Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին ցույց է տալիս երբեմնի գաղտնի քարտեզը, ուր պատկերված են իր երկրի կարևոր և օգտակար հանածոներով լի հանքավայրերը:
«Այս ամենն անգին է, հսկայական գումարներ արժի: Հսկայական: Ահա թե ինչու մենք պետք է պաշտպանենք [դրանք]: Ուստի, եթե խոսում ենք համաձայնության մասին, դա այն է, ինչ ամերիկացիներն են ուզում, ապա եկեք հասնենք դրան»,- ասել է նախագահ Զելենսկին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բաց է բանակցությունների համար։
«Ցանկանում ենք համաձայնության հասնել Ուկրաինայի հետ, որի [արդյունքում] կապահովենք այն, ինչի շուրջ համաձայնության ձեռք կբերենք՝ հազվագյուտ հանքավայրերի և այլ բաների [վերաբերյալ]»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կիրակի կրկնել է նախագահի միտքը՝ վերսկսել ԱՄՆ օգնությունն Ուկրաինային՝ երկրի բնական ռեսուրսների դիմաց:
Ուկրաինայում առկա հազվագյուտ հանքանյութերը կարևոր են էլեկտրական շարժիչների և սպառողական էլեկտրոնիկայի արտադրության համար:
Զելենսկու խոսքով՝ իր երկրի բնական ռեսուրսների մոտ 20%-ը գտնվում է ռուսական օկուպացիայի ներքո։ Ուկրաինայի նախագահի ներկայացմամբ՝ Դնեպրի մարզը «շատ հարուստ» է նման հանքանյութերով և նախազգուշացնում է, որ եթե Ռուսաստանը վերահսկի այդ հանքավայրերը, կարող է դրանք մատակարարել ԱՄՆ հակառակորդներին՝ Իրանին ու Հյուսիսային Կորեային:
Ըստ էոըթյան, նման զարգացումը կանխելու համար ուկրաինական անօդաչուներն անդադար հարվածներ են հասցնում Դնեպր գետի երկայնքով առաջ շարժվել փորձող ռուսական օկուպացիոն ուժերին:
Զելենսկու խոսքով՝ Կրեմլում տեղյակ են կարևոր հանքավայրերի գտնվելու վայրերի մասին՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանի երկրաբանական հետազոտությունների արդյունքում:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Թրամփի հետ նաև քննարկել է ուկրաինական ստորգետնյա պահեստարաններում ամերիկյան հեղուկ բնական գազը տեղակայելու գաղափարը։
Ինչևէ, այս ամենի ֆոնին ռազմական գործողությունները չեն դադարում։ Թիրախում է նաև մայրաքաղաք Կիևը: Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներկայացմամբ՝ նախօրեին խոցել են գրոհող ռուսական 139 անօդաչուների գրեթե կեսը: Ավերածությունների կամ զոհերի մասին դեռ չի հաղորդվել:
Ուկրաինայի պատերազմին զուգահեռ՝ Եվրոպայում շարունակում են ընդլայնել ռազմական բյուջեները։ Օրինակ, գերմանացի օրենսդիրներն անցյալ տարի հավանություն տվեցին մոտ 107 միլիարդ դոլար պարունակող հատուկ հիմնադրամի ստեղծմանը՝ ուժեղացնելու երկրի զինված ուժերը:
Գերմանական բանակը ներկայում ունի մոտ 179 հազար զինվոր, և, ըստ Associated Press-ի, Բեռլինը մտադիր է մինչև 2031 թվականն այդ թիվը հասցնել 203 հազարի:
«Եվրոպայում իրավիճակը փոխվել է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Քանի որ հիմա փոխվում են երկրների սահմանները, և պետք է պատրաստվենք, գուցե, ապագա պատերազմին։ Ուստի, պետք է լրացնենք մեր պահուստները»,- ասում է նորակոչիկների դասընթացավար, լեյտենանտ Միգուելը:
Աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ այս շաբաթ հավաքվելու են Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովում՝ ի թիվս այլ հարցերի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը քննարկելու համար: Համաժողովը տևելու է փետրվարի 14-16-ը: