ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում ու լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում։
Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ չորեքշաբթի կայացած զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունների անհապաղ սկսման մասին։
«Մենք նաև պայմանավորվեցինք, որ մեր թիմերը անմիջապես կսկսեն բանակցությունները, և կսկսենք զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որպեսզի նրան տեղեկացնեմ զրույցի մասին, ինչը ես կանեմ հենց հիմա»,- նշել է Թրամփը՝ սոհարթակում գրառմամբ։
«Մենք երկուսս էլ անդրադարձանք մեր ժողովուրդների մեծ պատմությանը և այն մասին, թե ինչպես ենք միասին այդքան հաջող կռվել Երկրորդ աշխարհամարտում՝ հիշելով, որ Ռուսաստանը կորցրել է տասնյակ միլիոնավոր մարդկանց, իսկ մենք, մեր հերթին, շատերին ենք կորցրել: Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի մասին և այն մասին, թե համագործակցությունը ինչպես օգուտ կբերի մեզ։ Սակայն նախ, ինչպես մենք երկուսս էլ պայմանավորվեցինք, ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մահերը, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շարունակել է․ «Պայմանավորվեցինք շատ սերտ համագործակցել, այդ թվում՝ այցելելով միմյանց երկրներ։ Ես խնդրել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին՝ ղեկավարել բանակցությունները, որոնք, վստահ եմ, հաջողությամբ կպսակվեն: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին պատերազմում, որը չէր լինի, եթե ես լինեի [ԱՄՆ] նախագահ։ Բայց դա եղավ, և հետևաբար այն պետք է ավարտվի»:
Ավելի ուշ Թրամփը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցի մասին։ «Խոսակցությունը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»,- գրել է Թրամփը սոցհարթակում։
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ուկրաինական հակամարտությանն անդրադարձել է նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը․ «Մեր ուղերձը պարզ է՝ արյունահեղությունը պետք է դադարեցվի, և այս պատերազմը պետք է ավարտվի։ Մենք, ինչպես դուք, ցանկանում ենք ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա: Բայց նախ պետք է խոստովանել, որ Ուկրաինային վերադարձնելը իր 2014 թվականից առաջ առկա սահմաններին, անիրատեսական նպատակ է։ Այդ պատրանքային նպատակի հետապնդումը միայն կերկարացնի պատերազմը և ավելի շատ տառապանքներ կբերի»:
Հեգսեթն ընդգծել է, որ տևական խաղաղությունը պահանջում է «անվտանգության վստահելի երաշխիքներ, որպեսզի նորից պատերազմ չսկսվի», սակայն «ԱՄՆ-ն չի հավատում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ բանակցային կարգավորման իրատեսական արդյունք կարող է լինել»:
Անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն «կարող եվրոպական և ոչ եվրոպական ուժերը»` ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։
«Եթե այդ զորքերը պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն մեկնել Ուկրաինա՝ որպես խաղաղապահներ, ապա դրանք պետք է դուրս լինեն ՆԱՏՕ-ի առաքելություններից, և նրանց վրա չպետք է տարածվի [ալյանսի պայմանագրի] 5-րդ հոդվածը»,- ասել է Հեգսեթը:
Նա նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի գծով Վաշինգտոնի դաշնակիցներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Եվրոպայի անվտանգության համար:
Քաղաքական հետազոտությունների «Պենտա» կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն «Ամերիկայի ձայնի» հետ զրուցում կարծիք է հայտնել, որ Պենտագոնի ղեկավարի ելույթի հիմնական կետերն ամենևին էլ անսպասելի չէին, և Փիթ Հեգսեթն արտահայտել է կանխատեսելի դիրքորոշում:
