Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել Հոմս քաղաքի ապստամբների կողմից վերահսկվող շրջանների ուղղությամբ՝ խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը չորեքշաբթի օրը շարունակել են Հոմս քաղաքի հրետանային գնդակոծությունը:
Սիրիայում ակտիվիստներից զոհերի և վնասվածք ստացած անձանց մասին տեղեկությունները ի մի բերող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի համաձայն, երեքշաբթի օրվա ընթացքում երկրում զոհվել է քաղաքացիական առնվազն ինը անձ:
Չինաստան այցելած Սիրիայի արտգործնախարարն այս ընթացքում խոստացել է կատարել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի ծրագիրը և համագործակցել զինդադարի մոնիթորինգի իրականացման նպատակով Սիրիա ժամանած ՄԱԿ-ի դիտորդների հետ:
Չինաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, արտգործնախարար Վալիդ Մուալեմը Չինաստանի իր գործընկեր Յանգ Ջեյչիի հետ զրույցի ընթացքում նշել է, թե «Սիրիան շարունակելու է հարգել և իրականացնել վեց կետից բաղկացած Անանի ծրագիրը»:
Մուալեմն ասել է նաև, թե Դամասկոսը կշարունակի պահպանել զինադադարը, դուրս բերել զորամիավորումները և համագործակցել ՄԱԿ-ի դիտորդների հետ:
Դամասկոս ժամանած Միավորված ազգերի կազմակերպության վեց դիտորդներից բաղկացած առաջին խմբի ղեկավարը երեքշաբթի օրը հայտնել է, որ կպահանջվի որոշ ժամանակ, մինչև դիտորդները հասնեն այն տարածքներ, որտեղ պահպանվում է ամենածանր իրավիճակը: Գնդապետ Ահմեդ Հիմիչեն երեքշաբթի օրն ասել է, թե խմբի առաքելությունը «դժվար գործընթաց է, որն անհրաժեշտ է ծրագրել և համակարգել»:
«Մենք պետք է քայլ առ քայլ գործենք», - նշել է ՄԱԿ-ի դիտորդների խմբի ղեկավարը:
Սպասվում է, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում Սիրիա է ժամանելու ՄԱԿ-ի ևս 25 դիտորդ: