Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հանձնարարելով փոփոխել ԱՄՆ դիվանագիտական ծառայությունը՝ ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգը «հավատարմորեն և արդյունավետ կերպով իրականացնելու» համար:
Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բարեփոխումների ֆոնին և երկրի արտաքին քաղաքականությունը «Նախևառաջ Ամերիկան» ծրագրին համապատասխանեցնելու Թրամփի ջանքերի շրջանակներում։
Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է պայքարել, այսպես կոչված, «խորքային պետության» դեմ՝ պաշտոնանկ անելով «անհավատարիմներին»։
Հրամանագրում նշված է, որ նախագահի ծրագիրն իրականացնելուց հրաժարվելը կարող է հիմք հանդիսանալ կարգապահական պատասխանատվության, պաշտոնանկության համար։
«Պետքարտուղարը պետք է հավաքի հայրենասերների բացառիկ կազմ՝ այդ քաղաքականությունն արդյունավետ իրականացնելու համար։ Նա պետք է բարեփոխի դիվանագիտական ծառայությունը և արտաքին հարաբերությունները՝ գործող օրենսդրության համապատասխան, որպեսզի ապահովի նախագահի արտաքին քաղաքականության ծրագրի հավատարիմ և արդյունավետ իրականացումը»,- նշված է փաստաթղթում։
Ըստ նախագահական հրամանագրի՝ ԱՄՆ դիվանագիտական ծառայության բարեփոխումները կանդրադառնան աշխատանքի ընդունման, գնահատման և աշխատակիցների պահպանման ընթացակարգերի վրա՝ ապահովելու «նախագահի արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ կենտրոնացած կադրերի առկայությունը»:
Կարող է վերանայվել նաև Արտաքին ծառայության ինստիտուտի գործունեությունը՝ ամերիկացի դիվանագետների վերապատրաստման հաստատությունը։