Մատչելի հղումներ

Իսրայելն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը. «Համասից» դեռ պատասխան չկա


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է Գազայում հրադադար հաստատելու ԱՄՆ առաջարկը: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հորդորել է «Համասին» նույնպես ընդունել այն՝ ընդգծելով, որ հրադադարը կօգնի մեղմել Գազայում առկա աղետալի իրավիճակը:

Իսրայելն ընդունել է անցած շաբաթ ներկայացված Գազայում հրադադար հաստատելու ամերիկյան առաջարկը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո:

«Հաջորդ կարևոր քայլն այն է, որ «Համասն» ասի «այո», իսկ հետո՝ մոտ օրերս բոլոր բանակցողները կհավաքվեն՝ համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատելու նպատակով»,- ասել է Բլինքենը:

Անցած ողջ ժամանակահատվածում ճնշում էր գործադրվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա, որպեսզի այն համաձայնվի հրադադարի հաստատմանը, ինչը թույլ կտա ազատել «Համասի» ձեռքին գտնվող պատանդներին։

«Համաձայնության բացակայության պայմաններում՝ ամեն անցնող օրվա ընթացքում

երկու բան կարող է տեղի ունենալ։ Առաջին՝ ավելի շատ պատանդներ կարող են մահանալ: Երկրորդ՝ տեղի են ունենում միջանկյալ իրադարձություններ, որոնք կարող են ավելի բարդացնել ամեն ինչ, անգամ՝ անհնարին դարձնել [փոխհամաձայնության կայացումը]»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենը ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպմանը բարձրացրել է Գազայում հումանիտար իրավիճակի հրատապ բարելավման հարցը:

Քննարկումների օրակարգում է եղել նաև Գազայի հատվածում մանկական վարակիչ հիվանդության՝ պոլիոմիելիտի հնարավոր տարածման հարցը, քանի որ այլևս բազմաթիվ են չպատվաստված պաղեստինցի երեխաները:

«Աշխատել ենք ծրագրի վրա, որպեսզի նրանք, ովքեր պետք է պատվաստվեն դրա դեմ, կարողանան պատվաստվել: Աշխատում ենք Իսրայելի կառավարության հետ այդ ուղղությամբ»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը չի թաքցրել՝ ակնկալում է, որ «Համասը» դրական դիրքորոշում կհայտնի հրադադարի առաջարկի վերաբերյալ՝ Եգիպտոսն ու Կատարը ներկայացնող միջնորդների հետ հանդիպմանը, որը նախատեսված է Եգիպտոսի Էլ-Ալամեին ծովափնյա քաղաքում:

XS
SM
MD
LG