Սիրիայում այսօր վաղ առավոտյան ուժի մեջ է մտել Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ հատատված զինադադարը:
Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ զինադադարի վերջնաժամկետից՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ից չի ստացվել երկրում բռնությունների իրականացման մասին որևէ հաղորդագրություն:
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի կողմից մշակված համաձայնագիրը նպատակ է հետապնդում դադարեցնելու երկրում արդեն 13 ամիս շարունակվող բռնությունները:
Սիրիայի կառավարությունը խոստացել է պահպանել զինադադարի պայմանները՝ զգուշացնելով սակայն, որ զինված ուժերը պատրաստ կմնան հետ մղելու զինյալների կողմից քաղաքացիական անձանց կամ կառավարական ստորաբաժանումների ուղղությամբ իրականացվող ցանկացած հարձակում:
Սիրիայի իշխանությունները չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում հայտնել են, որ երկրի զինված ուժերին «հաջողվել է հետ մղել զինյալ ահաբեկիչներին և վերահաստատել պետական կառավարումը երկրի ամբողջ տարածքում»:
Քոֆի Անանի կողմից մշակված համաձայնությամբ նախատեսվում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է մինչև ապրիլի 10-ը դուրս բերի իր ուժերը երկրի ամենախոշոր քաղաքներից և մինչև հինգշաբթի օրը դադարեցնի զինված գործողությունները: Համաձայնագրում զինված պայքարը դադարեցնելու կոչ է արվում նաև ընդդիմության ուժերին: