«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայի անվտանգության ուժերը վերջին չորս ամիսների ընթացքում մահապատժի են ենթարկել ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասը կազմել են քաղաքացիական անձինք:
Կազմակերպության համաձայն, Հոմս և Իդլիբ նահանգներում անվտանգության ուժերի կողմից իրականացվել է զանգվածային մի քանի գնդակահարություն:
«Human Rights Watch»-ի համաձայն, հաշվետվությունում ներկայացվել են միայն ականատեսների կողմից հաստատված դեպքերը, սակայն Սիրիայի իշխանությունների նման գործողությունների մասին հաղորդագրությունների թիվը շատ ավելի մեծ է:
Թուրքիայի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ Սիրիայի կառավարական ուժերի ծառայողները կրակ են բացել երկու պետությունների սահմանամերձ շրջանում, որի պատճառով վնասվածքներ է ստացել Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի երկու փախստական և մեկ թարգմանիչ: Հրաձգությունն իրականացվել է սահմանամերձ Քիլիս քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարի ուղղությամբ:
Թուրքիայի իշխանությունների համաձայն, ներկայում երկրի երեք նահանգներում տեղակայված ճամբարներում ընդհանուր առմամբ գտնվում է մոտ 25 հազար փախստական:
ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը նախորոք ծրագրավորված այցի շրջանակներում երեքշաբթի օրը կայցելի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին:
Սիրիայի ակտիվիստները երկուշաբթի օրը հայտնել են, որ Թուրքիայի սահմանի մոտակայքում երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի հետ տեղի ունեցած բախումների արդյունքում ոչնչացվել է կառավարական ուժերի առնվազն վեց ծառայող: