Մատչելի հղումներ

Սիրիայում պահպանվում է փխրուն զինադադարը


ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Քոֆի Անանի համաձայն, Սիրիայում կառավարական ստորաբաժանումների և ապստամբների միջև հաստատված փխրուն զինադադարը պահպանվում է՝ չնայած երկրում գրանցված առանձին բախումների:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին հինգշաբթի օրը ներկայացրած ճեպազրույցում Անանը հորդորել է Դամասկոսին կատարել հետագա քայլեր՝ գլխավոր բնակավայրերից հեռացնելով զորամիավորումները և ծանր սպառազինությունը: Անանը սակայն հայտնել է Անվտանգության խորհրդին, թե Դամասկոսը «ոչ լրիվ» է պահպանվում զինադադարի մասին մարտ ամսին ձեռք բերված համաձայնությունը:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին սակայն ասել է, որ իր երկրի կառավարությունը դադարեցրել է հարձակումները և նույնը ակնկալում է ընդդիմության զինված ներկայացուցիչներից: Ջաֆարիի համաձայն, «եկել է արդարության պահը», իսկ զինադադարի վերջնաժամկետը լրանալուց հետո մի քանի բախում իրականացնելու մեջ նա մեղադրել է հակակառավարական ուժերը:

Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի համաձայն, Մոսկվան պնդում է, որ բոլոր կողմերը «պետք է դրսևորեն մեծ զսպվածություն»՝ զինադադարը պահպանելու համար, և հույս է հայտնել, որ մինչև ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի բանաձև՝ Սիրիա ուղարկելով զինադադարի պայմանների կատարմանը հետևող անզեն դիտորդներ:

Սիրիայի իրավապաշտպանները սակայն հայտնել են, որ զինադադարի վերջնաժամկետը լրանալուց հետո կառավարական ուժերի կողմից սպանվել է քաղաքացիական առնվազն երեք անձ: Նրանց համաձայն, հարձակումներն իրականացվել են Հոմս և Համա բնակավայրերում, որտեղ դեռևս մնում են մարտական բարձր պատրաստվածության բերված կառավարական ստորաբաժանումները:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հորդորելով Սիրիայի իշխանություններին կատարել Քոֆի Անանի ծրագրի պահանջները:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քերնին ասել է, թե չնայած Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները կարծես դադարել են ընդդիմության դեմ ուղղված լայնածավալ հարձակումները, եղել են առանձին բռնությունների մասին հաղորդագրություններ, իսկ Դամասկոսը մերժել է զինծառայողներին զորանոցներ վերադարձնելու պահանջները: Քարնին դա «անընդունելի է» անվանել՝ հավելելով, որ Ասսադին ուղղված ուղերձում նշվել է, որ իր կառավարությանը պետք է դադարեցնի բռնություններն ու իր ժողովրդի սպանությունները:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ նախագահ Բաշար ալ-Ասադը չի կարող «իր քմահաճույքով» ընտրել, թե զինադադարի մասին համաձայնության որ մասերը ինքը կարող է ընդունել, իսկ որը՝ մերժել:

Քլինթընը նշել է նաև, որ Վաշինգտոնը սատարում է Սիրիա ՄԱԿ-ի առաքելություն ուղղելու գաղափարը:

XS
SM
MD
LG