Միջուկային էներգիայի ոլորտում Հնդկաստանի հավակնությունների առջև այժմ ավելի քիչ խոչընդոտներ կան` Նյու Դելիում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Միացյալ Նահանգներն ավարտում է անհրաժեշտ քայլերը՝ վերացնելու այն արգելքները, որոնք խոչընդոտում էին քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցությունը Հնդկաստանի առաջատար միջուկային կազմակերպությունների և ամերիկյան ընկերությունների միջև: Պաշտոնական փաստաթղթերը շուտով ուժի մեջ կմտնեն, և սա հնարավորություն կտա շրջել էջը»,- հայտարարել է Սալիվանը:
Հնդկաստանում առկա նորմերը խնդրահարույց էին դիտվում ամերիկյան ընկերությունների համար, որոնք հույս ունեն մեծ ներդրումներ կատարել հնդկական էներգետիկ շուկայում։ Վթարների դեպքում այդ նորմերը պատասխանատվությունը դնում էին, օրինակ, ատոմակայաններ կառուցողների և տեխնոլոգիաների մատակարարների վրա:
Հայտնի է, որ նախորդ ամիսներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատելի ջանքեր է գործադրել՝ ամրապնդելու ամերիկա-հնդկական հարաբերությունները։ Անցած տարվա սեպտեմբերին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հյուրընկալվեց Վաշինգտոնում:
Դիտորդների խոսքով՝ Սալիվանի այցը Նյու Դելի ԱՄՆ ու Հնդկաստանի միջև նոր հարաբերությունների սկիզբ է դրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համագործակցությունը տիեզերքում և պաշտպանության ոլորտում, որոնք կարող են ԱՄՆ հաջորդ վարչակազմի համար լավ խթան հանդիսանալ։
Ընդ որում, ուշադրություն է գրավում, որ ամերիկա-հնդկական հարաբերությունների խորացմանը չկարողացավ խանգարել Նյու Դելիի փոխգործակցությունը Մոսկվայի հետ՝ ուկրաինական չմարող պատերազմի ֆոնին:
Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում Հնդկաստանի և Ասիայի հարցերով վերլուծաբան Ռիկ Ռոսովի խոսքով՝ Թրամփի ու Մոդիի լավ անձնական հարաբերությունները միայն կնպաստեն երկու երկրների կապերի խորացմանը, թեև տնտեսական փոխգործակցության ոլորտում սպասելի է որոշակի լարվածություն։
«Շատ ավելի մեծ ճնշում կլինի Հնդկաստանի վրա՝ ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնելու նպատակով՝ էներգակիրներ, ռազմական ապրանքներ, այն բաները, որոնց գնումը Հնդկաստանում վերահսկում է կառավարությունը: Տնտեսական մասով մի փոքր մտահոգ եմ: [Բայց] կարծում եմ, առաջիկա չորս տարիներին Հնդկաստանը ավելի լավ կգործի, քան մեր շատ այլ խոշոր գործընկերներ»,- ասել է վերլուծաբանը։