Խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի համաձայն, Սիրիայի կառավարությունը խոստացել է կատարել զինադադարի մասին պայմանավորվածությունը և կդադարեցնի ապստամբների ուժերի դեմ ուղղված բռնությունները մինչև վերջնաժամկետի լրանալը մոտ 24 ժամ առաջ:
Անանը հայտնել է նաև, որ դիմել է «ազդեցություն ունեցող կառավարություններին»՝ երաշխավորելու, որ բոլոր կողմերը պահպանեն զինադադարը, որի համար վերջնաժամկետը լրանում է Սիրիայի ժամանակով հինգշաբթի օրն առավոտյան ժամը 6-ին:
Այս հայտարարություններով Քոֆի Անանը հանդես է եկել Թեհրանում չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ անցկացված բանակցություններից հետո:
Անանը դիմել է Սիրիայի հիմնական դաշնակից Իրանին՝ հորդորելով օգնություն ցուցաբերել հարևան երկրում բռնությունները դադարեցնելուն ուղղված ջանքերին:
Իրանի արտգործնախարար Սալեհին հավանության է արժանացրել Անանի վեց կետից բաղկացած ծրագիրը՝ համաձայնելով, որ «Սիրիայում սխալ քայլեր կատարելու դեպքում կարող են առաջ գալ անկանխատեսելի հետևանքներ՝ այդ երկրի զբաղեցրած աշխարհագրական դիրքի պատճառով»:
ՄԱԿ-ին երեքշաբթի օրը հասցեագրված նամակում Քոֆի Անանը կասկածի տակ է առել Սիրիայի կառավարության կողմից երկրի քաղաքներից զինված ստորաբաժանումների դուրսբերման մասին հայտարարությունները: ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը հորդորել է այդ երկրի ընդդիմությանը կատարել զինված բախումները դադարեցնելու խոստումը՝ դիմելով Սիրիայի վրա ազդեցություն ունեցող պետություններին հակամարտության դադարեցմանը նպաստելու կոչով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն է հատնել Սիրիայի կառավարության կողմից զինադադարի նկատմամբ ունեցած հանձնառության աստիճանի հանգամանքով:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսն ասել է, որ «եթե Սիրիան չկատարի իր պարտականությունները, ապա միջազգային հանրությունը և Անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնեն, արդյոք պետք է լինել միասնական՝ հաջորդ քայլն ընդունելու հարցում», որը, ըստ Ռայսի, լինելու է համատեղ գործողությունների միջոցով Ասադի կառավարության վրա գործադրվող ճնշման ավելացումը:
Միացյալ Նահանգներն ու արևմտյան իր գործընկերներն արդեն մի քանի ամիս պահանջում են առավել վճռական քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարության նկատմամբ, սակայն այդ ջանքերը խաթարվում են Ռուսաստանի և Չինաստանի կողմից, որոնք դեմ են հանդես գալիս այդ երկրում «արտաքին ազդեցությունների»:
Սիրիայի ընդդիմադիր ուժերի ակտիվիստները Ժնևում երեքշաբթի օրը հայտնել են, որ վերջին ութ օրվա ընթացքում կառավարական ուժերի գործողությունների պատճառով զոհվել է առնվազն 1000 մարդ: Ընդդիմադիր «Սիրիայի ազգային խորհրդի» խոսնակի համաձայն, երկրի նախագահ Ասադը որևէ կերպ չի կատարում զինադադարի պայմանները, իսկ «Սիրիայի ազգային խորհրդի» համար կառավարական ուժերի մասնակի դուրսբերումն անընդունելի է: