Պահպանողական քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը և քաղաքական գործիչներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը, մասնակցում են Վաշինգտոնի մոտ կազմակերպված «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողով» (CPAC) եռօրյա ֆորումին: Հանդիպման բացմանը ելույթ ունեցավ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Օրակարգում ընդգրկված է կրիպտոարժույթների տնտեսական նշանակության և Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, նախատեսվում է քննարկում Գազայում պահվող պատանդների հարազատների մասնակցությամբ։
Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում ամեն տարի ելույթ է ունեցել ֆորումում:
Ելույթ ունենալով անցյալ տարի՝ նա խոստացավ, որ նոյեմբերին նախագահական ընտրություններում հաղթելը «դատաստանի օր» կլինի «ստախոսների, խաբեբաների, ստահակների, գրաքննիչների և կեղծարարների համար, ովքեր գրավել են մեր կառավարությունը»:
Բացի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնից, հինգշաբթի օրը համաժողովին ելույթ են ունենում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրուսը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական տնօրեն Բալազ Օրբանը։
Հինգշաբթի միջոցառմանը ելույթ ունեցողների թվում են իսպանական Vox քաղաքական կուսակցության ղեկավար Սանտյագո Աբասկալը, ինչպես նաև բրիտանացի օրենսդիր Նայջել Ֆարաջը և Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավիեցկին:
«Ամերիկայի ձայնը» ղեկավարելու համար նախագահ Թրամփի կողմից առաջադրված Քերի Լեյքը ևս պետք է ելույթ ունենա համաժողովին այս ուրբաթ օրը:
Այլ բանախոսների թվում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: