Մատչելի հղումներ

Թրամփի թիմը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առևտրի նախարարի թեկնածու Հովարդ Լատնիկը։ Սպիտակ տուն, փետրվարի 10, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առևտրի նախարարի թեկնածու Հովարդ Լատնիկը։ Սպիտակ տուն, փետրվարի 10, 2025թ․։

Ովքե՞ր են ԱՄՆ 47-րդ նախագահի վարչակազմի առանցքային դերակատարները։

Ներկայացնում ենք այն մարդկանց, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է իր գլխավորած վարչակազմի առանցքային պաշտոններին։

Թրամփի թիմը
please wait
Embed

No media source currently available

0:00 0:24:56 0:00


ԱՄՆ պետքարտուղար
Մարկո Ռուբիոն կուբայական ծագմամբ երկրորդ սերնդի ամերիկացի է, ով ընտրվեց ԱՄՆ Սենատ՝ հանրահայտ «Թեյախմության» շարժման աջակցությամբ։ Ռուբիոն առաջադրվել էր երկրի նախագահի պաշտոնի համար 2016 թվականին և Թրամփի սուր քննադատն էր, սակայն հետագայում իր աջակցությունը հայտնեց ԱՄՆ ներկայիս նախագահին: Համարվում է ավանդական հանրապետական։ Նախկինում աշխատել է դեմոկրատների հետ՝ ներգաղթի բարեփոխումների օրենսդրության շուրջ և աջակցում էր ակտիվ արտաքին քաղաքականության վարմանը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն, փետրվարի 6, 2025թ․։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն, փետրվարի 6, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2011-2025 թվականներին եղել է ԱՄՆ սենատոր Ֆլորիդա նահանգից։ Մինչ այդ՝ 2000-2008 թվականներին Ֆլորիդայի նահանգային Ներկայացուցիչների տան անդամ էր։

Պետքարտուղարության գործառույթները
ԱՄՆ Պետքարտուղարությունը պատասխանատու է երկրի արտաքին քաղաքականության վարման համար: Հիմնադրվել է դեռ 1789 թվականին։


ԱՄՆ պաշտպանության նախարար
Մարտական գործողությունների վետերան, նախարար Փիթ Հեգսեթը կողմ է ավելի կոշտ ռազմական քաղաքականության իրականացմանը: Նախկինում բազմիցս քննադատել է Պենտագոնի ղեկավարությանը՝ բազմազանության քաղաքականության առաջ մղման համար։ Նաև քննադատել է ՆԱՏՕ-ին՝ կասկածի տակ դնելով դաշինքի կարևորությունը և նշելով, թե այն չափից դուրս է կախված Միացյալ Նահանգներից:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Շտուտգարտ, Գերմանիա, փետրվարի 11, 2025թ․։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Շտուտգարտ, Գերմանիա, փետրվարի 11, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2017-2024 թվականներին եղել է Fox News-ի հաղորդավարը։ Մինչ այդ՝ 2007-2012 թվականներին, Vets for Freedom-ի գործադիր տնօրենն էր։

Մասնակցել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին։ Մինեսոտա նահանգի ազգային գվարդիայի անդամ էր։

Պաշտպանության նախարարության գործառույթները
ԱՄՆ պաշտպանության նախարարը զինված ուժերի հրամանատարության շղթայում նախագահից հետո երկրորդ մարդն է։ Կատարելով նույն գործառույթները, ինչ այլ երկրների պաշտպանության նախարարները՝ Պենտագոնի ղեկավարն է իրականացնում նաև ԱՄՆ ռազմա-արդյունաբերական քաղաքականությունը:

Հաստատման հետ կապված դժվարություններ
Հեգսեթը հավանություն է տվել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հայտնի հարձակմանը և արել հայտարարություններ, որոնք մեկնաբանվել են որպես աջակցություն աջամետ ուժերի իրականացրած քաղաքական բռնությանը: Ինչևէ, Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից՝ շնորհիվ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քվարկության։ Ի պաշտոնե Միացյալ Նահանգերի փոխնախագահը համարվում է Սենատի ղեկավար և կարող է քվեարկել։


ԱՄՆ գլխավոր դատախազ
Փեմ Բոնդին Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազն է: Եղել է Թրամփի փաստաբանական թիմի անդամ՝ նրա իմփիչմենթին վերաբերող առաջին դատավարության ժամանակ։ Ավելի քան 18 տարի աշխատել է որպես դատախազ և դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է Ֆլորիդայի գլխավոր դատախազի պաշտոնը: Թրամփի երկարամյա դաշնակից Բոնդին նաև աշխատել է «Նախևառաջ Ամերիկան» ինստիտուտում:

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Վաշինգտոն, հունվարի 15, 2025թ․։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Վաշինգտոն, հունվարի 15, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2011-2019 թվականներին եղել է Ֆլորիդայի գլխավոր դատախազ։

Գլխավոր դատախազի գործառույթները
ԱՄՆ-ում գլխավոր դատախազն է ղեկավարում Արդարադատության նախարարությունը և երկրի իրավապահ համակարգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է: Արդարադատության նախարարությունը զբաղվում է դաշնային հանցագործություններով և դատարաններում պաշտպանում դաշնային կառավարությանը:

Հաստատման հետ կապված դժվարություններ
Թրամփն առաջադրեց Բոնդիի թեկնածությունն այն բանից հետո, երբ նախկին թեկնածուն՝ Մեթ Գեյցը, անցած տարվա նոյեմբերի 21-ին ինքնաբացարկ հայտնեց։ Նրան մեղադրում էին անչափահասների սեռական թրաֆիքինգի և թմրանյութերի օգտագործման մեջ:


Ներքին գործերի նախարար
Բիզնեսում հաջող գործելուց հետո Դագ Բերգամը ընտրվեց Հյուսիսային Դակոտայի նահանգապետ և մասնակցում էր ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար 2024 թվականին հանրապետական կուսակցության ներսում սկիզբ առած պայքարին: Նա կոչ է արել ընդլայնել հանածո վառելիքի արդյունահանումը դաշնային հողերում, Մեքսիկայի հետ սահմանին տեղակայել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ, ստորագրել է իր ղեկավարած նահանգում աբորտներն արգելող օրինագիծ, չնայած դեմ էր նման արգելքի հաստատմանը ողջ երկրի մակարդակով։

ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգամը։ Վաշինգտոն, հունվարի 16, 2025թ․։
ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգամը։ Վաշինգտոն, հունվարի 16, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2016-2025 թվականներին եղել է Հյուսիսային Դակոտայի նահանգապետ։ Գլխավորել է Great Plains Software ընկերությունը:

Ներքին գործերի նախարարության գործառույթները
ԱՄՆ Ներքին գործերի նախարարությունը պատասխանատու է բնական ռեսուրսների և դաշնային հողերի կառավարման համար, ներառյալ ազգային պարկերի, ինչպիսիք են Yellowstone-ն ու Yosemite-ին: Նախարարության կազմում են Ազգային պարկերի ծառայությունը, Հնդկացիների գործերով բյուրոն, Հողերի կառավարման բյուրոն, Օվկիանոսի էներգիայի կառավարման բյուրոն և Ձկնային ռեսուրսների ու վայրի կենդանիների պահպանության ծառայությունը:


Առևտրի նախարար
Հովարդ Լատնիկը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Այն բանից հետո, երբ իր ղեկավարած ընկերության գրասենյակները հայտնվեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության թիրախում, սպանվեցին բազմաթիվ աշխատակիցներ, Լատնիկը սկսեց զբաղվել բարեգործությամբ՝ օգնելով զոհերի ընտանիքներին: Թրամփի քարոզարշավի հիմնական դոնորներից մեկը հանդիսանալով՝
Լատնիկը կողմ է հարկերը նվազեցնելուն և մաքսատուրքերը բարձրացնելուն։ Եղել է Թրամփի անցումային թիմի համանախագահը:

ԱՄՆ առևտրի նախարարի թեկնածու Հովարդ Լատնիկը։ Վաշինգտոն, հունվարի 29, 2025թ․։
ԱՄՆ առևտրի նախարարի թեկնածու Հովարդ Լատնիկը։ Վաշինգտոն, հունվարի 29, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
Cantor Fitzgerald-ի նախագահն ու գործադիր տնօրեն էր։ BCG Group-ի տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն:

Առևտրի նախարարության գործառույթները
Նախարարության նպատակն է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսական աճին և կայուն զարգացմանը: Առևտրի նախարարը վերահսկում է մի շարք գործակալություններ, այդ թվում՝ ԱՄՆ Մարդահամարի բյուրոն, Տնտեսական վերլուծության բյուրոն և Օվկիանոսային ու մթնոլորտային ուսումասիրությունների ազգային վարչությունը:


Առողջապահության և սոցիալական ծառայության նախարար
Ռոբերտ Քենեդի-կրտսերը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Երկարամյա բնապահպանական ակտիվիստ և Ամերիկայի ամենահայտնի քաղաքական ընտանիքներից մեկի անդամ Քենեդի-կրտսերը ի սկզբանե ձգտում էր դառնալ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, սակայն հետագայում առաջադրվեց որպես անկախ թենածու: Ավելի ուշ նա հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Թրամփի։ Քննադատում է, իր բառերով, ասած, ԱՄՆ դաշնային կառավարության չափից ավելի լայն լիազորությունները, ԱՄՆ ռազմական օգնությունը Ուկրաինային, բայց խստորեն աջակցում է Իսրայելին:

ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայության նախարար Ռոբերտ Քենեդի-կրտսերը։ Վաշինգտոն, փետրվարի 4, 2025թ․։
ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայության նախարար Ռոբերտ Քենեդի-կրտսերը։ Վաշինգտոն, փետրվարի 4, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
Բնապահպանական հարցերով իրավաբան, հրապարակախոս։

Առողջապահության և սոցիալական ծառայության նախարարության գործառույթները
Գերատեսչությունը պատասխանատու է հանրային առողջապահության համար: Այն ներառում է այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Սննդի և դեղերի վարչությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը և Medicare ու Medicaid առողջապահական ապահովագրությունների գծով ծառայություններ մատուցող կենտրոնները։

Հաստատման հետ կապված դժվարություններ
Քենեդի-կրտսերը հայտնի է դավադրապաշտական տեսությունների և ապատեղեկատվության տարածմամբ: Հանդես է եկել պատվաստումների դեմ:


Տրանսպորտի նախարար
Մինչ քաղաքական գործունեությամբ զբաղվելը Շոն Դաֆին հեռուստատեսային հաղորդավար էր: Որպես ԱՄՆ Կոնգրեսի անդամ՝ աշխատել է մի քանի հանձնաժողովներում և, ընդհանուր առմամբ, քվեարկել է ինչպես այլ հանրապետականները:

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։ Վաշինգտոն, հունվարի 30, 2025թ․։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։ Վաշինգտոն, հունվարի 30, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2023-2024 թվականներին եղել է Fox Business-ի հեռուստահաղորդավար։ 2011–2019 թվականներին եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ՝ Վիսկոնսին նահանգից։

Տրանսպորտի նախարարության գործառույթները
Տրանսպորտի նախարարությունը պատասխանատու է մայրուղիների, ավիաընկերությունների և երկաթուղու գործունեության համար: Նախարարության նպատակն է զարգացնել երկրի տրանսպորտային համակարգը։

Հաստատման հետ կապված դժվարություններ
Այն, որ Դաֆին դեմ է էլեկտրական մեքենաների արտադրությանը ցուցաբերվող պետական աջակցությանը, կարող է նրան հակասության մեջ դնել Իլոն Մասկի՝ Թրամփի մեկ այլ թիմակցի հետ, որի ընկերությունները, ինչպես հայտնի է, շահել են մի շարք պետական պատվերներ:


Էներգետիկայի նախարար
Քրիս Ռայթն իր աշխատանքային գործունեության ընթացքում՝ տևական ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ընկերության ղեկավարի պաշտոնը: Դեմ էր այն կանոնակարգերին, որոնք խոչընդոտ են հանածո վառելիքի արդյունահանմանը: Ակնկալվում է, որ հանդես կգա հիդրավլիկ ճեղքման միջոցով հանքարդյունաբերության նկատմամբ սահմանված բնապահպանական սահմանափակումների վերացման օգտին:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Վաշինգտոն, հունվարի 15, 2025թ․։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Վաշինգտոն, հունվարի 15, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
Liberty Energy ընկերության ղեկավարն էր։

Էներգետիկայի նախարարության գործառույթները
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն համակարգում է երկրի էներգետիկ քաղաքականությունը, խթանում էներգետիկ ոլորտին վերաբերող հետազոտություններն ու այդ ուղղությամբ զարգացումը: Նախարարության բյուջեի զգալի մասը ուղղվում է ԱՄՆ միջուկային զինանոցի անվտանգության ապահովմանը և միջուկային թափոնների վերամշակմանը։


Կրթության նախարար
Լինդա ՄըքՄահոնը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ՄըքՄահոնը գլխավորել է Փոքր բիզնեսի հարցերով վարչությունը։ Նա հայտնի է որպես ըմբշամարտի առաջխաղացմամբ զբաղվող World Wrestling Entertainment ընկերության ղեկավար: Կրթության ոլորտում Թրամփի հայտարարած նպատակներից է Կրթության նախարարության վերացումը, դպրոցական վաուչերային ծրագրերի ընդլայնումը, որը կմեծացնի ծնողների հնարավորությունները դպրոց ընտրելու հարցում:

ԱՄՆ կրթության նախարար Լինդա ՄըքՄահոնը։ Մար-ա-Լագո, Ֆլորիդա նահանգ, մարտի 29, 2019թ․։
ԱՄՆ կրթության նախարար Լինդա ՄըքՄահոնը։ Մար-ա-Լագո, Ֆլորիդա նահանգ, մարտի 29, 2019թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2017 - 2019 թվականներին գլխավորել է Փոքր բիզնեսի հարցերով վարչությունը։ Եղել է Կոնեկտիկուտ նահանգի Կրթական խորհրդի անդամ; World Wrestling Entertainment-ի համահիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը:

Կրթության նախարարության գործառույթները
Նախարարությունը սահմանում է ոլորտին վերաբերող պետական քաղաքականությունը, ղեկավարում և համակարգում է դաշնային կրթական ծրագրերի մեծ մասը: Սակայն այն չի հիմնում դպրոցներ կամ քոլեջներ, ոչ էլ մասնակցում է մասնավոր կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի և կրթական չափորոշիչների սահմանմանը:


Վետերանների հարցերով նախարար
ԱՄՆ Ներկայացուցիչների տուն ընտրվելով Միացյալ Նահանգների արևելյան՝ հանրապետականների ազդեցության ներքո գտնվող շրջաններից մեկից, Դագ Քոլինզը դեմ էր աբորտներին, միասեռականների ամուսնությանը, մատչելի բուժծառայություն ապահովող Obamacare ծրագրին, ինչպես նաև կլիմայի փոփոխությանը վերաբերող օրենսդրությանը: Նաև աջակցում էր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ջանքերը։

ԱՄՆ վետերանների հարցերով նախարար Դագ Քոլինզը։ Վաշինգտոն, հունվարի 21, 2025թ․։
ԱՄՆ վետերանների հարցերով նախարար Դագ Քոլինզը։ Վաշինգտոն, հունվարի 21, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2013-2021 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ՝ ընտրված Ջորջիա նահանգնից։ ԱՄՆ օդուժի պահեստազորի գնդապետ։

Վետերանների գործերի նախարարության գործառույթները
Նախարարությունն ԱՄՆ զինուժի վետերանների համար ապահովում է առողջապահական ծառայություն, նպաստներ և այլ աջակցություն: Գերատեսչությունում աշխատում է շուրջ 345 հազար մարդ՝ ողջ երկրում գործող հարյուրավոր հաստատություններում։


Ներքին անվտանգության նախարար
Հարավային Դակոտայի առաջին կին նահանգապետ Քրիստի Նոյեմը պահպանողական քաղաքականության կողմնակից է, ներառյալ՝ աբորտների արգելքի, զենք գնելու սահմանափակումները թեթևացնելու և Մեքսիկայի սահմանին Ազգային գվարդիա տեղակայելու հարցերում:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը։ Վաշինգտոն, հունվարի 25, 2025թ․։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը։ Վաշինգտոն, հունվարի 25, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2019 - 2025 թվականներին Հարավային Դակոտայի նահանգապետն էր։ 2011-2019 թվականներին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան անդամ՝ ընտրված Հարավային Դակոտայից։

Ներքին անվտանգության նախարարության գործառույթները
Նախարարությունը պատասխանատու է հանրային անվտանգության ապահովման համար: Անվտանգության գծով այլ պետական գործակալությունների հետ միասին այն պատասխանատու է ահաբեկչության դեմ պայքարի, սահմանների անվտանգության, ներգաղթի և մաքսային հսկողության, կիբեռանվտանգության և բնական աղետների հետևանքները վերացնելու համար:

Հաստատման հետ կապված դժվարություններ
Նոյեմը համարվում էր ԱՄՆ փոխնախագահի հավանական թեկնածու, սակայն նրա ինքնակենսագրականի որոշ հատվածների հրապարկվելը, շատերի գնահատամամբ, խաչ քաշեցին այդ հեռանկարի վրա։ Մասնավորապես, նա գրել էր, թե անձամբ է գնդակահարել իր շանը։


Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն
Նախկինում ԱՄՆ Կոնգրեսի ամենապահպանողական անդամներից մեկը՝ Ջոն Ռեթքլիֆը նախագահել է բազմաթիվ հանձնաժողովներ և ժամանակին դեմ էր Թրամփի իմփիչմենթին։ Ազգային հետախուզության տնօրեն նշանակվելուց հետո հաճախ չէր համաձայնվում ամերիկյան հետախուզական համայնքի ղեկավարների գնահատականների հետ։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։ Հունվարի 23, 2025թ․։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։ Հունվարի 23, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2020 - 2021 թվականներին եղել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն։ 2015-2020 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ՝ ընտրված Տեխաս նահանգից։

ԿՀՎ գործառույթները
Կենտրոնական հետախուզական վարչությունը Միացյալ Նահանգների արտաքին հետախուզական ծառայությունն է, որը ժողովում, մշակում և վերլուծում է երկրի ազգային անվտանգությանն առնչվող տեղեկատվություն ողջ աշխարհից: ԿՀՎ-ն չունի իրավապահ գործառույթներ, և երկրի ներսում գործում է սահմանափակ չափով:


Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար
Նյու յորքյան փաստաբան, պահպանողական հայացքների տեր Լի Զելդինը 2022 թվականին անհաջող ընտրապայքար է վարել Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի համար: Կոնգրեսում աշխատանքի ժամանակ դեմ էր միասեռականների ամուսնություններին և աբորտներին, կողմ էր հարկերի կրճատմանը և քվեարկել է բնապահպանական կանոնները թուլացնելու օգտին: Զելդինը Թրամփի հետևողական կողմնակիցն էր և դեմ էր նրա իմփիչմենթին:

ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար Լի Զելդինը։ Յունիոնդեյլ, Նյու Յորք նահանգ, սեպտեմբերի 18, 2024թ․։
ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար Լի Զելդինը։ Յունիոնդեյլ, Նյու Յորք նահանգ, սեպտեմբերի 18, 2024թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
ԱՄՆ բանակի պահեստազորի փոխգնդապետ է։ 2015-2023 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ՝ ընտրված Նյու Յորք նահանգից։ 2011-2014 թվականներին նույն նահանգի սենատոր։

Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության գործառույթները
Գործակալությունը ստեղծվել է 1970 թվականին՝ հանրային առողջության պաշտպանության և բնապահպանական համերկրային չափանիշները պահպանելու նպատակով: Նաև նպատակն է իրականացնել շրջակա միջավայրի գնահատում, հետազոտական ու կրթական աշխատանքներ, և Կոնգրեսի կողմից ընդունված բնապահպանական օրենքների կիրարկման վերահսկողություն:


Ազգային հետախուզության տնօրեն
Թուլսի Գաբարդը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Գաբարդը Ջո Բայդենի մրցակիցներից էր՝ ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատների թեկնածուն 2020 թվականին դառնալու համար։ Աստիճանաբար նա որդեգրեց աջակողմյան հայացքներ հատկապես սոցիալական հարցերի վերաբերյալ և, ի վերջո, աջակցեց Թրամփի թեկնածությանը ու 2024 թվականի հոկտեմբերին միացավ Հանրապետական կուսակցությանը:

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ Վաշինգտոն, հունվարի 30, 2025թ․։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ Վաշինգտոն, հունվարի 30, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
ԱՄՆ բանակի պահեստազորի փոխգնդապետ է։ 2013 - 2021 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ՝ ընտրված Հավայան կղզիներից։ Իրաքյան պատերազմի մասնակից՝ Հավայան կղզիների ազգային գվարդիայի կազմում:

Ազգային հետախուզության տնօրենի գործառույթները
Ազգային հետախուզության տնօրենը հետախուզության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն է։ Նրա նպատակն է համակարգել երկրի 16 հետախուզական ծառայությունների աշխատանքը։

Հաստատման հետ կապված դժվարություններ
Դեմ լինելով ԱՄՆ ռազմական միջամտությանը Ուկրաինայում և Սիրիայում՝ Գաբարդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին փաստացի աջակցող հայտարարություններ է արել։ Ի դեպ, վերջինիս հետ նա հանդիպել է 2017 թվականին՝ Սիրիա կատարած այցի ժամանակ։


