Մատչելի հղումներ

 
ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

Համաժողովի գլխավոր հարցն է Ուկրաինայի պատերազմն ու դրա խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԱՄՆ ծրագիրը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին ներկա է գտնվելու Մյունխենի անվտանգության համաժողովին՝ նախքան մերձավորարևելյան իր շրջագայությունը՝ այս մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը։

Գերատեսչության հաղորդագրությունից նաև տեղեկանում ենք, որ Մյունխենում Ռուբիոն նախատեսում է մասնակցել Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպմանը և ԱՄՆ գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

«Մյունխենում գլխավոր նպատակը մեր դիրքորոշումը հաստատելն է։ Թեև համաժողովը Եվրոպայում է, սակայն խոսքը միայն Եվրոպայի մասին չէ։ Այնտեղ հավաքվում են առաջնորդներ ողջ աշխարհից։ Բայց, իհարկե, բոլորի համար գլխավոր խնդիրը լինելու է Ուկրաինայի պատերազմը։ Նախագահ Թրամփը հասկացրել է, որ այս պատերազմը պետք է ավարտվի։ Նա սկսում է այս գաղափարի իրականացման լայն ծրագիր ձևակերպել, քանի որ հակամարտության դադարեցումը բխում է բոլոր կողմերի շահերից։ Կքննարկենք այդ հարցը արտգործնախարարների և [երկրների] այլ առաջնորդների հետ»,- ավելի վաղ՝ Patriot փոդքասթի շրջանակում ասել էր Մարկո Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է Մյունխենից ուղղություն վերցնել դեպի Մերձավոր Արևելք, և փետրվարի 15-18-ը կայցելի Իսրայել, Սաուդյան Արաբիա ու Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ռուբիոյի հանդիպումները օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ կոչված են նպաստելու տարածաշրջանում ԱՄՆ շահերի առաջմղմանը, համագործակցությանը և կայունության ու խաղաղության պահպանմանը:

Բանակցությունների ժամանակ կարևոր տեղ է հատկացվելու «Համասի» կողմից պահվող ամերիկացի և այլ երկրների քաղաքացի հանդիսացող պատանդների ազատ արձակման, Գազայում հրադադարի պահպանման, իրանական ռեժիմի և նրա հովանու ներքո գտնվող ուժերի ապակայունացնող գործողությունների դեմ պայքարի հարցերին։

XS
SM
MD
LG