Մատչելի հղումներ

Թրամփը խոստացել է չեղարկել ԱՄՆ ծովափին մոտ՝ օֆշորային գոտիներում նավթի ու գազի նոր արդյունահանումներն արգելելու Բայդենի որոշումը


Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը
Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո չեղարկելու է Միացյալ Նահանգների ծովափին մոտ՝ օֆշորային գոտիներում նավթի ու գազի նոր արդյունահանումներն արգելելու Բայդենի որոշումը։

ԱՄՆ ափերին մոտ՝ ծովում, օֆշորային գոտիներում նավթի ու գազի նոր արդյունահանումից նախատեսվող օգուտը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի վտանգվի շրջակա միջավայրը, մարդկանց առողջությունն ու երկրի տնտեսությունը՝ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և ընդգծել, որ ԱՄՆ-ն շարժվում է դեպի մաքուր, կանաչ էներգիայի տնտեսություն:

Օրեր առաջ՝ հունվարի 6-ին, Բայդենը հայտարարեց 625 միլիոն ակր կամ ավելի քան 2,5 միլիոն քառակուսի կիլոմետր կազմող ԱՄՆ ափամերձ ջրերում նավթի ու գազի նոր հորատումներն արգելող իր որոշման մասին։

Որոշումը, փաստորեն, վերաբերում է ԱՄՆ ափամերձ ջրերի մեծ մասին:

«Անմիջապես կհանեմ այդ արգելքը»,- արձագանքել է նորընտիր նախագահ Թրամփը։

Սպիտակ տան գալիք ղեկավարը խոստացել է այդ անել անմիջապես, երբ հունվարի 20-ին կստանձնի պաշտոնը. «Հորատելու ենք շատ այլ վայրերում։ Էներգիայի ծախսերը կնվազեն»:

Սակայն իրավական գծով փորձագետների խոսքով՝ արգելքը չեղարկելը կարող է դյուրին գործ չլինել, քանզի այն կպահանջի Կոնգրեսի հավանությունը:

Բնապահպանների ներկայացմամբ՝ արգելքը կօգնի պայքարել կլիմայի փոփոխության դեմ:

Oil Change International կազմակերպության ղեկավարներից Ալի Ռոզենբլութն ասում է․ «Գիտությունն ապացուցել է, որ հանածո վառելիքի օգտագործման ցանկացած ընդլայնում անհամատեղելի է աշխարհում գլոբալ տաքացումը 1,5 աստիճանից ցածր ջերմաստիճանի պահելու մեր նպատակների հետ, իսկ դա այն շեմն է, որը սահմանվել է փարիզյան համաձայնագրով՝ անտառային հրդեհները, փոթորիկները և այլ կլիմայական աղետների աճը զսպելու համար»:

Թրամփն, ինչպես հայտնի է, քննադատական մոտեցում ունի կլիմայի փոփոխության դեմ ուղղված քայլերի վերաբերյալ, և նավթա-գազային ընկերությունները ողջունում են նրա այդ դիրքորոշումը։

Օվկիանոսային արդյունաբերության ազգային ասոցիացիայի նախագահ Էրիկ Միլիտոն նշում է․ «Գլոբալ տնտեսության պահանջարկը կազմում է օրական 100 միլիոն բարել, և եթե մենք չարտադրենք այդ էներգիան այստեղ՝ ԱՄՆ-ում, այն ինչ-որ տեղ կարտադրվի, և կարծում ենք, որ ունենք բարձր չափանիշներ, երբ խոսքը վերաբերում է բնապահպանությանը»։

Դյուկի համալսարանի ծովային կենսաբանության գծով պրոֆեսոր Էնդի Ռիդը ընդունում է, որ աշխարհին առայժմ նավթ է պետք. «Չենք կարող ակնթարթորեն անցնել էներգիայի ոչ ածխածնային աղբյուրների: Երկար ժամանակ կպահանջի, և եթե նույնիսկ հիմա ճոճանակը մի փոքր հետ է պտտվում, կարծում եմ, երկարաժամկետ հեռանկարը մեզ տանելու է դեպի էներգիայի ավելի մաքուր աղբյուրներ»:

Ըստ պրոֆեսորի՝ անցումը դեպի կանաչ էներգիա անխուսափելի է:

XS
SM
MD
LG