այդ արտաքին գործողության մաս է կազմում»,- նշում է Direkt36 հետաքննող լրագրության կենտրոնի հիմնադիր, լրագրող Անդրաս Պետոյը:
Բուդապեշտում Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության իրավական հարցերի ղեկավար Միկլոշ Լիգետին ներկայացմամբ, նոր օրենքը կարող է թիրախավորել իրենց նման կազմակերպությունների:
«Կարծում ենք, որ նոր օրենքը կոչված է լրացուցիչ սահմանափակումներ կիրառել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների գործունեության և ակտիվության նկատմամբ, որոնք հաջողությամբ քննադատում են կառավարությանը»,- նշում է Բուդապեշտում Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության իրավական հարցերի ղեկավար Միկլոշ Լիգետին:
Վրաստան
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օտարերկրյա գործակալների մասին օրենսդական նախաձեռնությամբ հանդես եկավ 2023 թվականին, սակայն բախվեց զանգվածային բողոքի ակցիաների։ Արդյունքում` օրինագիծը հետ կանչվեց, սակայն հաջորդ տարի՝ այս ապրիլին Վրաստանի խորհրրդարանի մեծամասնությունը կրկին սեղանին դրեց օրինագիծը:
Հազարավոր ցուցարարներ նախորդ ամիսներին դուրս եկան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներ՝ բողոքելու օրենագծի դեմ: Ցուցարարներից շատերը բարձրացնում են Եվրամիության և Վրաստանի դրոշներ, մյուսները՝ ծածանում էին ուկրաինական դրոշներ՝ ի նշան աջակցության ռուսական ագրեսիային ենթրակված Կիևին:
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո կիրառեց խորհրդարանում անցած օրինագծի նկատմամբ, սակայն, ինչպես սպասվում էր, իշխող «Վրացական երազանքը» հաղթահարեց այն և մայիսի 28-ին ընդունեց օրենքը: Օրենքը պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք», սակայն քննադատներն այն անվանել են «ռուսական օրենք»՝ նկատի ունենալով ռուսաստանյան նմանատիպ օրենքը:
Վրաստանի օրենսդրությունը պարտավորեցնում է քաղհասարակության կառույցներին, ԶԼՄ-ներին և այլ կազմակերպություններին, որոնք ստանում են արտերկրից իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը, գրանցվել որպես «օտարերկրյա շահերի գործակալ»: Օրենքը փաստորեն ուղղված է ԱՄՆ ու Եվրամիության կողմից Վրաստանում իրականացվող և ժողովրդավարության աջակցությանը միտված ծրագրերին:
«Իրականում նպատակը քաղաքացիական հասարակությունը ոչնչացումն է: Խոսքը թափանցիկության մասին չէ: Թափանցիկությունն արդեն առկա է, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե որտեղից են իրենց ֆինանսավորումը ստանում քաղհասարակության այս բոլոր ՀԿ-ները: Այս տեղեկությունը հանրային է ու բաց։ Նրանք պարտավորել են այդ մասին զեկուցել Վրաստանի կառավարությանը»,- ասում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Եվրասիա ծրագրի տնօրեն Ռոբերտ Համիլտոնը:
Վաշինգտոնն ու Բրյուսելը անմիջապես արձագանքեցին օրենքի ընդունմանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում «Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուների» նկատմամբ։
«[ԱՄՆ] պետքարտուղարությունը Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանում, որը կտարածվի այն անձանց վրա, ովքեր պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին: Դա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը բռնաճնշելու համար՝ բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով»,- ընդգծում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Օրենքի վերաբերյալ վրացական խորհրդարանի քվեարկությունից անմիջապես հետո ԵՄ-ն հայտարարեց.
«Սա շատ վատ իրադարձություն է Վրաստանի և նրա ժողովրդի համար։ Օրենքն իր ներկայիս տեսքով սպառնում է վախեցնող ազդեցություն ունենալ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների վրա, ինչը բացասական հետևանքներ կունենա շատ վրացիների համար...: Այս օրենքը անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ։ Դա հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Դրա վերջնական ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների համար»,- հայտնել է Եվրամիության արտաքին կապերի Եվրոպական ծառայությունը (EEAS):
Օրենքը լուրջ մտահոգություն է առաջացրել Վրաստանի քաղաքացիական հասարակության, արևմտյան երկրների ու ազատ լրատվամիջոցների շրջանում: Արդյո՞ք Վրաստանը հեռանում է եվրոպական գծից և աստիճանաբար դառնում ավտորիտար: Այս հարցն է շարունակում հնչել միջազգային ամբիոններում, համաշխարհային մամուլի էջերրից և Թբիլիսիի ու Վրաստանի այլ քաղաքների փողոցներ դուրս եկած օրենքի ընդդիմախոսների շրջանում:
Օրենքի ընդունման հետևանքով Վաշինգտոնը վերանայել է Թբիլիսիի հետ իր հարաբերությունները և դադարեցրել ամերիկյան ուղիղ օգնության տրամադրումը Վրաստանի կառավարությանը՝ «վերջինիս հակաժողովրդավարական քայլերի պատճառով»: ԵՄ-ը ևս կասեցրել է Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանն ու անվտանգային ոլորտի համագործակցությունը Թբիլիսիի հետ:
Ղրղզստան
Ղրղզստանը երկար տարիներ համարվում էր Կենտրոնական Ասիայի «ժողովրդավարության կղզի»: Այստեղ գործում էր ազատ խոսքի իրավունքն ու ազատ մամուլը, իսկ իշխանությունները հարգում էին ժողովրդավարության հիմնարար սկզբունքները:
«Ուզբեկստանում Անդիժանի դեպքերից հետո այնտեղից դուրս բերվեցին միջազգային բոլոր կազմակերպությունները: Նրանց մեծ մասը տեղափոխվեց Ղրղզստան»,- պատմում է քաղաքագետ Մարկ Գրիգորյանը:
Հետագայում սակայն երկիրը սկսեց հետընթաց ապրել ժողովրդավարության ուղուց՝ ավելիի ու ավելի նմանվելով տարածաշրջանի բռնապետական հարևարններին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին վարկանիշային ցանկում Ղրղզստանը նահանջել է 50 հորիզոնականով՝ զբաղեցնելով 122-րդ տեղը: Այն այսօր ընդամենը 12 կետով է առաջ իր ավտորիտար հարևան Ղազախստանից:
Իր հերթին՝ Freedom House-ը 2023 թվականի իր Nations in Transit զեկույցում Ղրղզստանը դասակարգեց որպես «համախմբված ավտորիտար ռեժիմ» ունեցող երկիր:
Ղրղզստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունվել է դեռ 2014 թվականին, սակայն դրա կիրարկումը ժամանակավորապես կասեցված էր։ Այս տարվա մարտին, սակայն, երկրի խորհրդարանը հաստատեց օրինագիծը, ըստ որոշ տվյալների, առանց բանավեճի և ընդամենը յոթ րոպեում: Ապրիլին Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը ստորագրեց վիճահարույց օրենքը, որը ևս նմանեցվում է ռուսական «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին:
Այն պարտադրում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող ցանկացած կազմակերպության գրանցվել որպես «օտարերկրյա ներկայացուցիչ»։ Մեկ այլ դրույթ էլ իրավունք է տալիս արդարադատության նախարարությանը, որը պետք է իրականացնի օրենքի դրույթները, նման կազմակերպություններում անցկացնել չծրագրված ստուգումներ և աուդիտներ:
«Երկրում գործող ռուսամետ իշխանությունները քաղհասարակության ճնշման ներքո սկսեցին տատանվել։ Ուստի, քաղհասարակությունը վերահսկողության տակ վերցնելու համար սկզբից ճնշումներ եղան ազատ մամուլի նկատմամբ, իսկ այժմ՝ այս օրինագիծն է, ինչը նույնպես ընդգծում է ռուսամետ քաղաքականությունը և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելու փաստը»,- պատմում է Մարկ Գրիգորյանը:
Օրենքի ընդունումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը տարածեց հայտարարություն՝ խորը մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ, ինչը, ըստ Վաշինգտոնի, վտանգի է ենթարկում ՀԿ-ների աշխատանքը, որն ուղղված է «էականորեն ավելի ժողովրդավար և ներառական Ղրղզստանի Հանրապետության համար»:
«[Այս քայլը] վերջինն է Ղրղզստանի կառավարության գործողությունների շարքից, որոնք խաթարում են ժողովրդավարական կառավարումը և քաղաքացիական հասարակությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Ամփոփում