«Գուցե, ոմանց համար` [Ուկրաինայում], չափազանց կոշտ և կատեգորիկ հնչեց: – Հավանաբար, հենց դա էլ ստեղծեց սառը ցնցուղի էֆեկտ: Բովանդակային առումով նա նոր բան չասաց. Հեգսեթը պարզապես կրկնել է այն, ինչ ավելի վաղ քննարկել էր Թրամփի թիմը։ Համապատասխան հայտարարություններ են արվել այս հարցի շուրջ, գուցե մի փոքր ավելի մեղմ, դիվանագիտական ձևով։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի սառեցման անհրաժեշտությունը Թրամփի վաղեմի գաղափարներից է։ 1991 թվականի սահմանները ուղղակիորեն չէին նշվում, բայց ենթադրվում էր, որ դա ինքնին հասկանալի բան է, որովհետև նրանք խոսում էին գոյություն ունեցող առաջնագծի երկայնքով հրադադարի մասին։ Այսինքն՝ ենթադրվում էր, որ [Ռուսաստանի կողմից] օկուպացված տարածքների ազատագրման մասին խոսք չի լինելու»,- նշել է մեր զրուցակիցը։
Ֆեսենկոյի կարծիքով՝ Կիևը պետք է հաշվի առնի Հեգսեթի դիրքորոշումը և մշակի համապատասխան մարտավարություն:
«Դա, հավանաբար, մեր պաշտպանության նախարար [Ռուստեմ] Ումերովի խնդիրն է՝ փորձել նրա հետ ընդհանուր լեզու գտնել և քիչ թե շատ նորմալ հաղորդակցություն կառուցել։ Բայց պարզ է, որ Թրամփն է կայացնելու հիմնական որոշումները։ Ուստի, հիմնական աշխատանքն դեռ առջևում է»,- ասել է նա:
«Մեզ հիմա ամենից շատ անհանգստացնում է այլ բան։ Թրամփն հայտնել է Պուտինի հետ իր զրույցի մասին՝ Վիտկոֆի Մոսկվա կատարած այցից հետո։ Սա խոսում է բանակցությունների նոր ալիքի ի հայտ գալու մասին։ Մեզ մտահոգում է, թե հիմա ինչպես կզարգանա բանակցային գործընթացը։ Սա շատ ավելի կարևոր է։ Պետք է հասկանանք, թե Թրամփը վերջնական ինչ դիրքորոշում կորդեգրի երկու կողմերի զիջումների միջև հավասարակշռության հարցում, ինչ գնով կկարողանա Պուտինին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Կարևոր է, որ այն չլինի Ուկրաինայի կողմից միակողմանի զիջումների գնով»,- շարունակել է Վլադիմիր Ֆեսենկոն:
«Երրորդ հատված» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարևն, իր հերթին, կարծում է, որ Հեգսեթի հայտարարության որոշ հատվածներ կօգտագործվեն ռուսական քարոզչամեքենայի կողմից:
«Գլխավորն այն է, որ դա միայն նրա դիրքորոշումը չէ: Նրան, ըստ էության, կրկնեց ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ [Կիև կատարած այցի ժամանակ]: Այո, պարզ է, որ Թրամփը մտադիր է արագ ավարտել պատերազմը։ Բայց դրան վերջ դնելու ողջ ցանկությամբ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ շտապելը տեղին չէ բոլոր հանգամանքներում։ Հեգսեթի հիմնական ուղերձն այն էր, որ արյունահեղությունը պետք է դադարեցվի: Դրա հետ ոչ ոք չի վիճում։ Այժմ՝ Թրամփի բանագնացի ելույթի ընդհանուր համատեքստում, հարցի նման ձևակերպումը բավականին սուր պատմական հիշողություններ է առաջացնում, օրինակ՝ կապված Աֆղանստանի և Վիետնամի պատերազմների ավարտի հետ»,- նշել է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը։
Զոլոտարևը հիշեցրել է Հեգսեթի խոսքերը 1991 թվականի սահմաններին վերադառնալու անիրատեսականության մասին:
«Այս իրավիճակում մենք պետք է համաձայնվենք սրա հետ։ Բացի այդ, Պենտագոնի նոր ղեկավարը բացառել է ամերիկացի խաղաղապահների մասնակցությունը կարգավորման գործընթացին և ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառումը՝ [սրացման դեպքում]։ Միացյալ Նահանգները նախընտրեց հեռու մնալ հնարավոր հակամարտությունից: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթները սառեցվել են: Ավելին, մենք ոչ մի խոսք չենք լսել ռուսական ագրեսիայի դատապարտման մասին...։ Սա մերժում է {Վաշինգտոնի] այն առանցքային դիրքորոշումը, որը, ըստ Ջո Բայդենի թիմի, պետք է մնա անփոփոխ»,- ասել է «Երրորդ հատվածի» ղեկավարը։
Հեգսեթը հերքել է Ուկրաինային աջակցություն տալուց հրաժարվելու մասին պնդումները՝ նշելով, թե ԱՄՆ-ն եղել ու շարունակում է մնալ Կիևի ամենամեծ դոնորը։
Թրամփը նույնպես հավաստիացրել է, թե ամերիկյան օգնությունը կշարունակվի, սակայն պահանջել է երաշխիքներ՝ ամերիկյան ներդրումների համար։
«Եվ նման խաղաղությունը կարող է հանգեցնել Ուկրաինայում շատ լուրջ քաղաքական ցնցումների։ Մտահոգ եմ, որ Թրամփի և Պուտինի հնարավոր համաձայնության արդյունքը կլինի իրերն իրենց անուններով կոչելը՝ Ուկրաինայի վերադարձը Ռուսաստանի քաղաքական ազդեցության գոտի»,- եզրափակել է Զոլոտարևը։