Մատչելի հղումներ

Քլինթընը կոչ է անում խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ


ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը Սիրիայի նկատմամբ կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ այն դեպքում, եթե երկիրը չկատարի արդեն մեկ տարի շարունակվող հակամարտության լուծմանն ուղղված ՄԱԿ-ի ծրագիրը:

Այս հայտարարությամբ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես է եկել Փարիզում «Սիրիայի բարեկամների» հանդիպման ընթացքում: Քլինթընն ասել է, թե Վաշինգտոնի կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ընդունի Սիրիա զենքի մատակարարման էմբարգո, ինչպես նաև տեղաշարժի և ֆինանսական նոր պատժամիջոցներ սահմանի Սիրիայի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նախագահ Բաշար Ասադին «հավասարակշռությունից հանած վիճակում» պահելու համար:

Նա ասել է նաև, որ նման բանաձև կարող է ընդունվել ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի համաձայն, որը նախատեսում է ընդհուպ մինչև ռազմական միջամտություն ներառող միջոցներ:

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի համաձայն, «Սիրիայի բարեկամների» կարծիքով ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը «Սիրիայում քաղաքացիական պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն է»:

Ժյուպեի խոսքերով, խաղաղության ծրագրի ձախողման դեպքում Ադասի դեմ հանդես եկող դաշինքը երկրում ծավալված ճգնաժամը լուծելու համար ստիպված կլինի դիմել «այլ ընտրանքների»:

XS
SM
MD
LG