Օտարերկրյա գործակալների օրենքների համեմատությունը ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունգարիայում, Վրաստանում, Ղրղզստանում ցույց է տալիս էական տարբերություններ դրանց էության և փիլիսոփայության մեջ: Միացյալ Նահանգներում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» նպատակ ունի ապահովել օտարերկրյա կառավարությունների համար աշխատող անհատների գործունեության թափանցիկությունը և այդ աշխատանքի մասին հանրային իրազեկվածությունը: Օրենքը չի պարունակում խիստ սահմանափակումներ գրանցված գործակալների գործունեության նկատմամբ:
Ռուսաստանում գործող օրենքը անհամեմատ ավելի խիստ է։ Այդ երկրում քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք օտարերկրյա ֆինանսավորում են ստանում և բարձրացնում են քաղաքական հարցեր, փաստորեն օրենսդրորեն ընկալվում են որպես սպառնալիք պետությանը: Նման թշնամական ընկալումը հանգեցնում է խիստ սահմանափակումների և վերահսկողության, ինչը էապես դժվարացնում է, անգամ՝ անհնար դարձնում երկրում քաղհասարակության և ազատ մամուլի գործունեությունը: Դրան գումարվում է հաճախ հասարակության կողմից անվստահության դրսևորումը «օտարերկրյա գործակալների» նկատմամբ, որոնք նույնացվուն են ազգի դավաճանների կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալների հետ:
Վրաստանը, Հունգարիան ու Ղրղզստանը միջանկյալ դիրք են զբաղեցնում: Թեև այս երկրներում օրենքները դեռևս այնքան խիստ չեն, որքան Ռուսաստանում, սակայն դրանք թիրախավորում են քաղհասարակությունն ու ազատ խոսքը:
Թբիլիսիի, Բուդապեշտի և Բիշքեկի կողմից նմանատիպ օրենքների ընդունումը դիտարկվում է նաև որպես ռուսամետ դիրքորոշման ցուցադրում, հատկապես՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Ըստ վերլուծաբաններ Մայա Նիկոլաձեի և Անա Լեջավայի, ռուսական ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքների ընդունումը դարձել է տարածաշրջանային միտում:
«Պատահական չէ, որ Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում գտնվող երեք պետություններ փորձում են գրեթե միաժամանակ ընդունել ռուսական ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքները: Հնարավոր է, Ռուսաստանը ոգեշնչում կամ նույնիսկ ճնշում է իշխող կուսակցություններին։ Ի վերջո, Մոսկվայի ազդեցությունն այս երկրներում, հավանաբար, կմեծանա, եթե այդ երկրների ՀԿ-ները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կորցնեն միջազգային դոնորների ֆինանսավորումը»,- գրում են Մայա Նիկոլաձեն և Անա Լեջավան «Atlantic Council»-ի կայքում այս տարվա մայիսի 17-ին լույս տեսած «Why Georgia’s ruling party is pushing for the foreign agent law—and how the West should respond» հրապարակման մեջ:
Հայտնի է, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտպանել է «Վրացական երազանք»-ի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը և հայտարարել, որ Մոսկվայի շահերից է բխում, որպեսզի Վրաստանում իրավիճակը լինի «կայուն և կանխատեսելի»։ Գաղտնիք չէ նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սերտ կապեր է հաստատել Հունգարիայի ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ում վերջերս ընդունեցին Կրեմլում։ Պուտինի խոսքով, ռուս-ղրղզական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։
Ակնհայտ է, որ նման՝ բռնապետական բնույթի օրենքները ամրապնդում են նշված երկրների կապերը Կրեմլի հետ՝ առաջ բերելով Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու, անգամ՝ ինտեգրվելու ցանկություն: Մյուս կողմից, Վրաստանի և Ղրղզստանի փորձը ցույց է տալիս նման՝ հակաժողովրդավարական օրենսդրության ընդունմանը դիմագրավելու հարցում հասարակական կարծիքի և միջազգային ճնշման կարևորությունը։
Հայտնի է` Վրաստանում օտար գործակալների մասին օրենքի ընդունման օրը՝ մայիսի 28-ին Բոսնիա և Հերցեգովիանայի մաս կազմող Սերբական Հանրապետության կառավարությունը իր խորհրդարանի օրակարգից հանեց «օտարերկրյա ազդեցության» մասին վիճահարույց օրինագիծը։
Հայտնի է, որ այս օրինագծի ընդգրկումը խորհրդարանի օրակարգում քննադատության մեծ ալիք բարձրացրեց Միացյալ Նահանգների, ԵԱՀԿ-ի, միջազգային այլ տերությունների կողմից: ԱՄՆ դեսպանատնից ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ օրենքի նախագիծը «ռեպրեսիվ և ոչ ժողովրդավարական» է և, եթե իրագործվի, ապա այն կտրուկ կխախտի Սերբական Հանրապետությունում ապրող մարդկանց իրավունքներն ու ազատությունները։