Մատչելի հղումներ

 
Սիրիայի զբոսաշրջային գլխավոր վայրերից մեկն ականապատված է 

Սիրիայի զբոսաշրջային գլխավոր վայրերից մեկն ականապատված է 


Պալմիրա, Սիրիա
Պալմիրա, Սիրիա

Մինչ Սիրիայի քաղաքացիական պատերազմը, Պալմիրայի հնագույն ավերակները երկրի գլխավոր զբոսաշրջային վայրերից էին: Սակայն այսօր այնտեղ այցելելն ուղղակի անհնար է․ հարակից տարածքները, նաև ժամանակակից քաղաքը ականապատ են: 

Սիրիայում գտնվող Պալմիրա հնագույն քաղաքի ավերակները հայտնի են աշխարհում։ Ժամանակին քաղաքը Հռոմեական կայսրությունը կապում էր Ասիայի հնագույն պետությունների հետ:

Մինչ սիրիական քաղաքացիական պատերազմը, վայրը համարվում էր զբոսաշրջային կարևոր ուղղություն, բայց այժմ այն դատարկ է:

Ժամանակակից Պալմիրա քաղաքի մեծ մասը ավերվել է քաղաքացիական կռիվների ժամանակ։ Շատ թաղամասեր տակավին ականապատ են:

Աբու Հուսեյնը «Ինժեներներ» անվամբ կազմակերպության անդամ է։ Փորձում են մաքրել քաղաքն ականներից:

«Վեց-յոթ մարդ զոհվել է ականներից, քանի որ [քաղաքում] տարբեր ուժերի թողած ականներ կան: Այս տարածքն ամբողջությամբ ականապատված էր: Մաքրում ենք քաղաքը ականներից, պայթուցիկներից, որոնք այստեղ թողել են նախկին ռեժիմի ներկայացուցիչները, ռուսները և իրանցիները»,- ասում է նա։

2015 թվականին «Իսլամական պետության» զինյալները գրավել էին տարածքը՝ ոչնչացնելով այնտեղ գտնվող հնագույն կառույցներից շատերը: Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերն այնուհետ հետ վերցրեցին Պալմիրան, բայց ժամանակակից քաղաքի մեծ մասը այլևս ավերված էր:

«Ինժեներների» անդամները ցույց են տալիս իրանցիների ռազմական հենակետերը, և նրանց խոսքով հենց իրանական ուժերն էին վերահսկում Պալմիրան՝ ալ-Ասադի օրոք, մինչև ապստամբները չգրավեցին այն:

Բազմաթիվ սիրիացիներ փորձում են վերադառնալ հարազատ տները, քանի որ պատերազմը ավարտվել է: Սակայն Պալմիրայում գործընթացը դանդաղ է առաջ գնում, և գլխավոր խնդիրը ականներն են, որոնց հայտանբերման ու ոչնչացման համար բացակայում են անհրաժեշտ սարքավորումները:

«Որոշ սեփականատերեր աստիճանաբար վերադառնում են, եթե ջուր կամ էլեկտրաէներգիա ունեն: Բայց գործընթացը դանդաղ է՝ պայթուցիկների պատճառով»,-ասում է Աբու Հուսեյնը:

Ներկայում մասնագետներն աշխատում են վերականգնել հին Պալմիրայի ավերակները։ Ըստ Associated Press-ի՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե կքննարկեն վերակառուցմանն աջակցելու հարցը։

Տեղացիների խոսքով՝ անհամբեր են, թե երբ են ականտես լինելու օտարերկրյա զբոսաշրջիկների վերադարձին, ինչը բարենպաստ ազդեցություն կթողնի տեղի տնտեսության վրա: Բայց մինչ այդ հուսով են, որ ականազերծումն արագ կավարտվի։

XS
SM
MD
LG