Երկուշաբթի ՄԱԿ-ում քվեարկություն է նախատեսված երկու բանաձևերի շուրջ, որոնք կոչ են անում դադարեցնել Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Փաստաթղթերից մեկի հեղինակը ԱՄՆ-ն է, իսկ մյուսինը՝ Ուկրաինան, Եվրամիության աջակցությամբ։
Սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախ կքննարկի ուկրաինական բանաձևը, ապա՝ ԱՄՆ-ի առաջարկը։ Նույն օրը՝ ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առանձին քվեարկություն կանցկացնի ԱՄՆ փաստաթղթի վերաբերյալ։
ԱՄՆ կողմից ներկայացված բանաձևը կոչ է անում «արագ կերպով դադարեցնել հակամարտությունը» և ընդգծում է «Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջեւ կայուն խաղաղության հաստատման» անհրաժեշտությունը։
Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, որ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է իրականացրել Ուկրաինա՝ ճի՛շտ երեք տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ հայտարարել է, որ բանաձևը պետք է «վերահաստատի, որ այս հակամարտությունը սարսափելի է, ՄԱԿ-ը կարող է օգնել վերջ տալ դրան, և որ խաղաղությունը հնարավոր է»։
«Մենք խաղաղության համար իրական նախադրյալ ստեղծելու հնարավորություն ունենք»,- հավելել է Ռուբիոն։
Փոխարենը ավելի տարողունակ ուկրաինական բանաձևի նախագծում ասված է, որ ռուսական ներխուժումը «շարունակվում է երեք տարի և կործանարար ու երկարաժամկետ ազդեցություն է թողել ոչ միայն Ուկրաինայի, այլև մյուս տարածաշրջանների, նաև՝ համաշխարհային կայունության վրա»:
Փաստաթղթում կոչ է արվում հասնել «դեէսկալացիայի, ռազմական գործողությունների արագ դադարեցման և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ հանգուցալուծման»՝ ընդգծելով, որ ուղղակի անհրաժեշտ է այս տարի վերջ տալ հակամարտությանը։
Ուկրաինական նախագիծը նաև հիշեցնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նախկինում ընդունած բանաձևերի լիարժեք կատարման անհրաժեշտության, ներառյալ՝ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման մասին։
Թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, դրանք զգալի բարոյական կշիռ ունեն միջազգային ասպարեզում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևը պետք է ընդունվի 15 անդամներից առնվազն 9-ի կողմ քվեարկությամբ, և մշտական անդամներից ոչ մեկը՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը, չպետք է օգտվեն վետոյի իրենց իրավունքից:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագիծը բավարար աջակցություն կստանա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի կոչ է արել համաշխարհային հանրությանը աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու ուղղությամբ՝ ընդգծելով, թե խաղաղությունը պետք է լինի «արդար և կայուն»:
«Չետք է ջանք խնայենք՝ այս հակամարտությունը դադարեցնելու և արդար ու կայուն խաղաղության հասնելու համար՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և [ՄԱԿ-ի] Գլխավոր ասամբլեայի բանաձևերի»,- ըստ Reuters-ի՝ Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին ասել է Գուտերեշը: