Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարական ուժերը չեն դադարեցնում հարձակումները


«Սիրիայի կառավարական ուժերը, որոնց գործողությունների պատճառով երեքշաբթի օրը զոհվել է երկու, վնասվածքներ ստացել՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիական անձ, չեն դադարեցնում ընդդիմության հենակետերի գրոհը»:

Այս հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ զոհերի պատճառ է դարձել կառավարական ուժերի հրասայլերի կողմից հարավային Դերաա նահանգում ապստամբների «Սիրիայի ազատ բանակի» հենակետ Բուսրա ալ-Հարիր քաղաքի ուղղությամբ արձակված կրակը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշել է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ստորաբաժանումները շարունակել են հրետանային կրակը Հոմս քաղաքի որոշ շրջանների ուղղությամբ: Իրավապաշտպանների համաձայն, Հոմսի ուղղությամբ կրակը կարճ ժամանակով դադարել էր միայն զինադադարի վերջնաժամկետի օրը:

Զոհվածների և տուժածների մասին հաղորդագրությունները հնարավոր չէ ենթարկել անկախ փորձաքննության:

Դամասկոս ժամանած Միավորված ազգերի կազմակերպության վեց դիտորդներից բաղկացած առաջին խմբի ղեկավարը հայտնել է, որ կպահանջվի որոշ ժամանակ, մինչև դիտորդները հասնեն այն տարածքներ, որտեղ պահպանվում է ամենածանր իրավիճակը: Գնդապետ Ահմեդ Հիմիչեն երեքշաբթի օրն ասել է, թե խմբի առաքելությունը «դժվար գործընթաց է, որն անհրաժեշտ է ծրագրել և համակարգել»:

«Մենք պետք է քայլ առ քայլ գործենք», - նշել է ՄԱԿ-ի դիտորդների խմբի ղեկավարը:

Սպասվում է, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում Սիրիա է ժամանելու ՄԱԿ-ի ևս 25 դիտորդ:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը երեքշաբթի օրը կայցելի Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ Արաբական պետությունների լիգային Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Բացի դրանից, աշխարհի բազմաթիվ պետությունների դիվանագետներ և ֆինանսների նախարարությունների պաշտոնյաներ երեքշաբթի օրը Փարիզում կանցկացնեն Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման համակարգմանն ուղղված հանդիպում:

XS
SM
MD
LG