Մատչելի հղումներ

ԱՄՆ պետական ապարատը կրճատելու նախորդ նախագահների փորձերը և դրանց հետևանքները


Դոնալդ Թրամփը, Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին
Դոնալդ Թրամփը, Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է կրճատել պետական ծախսերը։ Ինչպես հայտնի է, նա հանձնարարել է մեծահարուստ գործարարներ Իլոն Մասկին և Վիվեկ Ռամասվամիին ղեկավարել Կառավարության արդյունավետության նախարարությունը: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարները ևս փորձել են կրճատել պետական ծախսերը:

Հայտնի են միլիարդատեր գործարար Իլոն Մասկի՝ Թրամփի գալիք վարչակազմի օրոք ստեղծվելիք Կառավարության արդյունավետության նախարարության (DOGE) ղեկավարներից մեկի, խոսքերը, թե մտադիր է տարեկան 2 տրիլիոն դոլարով կրճատել ԱՄՆ պետական ծախսերը, ինչը նշանակալի թիվ է, եթե նկատի առնենք, որ 2025 ֆինանսական տարվա համար Միացյալ Նահանգների պետբյուջեն կազմում է մոտ 7,3 տրիլիոն դոլար։

Դաշնային ծախսերի երկու երրորդը պարտադիր է և ներառում է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են սոցիալական ապահովությունը և բժշկականը՝ Medicare-ը: Այսպես կոչված հայեցողական ծախսերը, որոնք ամեն տարի ընդունվում են օրենքի տեսքով՝ Կոնգրեսի քվեարկությամբ և ստորագրվում են երկրի նախագահի կողմից, հիմնականում ուղղվում են պաշտպանությանը:

Ինչևէ, առաջին անգամ չէ, որ Վաշինգտոնում խոստանում են կրճատել պետական ծախսերը:

«Հանրապետության հիմնադրման օրվանից նախագահները խոսում են կառավարության դերի կրճատման կամ նվազեցման մասին»,- ասում է պատմաբան Ջասթին Վոնը։

Սկսվեց Թոմաս Ջեֆերսոնից՝ Ամերիկայի երրորդ նախագահից, որը պաշտոնավարել է 1801-1809 թվականներին: Ջեֆերսոնը հավատարիմ էր կառավարության սահմանափակ դերի գաղափարին: Նա կրճատեց դաշնային աշխատակիցների թիվը՝ վերացնելով բազմաթիվ՝ անգամ ռազմական նշանակության պաշտոններ: Արդյունքում՝ պետական ծախսերը ժամանակավորապես կրճատվեցին։

1930-ականներին և 1940-ականներին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ընդլայնեց դաշնային աշխատուժը՝ նման կերպ պայքարելով տնտեսական անկման՝ «Մեծ դեպրեսիայի» դեմ: Նրա «Նոր կուրս» ծրագրի նպատակն էր օգնություն տրամադրել աղքատներին՝ միաժամանակ խթանելով տնտեսական վերականգնումը, և իրականացնել ֆինանսական բարեփոխումները: Պետության ֆինանսավորած աշխատատեղերը փակվեցին, երբ ճգնաժամն անցավ:

1980-ականներին Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց, թե խնդիրը կառավարության մեջ է: Նա ստեղծեց Գրեյսի հանձնաժողովը՝ առաջարկելով մոտ 150 գործարարներից բաղկացած խմբին օգնել իրեն բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը:

Թոմաս Շատցի ներկայացմամբ՝ պետական ծախսերը կրճատելուն ուղղված ջանքերը միլիարդավոր դոլարներ խնայեցին։

Այդուհանդերձ, որոշ պատմաբաններ ասում են, թե Ռեյգանի թողած ավելի երկարատև ազդեցությունն այն էր, որ հանրության շրջանում ամրապնդվեց կարծիքը, թե դաշնային կառավարությունը նվազ դեր պետք է ունենա պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

«Նախորդ դարում հանրության մեջ տեղի ունեցած փոփոխությունը վերաբերում էր իշխանության դերին»,- ասում է Ջասթին Վոնը։

1990-ականներին նախագահ Բիլ Քլինթոնն ևս հանդես եկավ նախաձեռնությամբ, թե պետք է մեծացնել կառավարության արդյունավետությունը։ Արդյունքը եղավ մոտ 300 հազար դաշնային աշխատատեղերի կրճատումը:

Իր առաջին ժամկետի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրեց փաստացի սառեցնել դաշնային աշխատանքի ընդունման գործընթացը և կրճատումներ իրականացրեց պետական մարմիններում: Այժմ հուսով է, որ նորաստեղծ՝ Կառավարության արդյունավետության նախարարությունը Իլոն Մասկի ու Վիվեկ Ռամասվամիի գլխավորությամբ կօգնի իրեն ավարտին հասցնել գործը:

Պատմաբան Ջեյմս Գրոսմանն ասում է. «Երբ բիզնես եք վարում, պատասխանատու եք ձեր բաժնետերերի առջև։ Ձեր նպատակն է գումար աշխատել: Երբ իշխանություն եք, պատասխանատու եք ժողովրդի առջև։ Բայց ձեր նպատակը փող աշխատելը չէ, ձեր նպատակը ծառայություններ մատուցելն ու երկիրը պաշտպանելն է»։Գրոսմանը շարունակում է. «Մասնավոր հատվածում շատ խարդախություններ և վատնումներ կան։ Ուստի, վստահ չեմ, որ գործարարները լավագույն մարդիկ են՝ կեղծիքների և վատնումների բացահայտման գործում»:Թեև կառավարությունը կրճատելու նախորդ փորձերը համեստ հաջողություն են ունեցել, սակայն դիտորդները նշում են, որ թվային դարաշրջանը կարող է դյուրացնել Թրամփի կառավարության գործը:

XS
SM
MD
LG