The Wall Street Journal-ի հետաքննության համաձայն՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի սկզբից Ռուսաստանի Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավարությունը ուղղակի հրահանգել է ենթականերին խոշտանգումներ և բռնություններ կիրառել ուկրաինացի բանտարկյալների նկատմամբ։ Հրապարակումը հիմնված է Ռուսաստանից փախած այդ ծառայության երեք նախկին աշխատակիցների, այդ թվում՝ մեկ բուժաշխատողի՝ Միջազգային քրեական դատարանին տրված ցուցմունքների վրա։
2024 թվականի նոյեմբերին Ուկրաինայում տեղի ունեցածի հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովը փաստաթուղթ հրապարակեց, որտեղ նշվում է, որ Ռուսաստանի իշխանություններն ու զինվորականները շարունակաբար խոշտանգումներ են կիրառել ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ներքո առկա բոլոր տարածքներում։
Օկուպացված տարածքներում բնակչության դեմ ահաբեկչության լայն կիրառման մասին վկայում են տուժածների և նրանց հարազատների ցուցմունքները, սոցիալական ցանցերի հրապարակումները և իրավապաշտպան կազմակերպությունների տվյալները։ Ուկրաինացի խաղաղ քաղաքացիներին անհիմն կալանավորում են՝ հատուկ ծառայությունների սոսկ կասկածանքի հիման վրա և ուղարկում կալանավայրեր՝ ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների։
Ուկրաինացի իրավապաշտպանների ոչ ամբողջական տվյալներով՝ նման բանտարկյալների թիվն անցել է 7 հազարը։ Ճշգրիտ թիվը հնարավոր չէ պարզել։ Ռուսական բանտերում նրանք զրկված են իրավունքներից, և տեղեկությունները սակավ են։ Շատերի ճակատագիրն անհայտ է, մարդիկ անհետանում են առանց հետքի։
Այս մասին պատմում է Activatica նախագծի «Բանտարկյալները» վավերագրական ֆիլմը։ Փետրվարի 13-ին ֆիլմը կցուցադրվի Ֆինլանդիայի խորհրդարանում, փետրվարի 20-ին՝ Փարիզի քաղաքապետարանում, իսկ ապրիլի 11-ին՝ ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում։
«Ամերիկայի ձայնը» զրուցել է Activatica.org պորտալի համակարգող Եվգենյա Չիրիկովայի հետ «Բանտարկյալներ» ֆիլմի և Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական իշխանությունների կառուցած զանգվածային տեռորի համակարգի մասին։
«Ամերիկայի ձայն»․ ««Բանտարկյալները» ֆիլմը քննադատները բնութագրում են որպես «սարսափ ֆիլմ»՝ առանց գեղարվեստական տարրերի։ Հարկ է ենթադրել՝ սա դեռ վերջը չէ՞»։
Եվգենյա Չիրիկովա. «Այո, մենք շարունակում ենք ուսումնասիրել ուկրաինացի քաղաքացիական բանտարկյալների խնդիրը և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում տիրող տեռորը։ Հետաքննում և ստուգում ենք մեզ հասած փաստերը, որոնք վկայում են, որ ռուսական բանակի գրաված տարածքներում ստեղծվել է տեղի բնակչության դեմ ուղղված տեռորի մի համակարգ։ Ակնհայտ է, որ [ռուսաստանցի] ուժայինները կիրառում են Չեչնիայում փորձարկված մեթոդները։ Մեր թիմի առաքելությունն է ստեղծել ապացուցողական ֆիլմ։ Ունենք անմիջական ապացույցներ և [տուժածների] հարազատների ցուցմունքներ, որոնց մերձավորներին առևանգել են տարբեր հանգամանքներում և պահում են կալանավայրերում՝ խոշտանգումների ներքո, կամ սպանել են արտադատական կարգով։ Մենք համագործակցում ենք նաև ռուսաստանցի և, բնականաբար, ուկրաինացի իրավապաշտպանների հետ, ովքեր մանրակրկիտ զբաղվում են այս խնդրով»։
«Ամերիկայի ձայն»․ «Արդյոք կա՞ վիճակագրություն, որը ցույց է տալիս ողբերգության մասշտաբները»։
Եվգենյա Չիրիկովա. «Խոսքը հազարավոր մարդկանց մասին է։ «Բանտարկյալները» ֆիլմի նկարահանման ժամանակ «Հրոմադսկե Սվոբոդայի» իրավապաշտպանները հաղորդում էին մոտ 7 հազար մարդու մասին, ովքեր այդ պահին բանտարկված էին Ռուսաստանի տարածքում։ Եվ ոչ ոք չգիտի, թե քանիսն են եղել և հիմա գտնվում օկուպացված տարածքների համակենտրոնացման ճամբարներում, քանի որ իրավապաշտպանները, բնականաբար, չեն կարող այնտեղ աշխատել։ Անհայտ է նաև բանտում մահացածների թիվը։ Այդպես պատահեց մեր ֆիլմի հերոսուհիներից մեկի՝ Տատյանա Պլաչկովայի հետ, ում Մելիտոպոլից առևանգել էին ամուսնու՝ Օլեգի հետ։ Պատրաստվում էինք Տատյանայի փոխանակմանը, բայց բանտում ծեծի ենթարկվելուց հետո նա կոմայի մեջ տեղափոխվեց Մելիտոպոլի հիվանդանոց, որտեղ էլ մահացավ։ Իսկ Օլեգի հետ կատարվածն անհայտ է, նա անհետացել է առանց հետքի։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ուկրաինացի մասնագետ Իվան Կոզլովին ֆիլտրացիայի ժամանակ կալանավորել և այնպես են խոշտանգել, որ նա փորձել է ինքնասպան լինել...։ Սա շատ երկար ցուցակ է։ Ցավոք, հնարավոր չէ ճշգրիտ նշել քաղաքացիական բանտարկյալների թիվը։ Պարզ է միայն, որ այն անշեղորեն աճում է»։
«Ամերիկայի ձայն»․ «Այս առումով ինչ-որ հույսեր կապվո՞ւմ են պատերազմի հնարավոր ավարտի հետ»։
Եվգենյա Չիրիկովա. «Իրավապաշտպանները մտահոգ են, որ համաշխարհային հանրությունը կանտեսի օկուպացված տարածքներում տեղի ունեցող իրական տեռորը։ Վտանգ կա, որ հրադադարը կօրինականացնի մի իրավիճակ, երբ ուկրաինացիներին կշարունակեն անպատիժ խոշտանգել և սպանել, առանց հիմնավորման բանտարկել, նրանց դեմ քրեական գործեր հարուցել։ Փաստորեն, ներկայում Ուկրաինայում էթնիկ զտումներ են իրականացվում։ Ես դա կանվանեի ցեղասպանություն։ Այնտեղ բացարձակապես սարսափելի բաներ են կատարվում, և ցավալի է, որ այդ մասին այդքան քիչ է խոսվում։ Անհրաժեշտ է ամեն տեղ բարձրաձայնել այս մասին»։
«Ամերիկայի ձայն»․ «Որքանո՞վ է արևմտյան հանդիսատեսը ծանոթ ձեր ֆիլմին»։
Եվգենյա Չիրիկովա. «Մենք հնարավորինս խթանում ենք [ֆիլմի] տարածումը։ Շատ երախտապարտ եմ իմ ընկերներին։ Ֆինլանդացի հակապատերազմական ակտիվիստ Իրինա Վեսիկկոն միջոցառում է կազմակերպում Ֆինլանդիայի խորհրդարանում, որտեղ կցուցադրվեն ֆիլմի հատվածներ։ «Ռուսի լիբերտեից» Օլգա Պրոկոպևան կազմակերպում է ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը Փարիզի քաղաքապետարանում։ Փոլին Զոմմերը երկրորդ անգամ է ներկայացնում ֆիլմը Ցյուրիխում։ Ամերիկացի հակապատերազմական ակտիվիստ Լեյք Միսիկին Վաշինգտոնի ինստիտուտում նախապատրաստում է «Բանտարկյալների» ցուցադրությունը։ Կարծում ենք՝ շատ կարևոր է ֆիլմի հանրային քննարկումը կազմակերպել հնարավորինս լայն շրջանակներում։ Եվ ես կոչ եմ անում բոլորին՝ խնդրում եմ, օգնեք մեզ այս հարցում, եկեք այս խնդրում ներգրավենք քաղաքական գործիչների և այլ մարդկանց։ Սա կլինի ահաբեկչության դադարեցման առաջին քայլը»։
«Ամերիկայի ձայն»․ «Ինչո՞վ է պայմանավորված օկուպացված ուկրաինական հողերում կատարվողը»։
Եվգենյա Չիրիկովա. «Մենք փորձեցինք հասկանալ այս ամենի տրամաբանությունը։ Սկզբում կարծում էինք, որ Պուտինի ռեժիմը ցանկանում է փոխանակման համար միջոց ստեղծել։ Բայց անվտանգության ուժերը ձերբակալում են ոչ միայն ակտիվություն ցուցաբերողներին, իրենց հարազատներին փրկել փորձողներին կամ կամավոր օգնություն՝ ջուր կամ սնունդ հասցնողներին։ Կարող են ձերբակալել նաև սովորական մարդկանց, որոնց տունը, օրինակ, դուր է եկել ռուս զինվորականներին։ Նման դեպքերը բազմաթիվ են։ Արդյունքում անմեղ տղամարդիկ, կանայք, նույնիսկ դեռահասներ հայտնվում են բանտում ինչ-որ մեկի անձնական շահերից ելնելով։ Մենք հասկացանք, որ սա քաղաքականություն է՝ ուղղված մարդկանց ահաբեկմանը, վախեցնելուն, որպեսզի բոլորը լռեն։ Սա ցեղասպանական գործելաոճ է՝ միտված ուկրաինացի ժողովրդին ստրկացնելուն։ Ես դա այլ կերպ չեմ կարող բնութագրել։ Ամենասարսափելի զուգահեռներն են միտս գալիս՝ նույնը տեղի ունեցավ նացիստական Գերմանիայում և Խորհրդային Միությունում։ Այդ պատճառով եմ Պուտինի Ռուսաստանը համարում համաշխարհային չարիք։ Սա պարզապես ագրեսիվ պատերազմ չէ. սա բռնապետության պատերազմն է նորմալ աշխարհի դեմ։ Այն պետք է անհապաղ դադարեցվի, ինչը հնարավոր է միայն ուկրաինական հողերը ռուս օկուպանտներից ազատագրելով։ Այլ ելք չկա։ «Զինադադարի» պարագայում տեռորը կշարունակվի»։
«Ամերիկայի ձայն»․ «Ոմանք ասում են, որ սա Պուտինի պատերազմն է: Բայց նա չէ, ով խոշտանգում է մարդկանց: Որտեղի՞ց են այսքան սադիստներ, որոնք սպասարկում են [Ռուսատանի] իշխանություններին»։
Եվգենյա Չիրիկովա. «Մենք էլ ինքներս մեզ տալիս ենք այս հարցը և փորձում ենք հասկանալ, թե ովքեր են այդ ոչ մարդկային մարդիկ, ովքեր իրենց համար ընտրում են այս տեսակի «աշխատանք»: Մարդկանց խոշտանգելը նրանց աշխատանքային օրվա մի մասն է, թեյի խմելու ընդմիջումների միջև ընկած աշխատանք: Եվ դրանք մեկ-երկու հազար չեն, որովհետև ռուսաստանյան կալանավայրերում խոշտանգումները վերևից ակնհայտ խրախուսվող համակարգ են։ Միաժամանակ ուկրաինացիների համար ստեղծվում են հատուկ համակենտրոնացման ճամբարներ, որտեղ պայմաններն ուղղակի անտանելի են։ Այն, ինչ մենք իմացանք մեր հետաքննությունն իրականացնելիս, սարսափելի է նույնիսկ կրկնելը: Հոսանքահարմամբ խոշտանգումն արդեն սովորական է։ Պարզեցինք, որ դահիճները ոչ թե հատուկ պատրաստված կադրեր են, այլ սովորական ռուսաստանցիներ։ Նրանք մտնում են համակարգ և աստիճանաբար դառնում դրա մի մասը՝ վերածվելով իսկական կենդանիների։ Ի դեպ, Գերմանիայում նույնպես փորձել են պարզել, թե ինչպես են համակենտրոնացման ճամբարները հնարավոր դարձել բարձր մշակույթ ունեցող երկրում, և որտեղից են եկել սադիստները՝ աշխատելու դրանցում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ ամենասովորական մարդը որոշում է աշխատել նման համակարգում, նա գնում է մինչև վերջ՝ իրեն արդարացնելով։ Ահա, թե ինչպես է աշխատում մարդու հոգեբանական կառուցվածքը։ Հավանաբար, շատերն իրենց արդարացնում են՝ ասելով, որ հրամաններ են կատարում և նման բաներ...։ Իհարկե, դա ռուս ժողովրդին բնորոշ հատկանիշ չէ։ Աստված մի արասցե։ Սա համակարգի սեփականությունն է, անկախ նրանից, թե որ երկրում է այն տեղակայված: Եվ այս մղձավանջը դադարեցնելու համար անհրաժեշտ է պուտինյան ռեժիմի պարտությունը։ Հակառակ դեպքում, նրա կամակատարները նոր տարածքներ կգրավեն, և, վստահեցնում եմ, թե՛ ուկրաինացիների, թե՛ այլազգիների շրջանում կգտնեն մեկին, ում խոշտանգում են»։
«Ամերիկայի ձայն»․ «Երբեմն թվում է, թե դահիճներին չի հետաքրքրում, թե ով է իրենց զոհը և ում են տանջում, լինի նա ուկրաինացի, թե ռուս... »։
Եվգենյա Չիրիկովա. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հրաման են նրանց տալիս։ Հիմնականում ում ասեն՝ խոշտանգել, նրան էլ խոշտանգելու են։ Այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ ուկրաինացի քաղաքացիական գերիների, ինչպես նաև ռազմագերիների հետ կապված իրավիճակը պարզապես աղաղակող է։ Քանի որ ռուսաստանցի բանտարկյալները մոտակայքում դեռ ունեն ընկերներ, հարազատներ, իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն, նրանք դեռ որոշակի տեսակցությունների իրավունք ունեն։ Մինչդեռ, ուկրաինացիները լիովին զրկված են այս ամենից։ Ավելին, նրանք հաճախ հայտնվում են մի իրավիճակում, երբ ոչ ոք ոչինչ չգիտի նրանց ճակատագրի մասին։ Մարդիկ պարզապես անհետանում են օդում։ Եվ սա, նկատեմ, մեր օրերում տեղի է ունենում Եվրոպայում»։