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
Էլիզ Ստեֆանիկը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Ի սկզբանե չափավոր հանրապետական Ստեֆանիկը անցավ Թրամփի կողմնակիցների շարքը՝ դեմ արտահայտվելով նրա իմփիչմենթին և կողմ լինելով պնդումներին, թե 2020 թվականի ընտրությունները «գողացվել են»։ Նա ավելի ուշ գրավեց հանրային ուշադրությունը՝ Իսրայելին ցուցաբերած հրապարակային աջակցության համար։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էլիզ Ստեֆանիկը։ Վաշինգտոն, հունվարի 21, 2025թ․։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էլիզ Ստեֆանիկը։ Վաշինգտոն, հունվարի 21, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2015 - 2025 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ էր։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի գործառույթները
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ներկայացնում է Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Գլխավոր ասամբլեայի գրեթե բոլոր լիագումար նիստերին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկա է ավելի բարձր պաշտոնյա, օրինակ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կամ նախագահը:


Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար
Սյուզի Ուայլսը մեծ փորձ ունեցող քաղաքական խորհրդատու է: 1980-ականներից խորհրդատվություն է իրականացնում Հանրապետական կուսակցության քարոզարշավի հարցերում: Թրամփի 2016 և 2024 թվականների նախընտրական թիմերում հաջողությամբ գործելուց հետո դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը։ Արխիվային լուսանկար։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը։ Արխիվային լուսանկար։

Ի՞նչ փորձառություն ունի
Save America կոմիտեի ղեկավար։ Դոնալդ Թրամփի և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի նախընտրական արշավների ղեկավար:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը գլխավորում է Միացյալ Նահանգների նախագահի գործադիր գրասենյակը։ Նախագահի անունից ղեկավարում է կառավարության ամենօրյա գործունեությունը: Ղեկավարի պարտականությունները ներառում են նախագահի և տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների միջև հաղորդակցությունների կառավարումն ու համակարգումը:


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական
Մայքլ Ուոլցը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Ուոլցը Ջորջ Բուշի-կրտսերի վարչակազմում Պենտագոնում աշխատել է որպես քաղաքական հարցերով խորհրդական: Լինելով արտաքին քաղաքական հարցերի առնչությամբ Կոնգրեսում ամենից կոշտ դիրքորոշում ունեցող օրենսդիրներից մեկը՝ նա դեմ էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, կողմ է Չինաստանի նկատմամբ ավելի կտրուկ մոտեցմանը: Ի սկզբանե Ուոլցը կողմ էր Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնությանը, սակայն հետագայում դեմ քվեարկեց օգնության մի քանի փաթեթներին։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։ Վաշինգտոն, փետրվարի 4, 2025թ․։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։ Վաշինգտոն, փետրվարի 4, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
Ֆլորիդայի ազգային գվարդիայի պահեստազորի գնդապետ է։ 2019-2025 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ՝ ընտրված Ֆլորիդայից։

Ազգային անվտանգության խորհրդականի գործառույթները
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ծառայում է որպես նախագահի ավագ խորհրդական ազգային անվտանգության հարցերով, անդամակցում է Ազգային անվտանգության խորհրդին և Ներքին անվտանգության խորհրդին, համագործակցում է Պետքարտուղարության ու Պենտագոնի հետ, վերահսկում է նախագահին ուղղված տեղեկատվության հոսքը:


Իրավական հարցերով Սպիտակ տան խորհրդատու
Դեյվիդ Ուորինգթոնը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Ուորինգթոնը մասնագիտացած է ընտրական օրենսդրության մեջ և ներկայացնում էր Թրամփին Կոնգրեսի հանձնաժողովի առջև, որը հետաքննում էր 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը:

Ի՞նչ փորձառություն ունի
Թրամփի 2024 թվականի նախընտրական արշավի գլխավոր խորհրդականն էր։ 2019-2020 թվականներին Հանրապետական իրավաբանների ազգային ասոցիացիայի նախագահ։ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոն Փոլի 2012 թվականի նախընտրական թիմի գլխավոր խորհրդականն էր:

Սպիտակ տան իրավախորհրդատուի պարտականությունները
Նրա գործն է գնահատական ներկայացնել, խորհրդատվություն մատուցել նախագահի սեղանին դրվող իրավական բոլոր հարցերի առնչությամբ, Սպիտակ տան և Արդարադատության նախարարության կապող օղակն է:


Կառավարության արդյունավետության նախարարություն
Իլոն Մասկը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։ Հիմնել և ղեկավարել է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ։ Ի սկզբանե քննադատում էր Թրամփի դիրքորոշումը, օրինակ՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ, նրա առաջին նախագահության ընթացքում, սակայն այնուհետև դարձավ Թրամփի կողմնակիցը:

ԱՄՆ Կառավարության արդյունավետության նախարարության ղեկավար Իլոն Մասկը։ Վաշինգտոն, դեկտեմբերի 5, 2024թ․։
ԱՄՆ Կառավարության արդյունավետության նախարարության ղեկավար Իլոն Մասկը։ Վաշինգտոն, դեկտեմբերի 5, 2024թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
Tesla և SpaceX ընկերությունների գլխավոր տնօրեն էր, X-ի սեփականատերը, The Boring Company-ի, Neuralink-ի, xAI-ի և PayPal-ի հիմնադիրը:

Կառավարության արդյունավետության նախարարության գործառույթները
Ի սկզբանե գերատեսչությունը ներկայացվում էր որպես ԱՄՆ կառավարությունից դուրս գործող խորհրդատվական մարմին, որը պետք է առաջարկություններ ներկայացներ, թե ինչպես կարելի է կրճատել պետական ծախսերը և կանոնակարգել աշխատանքը: Բայց այժմ այն փոխարինել է ԱՄՆ Թվային ծառայությունների գործակալությանը, որը Սպիտակ տան Վարչական և բյուջետային վարչության մասն է ու պատասխանատու է պետական տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականացման համար:


Ֆինանսների նախարար
Սքոթ Բեսենթն իր կարողությունը վաստակել է որպես ներդրումային հիմնադրամի կառավարիչ: Նա թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների նախընտրական արշավների խոշոր նվիրատուն էր։ Պաշտոնում հաստատվելուց հետո Թրամփի վարչակազմում դարձավ ԼԳԲՏՔ+ համայնքը ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյան:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Վաշինգտոն, հունվարի 16, 2025թ․։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Վաշինգտոն, հունվարի 16, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2015 թվականին հիմնադրել է Key Square Group ներդրումային ընկերությունը։ 2011-2015 թվականներին Soros Fund Management-ի գլխավոր ներդրումային տնօրենն էր։

Ֆինանսների նախարարության գործառույթները
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերահսկում է դաշնային ֆինանսական բոլոր գործառնությունները՝ սկսած բանկերի լիցենզավորումից և պետական պարտքի կառավարումից մինչև հարկաբյուջետային քաղաքականության սահմանում: Նախարաության կազմում են Միացյալ Նահանգների Դրամահատարանը և Փորագրության ու տպագրության բյուրոն, որոնք թողարկում են ազգային արժույթը՝ դոլարը, ինչպես նաև՝ Ներքին եկամուտների ծառայությունը, որը պատասխանատու է հարկերի հավաքագրման համար:


Բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարար
Ամերիկյան ֆուտբոլում կարիերայից հետո Սքոթ Թերները քաղաքականություն մտավ որպես հանրապետական: Նա նաև, այսպես կոչված, մոտիվացնող բանախոս էր: Թերներն առաջին աֆրոամերիկացին է, ով դարձավ Թրամփի կառավարության անդամ:

ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարար Սքոթ Թերները։ Վաշինգտոն, հունվարի 16, 2025թ․։
ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարար Սքոթ Թերները։ Վաշինգտոն, հունվարի 16, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2019 - 2021 թվականներին ղեկավարել է Սպիտակ տան Հնարավորությունների և վերակենդանացման խորհուրդը։ 2013 - 2017 թվականներին Տեխաս նահանգի Ներկայացուցիչների տան անդամ էր։ 1995-2004 թվականներին Ամերիկայի ազգային ֆուտբոլային լիգայի՝ NFL-ի խաղացող։

Բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարության գործառույթները
Գերատեսչությունը իրականացնում է բնակարանաշինության ոլորտում ԱՄՆ կառավարության քաղաքականությունը՝ տրամադրելով ֆինանսավորում և սուբսիդիաներ՝ սոցիալական ու մատչելի բնակարանների կառուցման համար:


Գյուղատնտեսության նախարար
Բրուք Ռոլինսը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Նա գյուղատնտեսության ոլորտում գործելու փորձ ունեցող իրավաբան է, աշխատել է Թրամփի առաջին վարչակազմում: Հետագայում դարձավ վերլուծական կենտրոնի համահիմնադիր: Ռոլինսը համարվում է ավանդական հանրապետական, քան Թրամփի շատ այլ թիմակիցներ:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարի թեկնածու Բրուք Ռոլինսը։ Վաշինգտոն, հունվարի 23, 2025թ․։
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարի թեկնածու Բրուք Ռոլինսը։ Վաշինգտոն, հունվարի 23, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2021 թվականին ստեղծված «Նախևառաջ Ամերիկան» ինստիտուտի համահիմնադիրն է ու տնօրենն էր։ 2020 - 2021 թվականներին Ներքին քաղաքականության խորհրդի ղեկավարի պաշտոնակատարն էր։

Գյուղատնտեսության նախարարության գործառույթները
Այն պատասխանատու է ԱՄՆ կառավարության քաղաքականության մշակման ու իրականացման համար՝ գյուղատնտեսական արտադրության, առևտրի, պարենային անվտանգության, բնական ռեսուրսների կառավարման ուղղություններում: Նախարարության ամենամեծ ստորաբաժանումը ԱՄՆ Անտառային ծառայությունն է, որը կառավարում է երկրի անտառները և խոտածածկ տարածքները:


Աշխատանքի նախարար
Լորի Չավես-ԴեՌեմերը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Համարվում է չափավոր հանրապետական և աշխատել է դեմոկրատների հետ՝ համահեղինակելով մարիխուանայի մասին օրենքների բարեփոխումները և արհմիությունների իրավունքները ընդլայնելու վերաբերյալ օրինագծերը:

ԱՄՆ աշխատանքի նախարար Լորի Չավես-ԴեՌեմերը։ Վաշինգտոն, հունվարի 14, 2025թ․։
ԱՄՆ աշխատանքի նախարար Լորի Չավես-ԴեՌեմերը։ Վաշինգտոն, հունվարի 14, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2023 թվականից ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ էր՝ Օրեգոնից։ Նույն նահանգի Հեփի Վելիի քաղաքապետ՝ 2011-2019 թվականներին։

Աշխատանքի նախարարության գործառույթները
Պատասխանատու է աշխատանքային անվտանգությանն ու աշխատավարձերի ստանդարտների պահպանմանը, գործազրկության նպաստի ու կենսաթոշի վճարմանը վերաբերող օրենքների կատարումը վերահսկելու համար։


Փոքր բիզնեսի հարցերով վարչության ղեկավար
Քելլի Լոֆլերը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Ֆինանսական ծառայություններ մատուցող Bakkt ընկերության ղեկավար Լոֆլերը դարձավ Սենատի անդամ և ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի ամենահարուստ ներկայացուցիչն էր: Լոֆլերը Թրամփի հիմնական դոնորներից էր:

Փոքր բիզնեսի հարցերով վարչության ղեկավարի թեկնածու Քելլի Լոֆլերը։ Վաշինգտոն, հունվարի 29, 2025թ․։
Փոքր բիզնեսի հարցերով վարչության ղեկավարի թեկնածու Քելլի Լոֆլերը։ Վաշինգտոն, հունվարի 29, 2025թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2020 - 2021 թվականներին Սենատի անդամ՝ Ջորջիա նահանգից։ 2018-2019 թվականներին Bakkt ընկերության ղեկավար։ 2002 - 2018 թվականներին Intercontinental Exchange ընկերությունում հաղորդակցության և մարքեթինգի գծով մասնագետ։

Փոքր բիզնեսի հարցերով վարչության գործառույթները
Գերատեսչության նպատակն է խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ տրամադրելով նաև պետական երաշխիքներ փոքր բիզնեսի համար նախատեսված վարկերին և հատկացնելով դրամաշնորհներ:


ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
Մեթյու Ուիթաքերը դեռ չի հաստատվել Սենատի կողմից։

Թրամփի նախագահության առաջին ժամկետում Ուիթաքերը նշանակվել է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ջեֆ Սեշնսին աշխատանքից հեռացնելուց հետո։ Նա քննադատում էր դաշնային հետաքննությունը՝ 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Ուիթաքերը։ Վաշինգտոն, փետրվարի 8, 2019թ․։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Ուիթաքերը։ Վաշինգտոն, փետրվարի 8, 2019թ․։

Ի՞նչ փորձառություն ունի
2018 – 2019 թվականներին Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի պաշտոնակատար։ 2004-2009 թվականներին ԱՄՆ Այովա նահանգի Հարավային շրջանի դատախազ։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի գործառույթները
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը գլխավորում է ԱՄՆ առաքելությունը դաշինքում և ունի դեսպանի կարգավիճակ, ներկայացնում է Վաշինգտոնը Հյուսիսատլանտյան խորհրդում՝ ՆԱՏՕ-ում հիմնական որոշումները կայացնող մարմնում:

XS
SM
MD
LG