Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ կայցելեն Ուկրաինա։
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության կողմից հրապարակված տեսանյութում Զելենսկին ասել է, որ այցը տեղի կունենա այս շաբաթավերջին Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովից առաջ, որտեղ նա ասել է, որ նախատեսում է հանդիպել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Թրամփը, ով բազմիցս ասել է, որ ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, կիրակի ասաց, որ կարծում է, որ առաջընթաց է գրանցում այդ հարցում:
Զելենսկին կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում ասել է, որ արագ կարգավորման Թրամփի ծրագիրը ոչ միայն պետք է դադարեցնի պատերազմը Ուկրաինայում, այլև երաշխավորի, որ այլևս ռուսական ագրեսիա չի լինի։
Զելենսկին անցյալ շաբաթ ասաց, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը քննարկել է իրավիճակը Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլսի հետ, իսկ նախագահի թիմը զրուցել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։ Զելենսկին նաև ասել է, որ արդեն որոշված են ԱՄՆ պատվիրակության Ուկրաինա այցի աշխատանքային ժամկետները։
Անցյալ շաբաթ Քելլոգը հանդիպել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի հետ։ Իրենց առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Քելլոգն ու Մարկարովան «ընդարձակ քննարկում» ունեցան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Զելենսկին կրկնել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ։
«Եթե ես հասկանամ, որ Ամերիկան և Եվրոպան չեն լքի մեզ, կաջակցեն և անվտանգության երաշխիքներ կտան, ես պատրաստ կլինեմ բանակցությունների ցանկացած ձևաչափի»,- ասել է նա։