ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ ավարտելով մերձավորարևելյան շրջագայությունը: Գազայում հրադադարի շուրջ համաձայնությունը դեռ ստորագրված չէ:
Հայտնի է, որ Բլինքենը զգուշացրել է Իսրայելին և «Համասին», որ ԱՄՆ աջակցությունը վայելող զինադադարի նախագիծը կարող է լինել տարածաշրջանում լայնածավալ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը: Պետքարտուղարը «Համասին» կոչ է արել ընդունել հրադադարի հաստատման պայմանները։
«Ժամանակը քիչ է: Յուրաքանչյուր նոր օր կարող է ավելի շատ տառապանք պատճառել մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: [Հրադադարը] պետք է հաստատվի, և դա պետք է արվի մոտ օրերս։ Կանենք ամեն ինչ, որ այն իրականություն դառնա», - հայտարարել է Բլինքենը Կատար, Եգիպտոս և Իսրայել այցելելուց հետո։
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ներկայացրել է հրադադար հաստատելու նախագիծ և Կատարի ու Եգիպտոսի միջոցով ճնշում է գործադրում «Համասի» նկատմամբ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Բլինքենի հետ հանդիպմանը նշել էր, թե «ժամանակն է վերջ տալ շարունակվող պատերազմին»։
Ինչևէ, այս ամենի ֆոնին իսրայելական լրատվամիջոցներն ընդգծում են՝ ճի՛շտ մեկ օր անց, երբ Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Իսրայելը համաձայնեցրել է Գազայից իր զորքերի դուրսբերման ժամանակացույցը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ պնդել է, որ հրեական պետությունը պետք է պահպանի իր վերահսկողությունը Գազայի ու Եգիպտոսի միջև ընկած նեղ շերտի նկատմամբ, որպեսզի «Համասը» հետայսու ևս չկարողանա աջակցություն ստանալ դրսից:
Արձագանքելով Նեթանյահուին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ «հակամարտության սկզբից էլ պարզ էր, որ Միացյալ Նահանգների համար անընդունելի է Իսրայելի կողմից Գազայի երկարաժամկետ օկուպացիան»:
Բլինքենը Իսրայելին ու «Համասին» կոչ է արել «առավելագույն ճկունություն դրսևորել»։
«Համասի» ներկայացմամբ՝ կողմ է զինադադարին, սակայն դեմ է Իսրայելի առաջ քաշած «նոր պայմաններին»:
Վաշինգտոնը շարունակում է ջանքերը՝ կողմերին փոխահամաձայնության բերելու ուղղությամբ, որն, օրինակ, Իսրայելի պարագայում կարող է նշանակել նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորում։