ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այս շաբաթ սպասվող բանակցությունների մասին։ Թրամփը նաև հաստատել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը մոտ ապագայում կայցելի Կիև։
Աելի վաղ The New York Post-ը տեղեկացրել էր Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։ Պարբերականի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, թե «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ» Ուկրաինայի պատերազմում։ Կրեմլը չի հաստատել, սակայն չի էլ հերքել խոսակցության մասին տեղեկությունը։
The New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը «սարսափելի» է անվանել պատերազմը՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում կավարտվի։ Նա բազմիցս նշել է պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին՝ խոսելով երկու կողմերի կրած զոհերի մեծ թվի մասին։
BBC-ն, համագործակցելով Mediazona-ի և կամավորների հետ, այս հունվարի վերջին տեղեկացրեց, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր սպանվել են առնվազն 90 հազար ռուսաստանցի զինվորականներ։ Ռազմական փորձագետների համոզմամբ՝ իրական թվերը կարող են կրկնակի բարձր լինել։ Արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ Ռուսաստանի ընդհանուր կորուստները՝ ներառյալ վիրավորները, կարող են հասնել 800 հազարի։ Թրամփը ևս օգտագործում է նմանատիպ թվեր։
Վաշինգտոնի նախաձեռնություններին ի պատասխան՝ Սերգեյ Ռյաբկովը, ով ԱՄՆ հետ հարաբերությունների գծով Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն է, նախօրեին հայտարարել է, որ նախագահ Պուտինի բոլոր պայմանները պետք է ամբողջությամբ կատարվեն մինչ պատերազմի ավարտը։
Զելենսկին, իր հերթին, շեշտել է, որ Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու Թրամփի ծրագիրը պետք է ոչ միայն դադարեցնի ռազմական գործողությունները, այլև լինի արդար և կանխի ռուսական հետագա ագրեսիան։
Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է. «Նա հստակ կերպով փոխանցում է իր ենթակաների միջոցով, օրինակ՝ Սերգեյ Ռյաբկովի։ Այո՛, Պուտինը կցանկանար, որ պատերազմն ավարտվեր, բայց միայն իր պայմաններով։ Սա է ողջ պատմությունը։ Քանի դեռ այս պահանջները չեն կատարվել, պատերազմը կշարունակվի, ինչի համար, բնականաբար, Կրեմլի տիրոջ տրամաբանությամբ, մեղավոր է Զելենսկին»։
Անցած տարվա ամռանը Պուտինը ներկայացրել էր պատերազմի դադարեցման իր նախապայմանները՝ պահանջելով Ուկրաինայից հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից և դուրս բերել ուկրաինական զորքերը Ուկրաինայի այն չորս մարզերից, որոնք Ռուսաստանը հավակնում է միացնել իրեն, սակայն մասամբ է օկուպացրել։
Օրեշկինի խոսքով՝ իրականում, Պուտինի վրա կարող է ազդել միայն անձնական իշխանությունը կորցնելու սպառնալիքը. «Նա շատ է վախենում նոր մոբիլիզացիայից։ Որովհետև 2022 թվականին «մասնակի» մոբիլիզացիայից հետո, ըստ պաշտոնական տվյալների, նրա աջակցությունը նվազեց 7 տոկոսային կետով, իսկ թե որքանով էր իրականում ընկել՝ հայտնի չէ։ Ուստի, որոշում կայացվեց գնել մարդկանց, ովքեր պատրաստ էին պայմանագրեր կնքել [Ռուսաստանի] պաշտպանության նախարարության հետ։ Այժմ, ըստ տեղեկությունների, զինվորականները, թնդանոթի միս չունենալով, կրկին մոբիլիզացիա են պահանջում։ Պուտինը առայժմ դեմ է, բայց ոչ այն պատճառով, որ խղճում է ժողովրդին, այլ որ, կրկնում եմ, վախենում է իր իշխանության համար։ Եվ եթե անձամբ նրան վտանգ չսպառնա, նա կսպանի ևս հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր հազար մարդ, ընդհանուր առմամբ, այնքան, որքան պետք է. այստեղ սահմաններ չկան»։
Այդուհանդերձ, Դմիտրի Օրեշկինը գտնում է, որ Պուտինը, ԱՄՆ ճնշման ներքո, վերջիվերջո ստիպված կլինի խաղաղության գնալ Ուկրաինայի հետ, և այժմ Ռուսաստանի ղեկավարն ուղղակի բլեֆի է դիմում՝ փորձելով առաջիկա բանակցություններում բարձրացնել գինը։
Քաղաքագետ Նատալյա Շավշուկովան «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե անիմաստ է ակնկալել, որ ռուսաստանցիների նկատմամբ Պուտինը կարեկցանք կցուցաբերի։
«Ընդհակառակը, Ռուսաստանի նախագահը բազմիցս ցույց է տվել իր հավատարմությունը պատերազմի խորհրդային մեթոդներին, ըստ որոնց իմաստ չունի խնայել զինվորներին ռազմաճակատում, միևնույն է «կանայք ծննդաբերելու են»։ Եվ հաշվի առնելով երկրում ժողովրդագրական վիճակը, նման մոտեցումը սպառնում է հանգեցնել աղետի։ Սակայն Ռուսաստանի կառավարիչներին, կարծես թե, դա այնքան էլ չի մտահոգում։ Ընդհանրապես, իմ կարծիքով, ապարդյուն է Արևմուտքին բնորոշ արժեքներով չափել Պուտինի գործողությունները»,- ասել է Շավշուկովան։
Քաղաքագետը դժվարացել է կանխատեսել՝ արդյո՞ք ռուսական բանակի ահռելի կորուստները Ուկրաինայի հետ պատերազմում կստիպեն երկրի ղեկավարին գնալ խաղաղության։ «Արտաքին նշաններ չկան, թե Կրեմլում փնտրտուքների մեջ են՝ ինչպես հասնել խաղաղության։ Թերևս, դա պայմանավորված է որոշ ուղղություններով [ռուսական] բանակի հարաբերական հաջողություններով և հնարավորինս շատ ուկրաինական տարածքներ անաղմուկ գրավելու ցանկությամբ։ Իսկ [Ռուսաստանում] իշխանությունների նկատմամբ պատշաճ ճնշում դեռ չկա»։
Շավշուկովան նշել է, որ նման իրավիճակի պատճառը նաև այն է, որ ներկայում ռուսական զինված ուժերը հավաքագրում են մարդկանց երկրի հիմնականում խուլ գավառներից։ Այնտեղ բնակիչները պատերազմը դիտարկում են որպես սոցիալական վերելքի և ընտանիքի համար գումար վաստակելու միակ հնարավորություն։
Մոսկվայում գործող «Լևադա» կենտրոնի վերջին հետազոտության համաձայն՝ ռուսաստանցիների անհանգստությունների շարքում ուկրաինական պատերազմը երկրորդ տեղում է։ Գների աճն մարդկանց անհանգստացնում է գրեթե կրկնակի անգամ ավելի շատ, իսկ քաղաքացիական իրավունքների և ազատությունների վիճակը մտահոգում է ընդամենը 3%-ին։