Մատչելի հղումներ

 
Թրամփի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Կիևում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Կիևում


Քիթ Քելլոգ
Քիթ Քելլոգ

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Լեհաստանից գիշերային գնացքով է ժամանել Կիև՝ հայտնում է Reuters-ը։ Ակնկալվում է, որ նրա այցը կտևի երեք օր՝ բանակցություներ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ու երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ, այցելություն Ուկրաինայի արևելք՝ ռազմաճակատին մոտ։

Նկատենք՝ Քելլոգի այցը Կիև սկսվեց Էր-Ռիադում ԱՄՆ և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջորդ օրը:

«Սա մեզ հնարավորություն կտա լավ բանակցություններ վարել», - ասել է Քելլոգը՝ հավելելով, որ բանակցությունները կհիմնվեն նախորդ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած քննարկումների վրա։

«Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը»,- լրագրողներին փոխանցել է Քիթ Քելլոգը՝ հավելելով, թե իր առաքելության մասն է պարզապես «նստել և լսել», թե ինչ են իրեն ասելու:

Նշենք, որ այսօր Քելլոգին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինան բազմիցս ընդգծել է ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա Կրեմլի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո հնարավորինս զերծ մնալ ռուսական նոր ագրեսիայից։:

Քելլոգը նշել է, որ այցի արդյունքները ներկայացնելու է նախագահ Թրամփին ու նրա գլխավորած թիմին՝ «համոզվելու, որ ճիշտ ուղու վրա ենք»:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահը հերքել է Կիևից հնչող մտավախությունները, թե Ուկրաինան կարող է դուրս մնալ պատերազմին վերջ տալուն միտված ամերիկա-ռուսական հնարավոր պայմանավորվածությունից։ Միաժամանակ, Թրամփը հակադարձել է, թե ուկրաինական իշխանությունները կարող էին ավելի վաղ ինքնուրույն պայմանավորվել Ռուսաստանի հետ:

Կիև մեկնելուց առաջ Քիթ Քելլոգը հանդիպել էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որից հետո՝ երեքշաբթի, Լեհաստանի ղեկավարը հայտարարել էր, թե ԱՄՆ ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Վաշինգտոնը մտադիր չէ նվազեցնել ամերիկյան զորքերի քանակը Արևելյան Եվրոպայում:

«Մեզ վստահեցրել են, որ Ամերիկան մտադիր չէ նվազեցնել իր ակտիվությունը Եվրոպայի մեր հատվածում, մասնավորապես՝ անվտանգության առումով, կրճատելով ամերիկացի զինվորների թիվը»,- լրագրողներին փոխանցել է Դուդան։

XS
SM
MD
LG