Գերմանիայում մեկնարկել է Մյունխենի անվտանգության համաժողովը՝ միջազգային ֆորում, որի առանցքային թեման ակնկալվում է, որ կլինի Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման հեռանկարները։
Ավելի վաղ Գերմանիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը՝ գլխավորելով ամերիկյան պատվիրակությունը։ Նրանից բացի ԱՄՆ-ը Մյունխենում ներկայացնում է նաեւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այնուամենայնիվ, ինքնաթիռը, որը պետք է Մյունխեն տեղափոխեր պետքարտուղարին և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշին հինգշաբթի օրը վերադարձել է Վաշինգտոն՝ տեխնիկական խնդրի պատճառով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռուբիոն և Ռիշը ստիպված են եղել այլ ինքնաթիռով ժամանել։
Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 60 պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև առնվազն 150 նախարարներ։ Համաժողովի մասնակիցների թվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաժողովի առաջին օրը Ջեյ Դի Վենսը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Հանդիպման ընթացքում փոխնախագահը կրկնել է այն թեզը, որ Եվրոպան և հատկապես Գերմանիան պետք է ավելի մեծ դեր ունենան սեփական պաշտպանության գործում։
«Նախագահը [Թրամփը] և ես հավատում ենք, որ Եվրոպան, իհարկե, շատ կարևոր դաշնակից է Միացյալ Նահանգների համար», - ասաց նա հանդիպումից առաջ: «Մենք նաև հավատացած ենք, որ [...] ապագայում [...] Եվրոպան պետք է ավելի մեծ դեր խաղա սեփական անվտանգության ապահովման գործում, և պարզ է, որ Գերմանիան, որպես Եվրոպայի ամենամեծ տնտեսություն, կարևոր դեր է խաղալու դրանում»:
Վենսը նաև հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում` կոչ անելով դաշինքի դաշնակիցներին մեծացնել պաշտպանական ծախսերը և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել:
«Մենք պատրաստվում ենք քննարկել ՆԱՏՕ-ն և, մասնավորապես, նախագահ [Դոնալդ Թրամփի] ցանկությունը, որպեսզի դաշինքը մի փոքր ավելի շատ ռեսուրսներ հատկացնի պաշտպանությանը։ Եվ ես գիտեմ, որ գլխավոր քարտուղար Ռյուտեն համաձայն է ինձ հետ այս հարցում»,- հանդիպումից առաջ ասել է Վենսը:
Ռյուտեն պաշտպանել է այս կոչը՝ նշելով. «Եվրոպան պետք է ուժեղացնի իր դերը, ՆԱՏՕ-ի եվրոպական մասը պետք է ուժեղացնի իր դերը։ Այս առումով մենք պետք է մեծանանք»։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Վենսը կոչ է արել «կարգավորել բանակցային ճանապարհով»: Ռյուտեի խոսքով՝ մենք պետք է հասկանանք, թե «ինչպես կարող ենք հասնել կայուն խաղաղության»։
Հանդիպումից հետո Ռյուտեն X սոցիալական ցանցում գրել է. «Ուժեղ ՆԱՏՕ-ն և ուժեղ Ամերիկան գնում են ձեռք ձեռքի տված: «Շնորհակալություն Ջեյ Դի Վենսին այս առավոտ Եվրոպայում պաշտպանական ծախսերի ավելացման, զենքի արտադրությունն ավելացնելու համար միասին աշխատելու և Ուկրաինա կայուն խաղաղություն հաստատելու հնարավոր ջանքերի ուղղությամբ քննարկման համար»:
Ուրբաթ օրը փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Մյունխենում հանդիպել են Ուկրաինայի ախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Հանդիպումից հետո Զելոնսկին գրառում է կատարել, ուր երախտագիտություն է հայտնել ամերիկյան կողմին «լավ հանդիպման» համար: Ըստ նրա՝ կողմերը կշարունակեն աշխատել փաստաթղթի վրա:
«Մենք անդրադարձել ենք բազմաթիվ առանցքային հարցերի և անհամբերությամբ սպասում ենք գեներալ Քելոգին Ուկրաինայում հետագա հանդիպումների և տեղում իրավիճակի ավելի խորը գնահատման համար: Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ շարժվել դեպի իրական և երաշխավորված խաղաղություն։ Մենք խորապես գնահատում ենք նախագահ Թրամփի վճռականությունը, որը կարող է օգնել դադարեցնել պատերազմը և ապահովել արդարության և անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար»,- ընդգծել է Զելենսկին։
Մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մյունխենի համաժողովին Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ չեն լինի։
Համաժողովի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Wall Street Journal-ը հրապարակեց հարցազրույց ԱՄՆ փոխնախագահի հետ, որում նա չբացառեց «ռազմական լծակների» կիրառումը Ուկրաինայում խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում։
«Կան ճնշման տնտեսական լծակներ, կան, իհարկե, ռազմական լծակներ»,- ասել է Վենսը՝ նշելով Ուկրաինայի ինքնիշխան, անկախ պետություն մնալու կարևորությունը։
Փետրվարի սկզբին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ համաժողովը կներկայացնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմին վերջ տալու Թրամփի վարչակազմի ծրագիրը: Սակայն ավելի ուշ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հերքել է այս հայտարարությունները՝ ընդգծելով, որ «անձը, ով կներկայացնի խաղաղության ծրագիրը, կլինի Միացյալ Նահանգների նախագահը»։
Քելլոգը նույնպես կմասնակցի Մյունխենի քննարկումներին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր պետքարտուղարությունը, Քելլոգի մասնակցությունը համաժողովին նրա ուղևորության մի մասն է կազմում Եվրոպա, որի ընթացքում նա «կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ […]: Ուղևորության պլանը ներառում է նաև Քելլոգի այցերը Ուկրաինա և Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի և Եվրամիության կենտրոնակայան: