Միավորված ազգերի կազմակերպության վեց դիտորդներից բաղկացած առաջին խումբը մեկնարկել է Սիրիայում փխրուն զինադադարի մոնիթորինգի աշխատանքները:
Մարոկոյի զինված ուժերի գնդապետ Ահմեդ Հիմիչեի կողմից գլխավորած ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը ժամանել է Դամասկոս: Ըստ խաղաղության միջազգային հանձնակատարի Քոֆի Անանի, դիտորդների այս խումբը «մեկնարկելու է շտաբը նախապատրաստելու և Սիրիայի կառավարության և ընդդիմության հետ կապեր հաստատելու գործընթացը, որպեսզի երկու կողմերն էլ ամբողջությամբ գիտակցեն ՄԱԿ-ի դիտորդների դերը»:
Անանի համաձայն, մի քանի օրվա ընթացքում Սիրիա է ժամանելու ՄԱԿ-ի ևս 25 դիտորդ, սակայն դիտորդական առավել մեծ՝ 250 անդամից բաղկացած առաքելություն երկիր ուղղելու համար անհրաժեշտ է լրացուցիչ բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի և Սիրիայի կառավարության միջև:
Երկրի ընդդիմության ակտիվիստները սակայն պնդում են, որ չնայած զինադադարի, կառավարական ստորաբաժանումները շարունակում են ապստամբների հենակետ համարվող Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծությունը: Նրանց համաձայն, երկրի այլ վայրերում նույնպես տեղի են ունեցել բախումներ:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, կառավարական ուժերի կողմից երկուշաբթի օրը մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ բացված կրակի պատճառով զոհվել է երկու մարդ:
Կազմակերպության ղեկավար Ռամի Աբելռահմանի համաձայն, Հոմս քաղաքում մեկ րոպեի ընթացքում կառավարական ուժերը հրանոթային երեք կրակոց են արձակում:
Երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար վարող ապստամբներն իրենց հերթին Հալեպ հյուսիսային նահանգում հարձակում են գործել ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ուղղությամբ:
Սիրիայի կառավարությունը զգուշացրել է, թե «զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո ահաբեկիչների զինված ստորաբաժանումներն ակտիվացրել են երկրում իրականացվող հարձակումները»: Բանակի պաշտոնատար անձանցից մեկի համաձայն, «անվտանգության ուժերը կանխելու են ահաբեկիչների կողմից իրականացվող հարձակումները»:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կիրակի օրը մտահոգություն է հայտնել երկրում շարունակվող բռնությունների հանգամանքով՝ ասելով, թե «ամբողջ աշխարհը կասկածանքով է նայում, արդյոք հնարավոր կլինի պահպանել զինադադարը Սիրիայում»: