Մատչելի հղումներ

20-րդ դարի պատերազմների հետևանքները 21-րդ դարում


Ռուս պատվո պահակախումբը երթ է անցկացնում Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ժամանակ։
Ռուս պատվո պահակախումբը երթ է անցկացնում Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ժամանակ։

Փորձագետները քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմների ազդեցությունը Արևմուտքի և «Չինաստան-Ռուսաստան-Իրան առանցքի» երկրների հարաբերությունների վրա:

Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները քաղաքական անորոշության և անկայունության զգացողություն են առաջացնում ռազմաճակատներից շատ ավելի հեռու։ Քաղաքակրթության առջև կրկին ծառացել են լուրջ հարցեր՝ ապագայի վերաբերյալ։

Այս երկու թեժ կետերում տեղի ունեցող իրադարձությունները գնալով ավելի են խորացնում Արևմուտքի և, այսպես կոչված, գլոբալ հարավի երկրների միջև բաժանումը։

Կազմավորվում են նոր միջազգային դաշինքներ, վերանայվում են միություններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ձևավորում են իրական «չարիքի առանցք»։

Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված միջազգային ինստիտուտների ու սկզբունքների ամրությունը այսօր փորձության է ենթարկվում այս երկու պատերազմների ծանրության ներքո։

Մերձավոր Արևելքի խնդիրների, Ուկրաինայի և Ռուսաստանի գծով փորձագետները, ինչպես նաև չինագետները հավաքվել էին Վաշինգտոնում գործող Վուդրո Վիլսոնի կենտրոնում՝ քննարկելու այս երկու հակամարտությունների գլոբալ հետևանքները և դրանց ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա։

Ի՞նչ երկարաժամկետ հետևանքներ կունենան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելում տեղի ունեցած իրադարձությունները

«Իսրայելի և «Համասի» միջև պատերազմում ինձ իսկապես ապշեցնում է այն փաստը, որ այն ծավալվում է Նյու Ջերսի նահանգի չափ մի երկրում և Ֆիլադելֆիա քաղաքի չափ մի տարածքում, և, այդուհանդերձ, պատերազմի հետևանքները զգացվում են ողջ աշխարհում, և, կարծում եմ՝ դեռ երկար տարիներ կզգացվեն։ Նույնիսկ ՄԱԿ-ը՝ [այդ հակամարտության] ֆոնին, կարելի է ասել, հնացած կազմակերպություն է թվում բոլոր հարցերով, բացառությամբ մարդասիրական օգնության տրամադրման»,- նշել է Վուդրո Վիլսոնի կենտրոնի պատվավոր գիտաշխատող, «The New Yorker»-ի սյունակագիր Ռոբին Ռայթը, որի «Գազայի պատերազմի հինգ գլոբալ վտանգները» մեծ աղմուկ բարձրացրեց։

Իրաքում և Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի գծով հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին խնդրահարույց է համարում, որ «հակամարտություններ ծնող պետություններ են այսօր հանդիսանում Իրանը՝ Սիրիայում, Լիբանանում և պաղեստինյան ինքնավարություններում իր «ենթականերով», Ռուսաստանը՝ Ուկրաինայում, և Չինաստանը՝ Թայվանի նկատմամբ իր հավակնություններով»։

Այս ամենը, ըստ փորձագետի, «խարխլում է միջազգային կարգը»։

Ջեֆրին համոզված է, որ «Իսրայելի և «Համասի» (ԱՄՆ-ում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, ծնթ. խմբ.) միջև պատերազմը աշխարհաքաղաքական նոր խաղի մի մասն է՝ երկարաժամկետ հետևանքներով»։

«Եթե Իսրայելը համարում է, որ «Համասի» ոչնչացումը գոյութենաբանական անհրաժեշտություն է և իրագործելի, և այդ նպատակը սատարում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ամերիկացիների մի հոծ զանգված, ապա աշխարհի շատ երկրներում՝ Եվրոպայից մինչև Հնդկաստան և Արևելյան Ասիա, այլ մոտեցում ունեն խնդրի լուծմանը։ Մարդիկ այնտեղ խոսում են հրադադարի և պաղեստինյան պետություն ստեղծելու ճանապարհով հարցի փոխզիջումային լուծման մասին։ Իրականում, դա կնշանակի, որ Իրանը կստանա ևս մեկ խաղաքար՝ իր շախմատային պարտիայում, որը նա խաղարկում է արդեն ավելի քան 20 տարի՝ իրականում, դեմ լինելով պաղեստինա-իսրայելական հակամարտության ցանկացած լուծման, բացառությամբ՝ Իսրայել պետության ոչնչացման։ Մեջբերում եմ նրանց կարգախոսը՝ «[Հորդանան] գետից մինչև ծով Պաղեստինը ազատագրվելու է», ինչը նշանակում է, որ եթե ճանապարհին հայտնվում են հրեաներ, նրանց պետք է վերացնել»,- պարզաբանել է նա։

Ինչպե՞ս կարող է Իսրայել-«Համաս» առճակատումը փոխել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ընթացքը

Քենանի ինստիտուտի փոխտնօրեն Ջենիֆեր Վիստրանդը ցավով արձանագրել է, որ «կա հավանականություն, որ Ուկրաինային [ցուցաբերվող արևմտյան] ռազմական աջակցությունը կնվազի, քանի որ ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես, բևեռվել է Իսրայելի ուղղությամբ»։

Սակայն, ըստ փորձագետի, լավատեսություն է հարուցում այն, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «օրերս այցելել է Ուկրաինա, ուր հայտարարել է, թե Կիևին ռազմական լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի»։

«Ինչ վերաբերում է հումանիտար իրավիճակին, միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն ստիպված լինի Ուկրաինային տրամադրվող իր մարդասիրական օգնության մի մասը ուղղել Իսրայել և Գազայի հատված։ Սակայն մինչև այժմ ուկրաինացիներին հասցվող հումանիտար աջակցության մեծ մասը ստացվել է Եվրամիության երկրներից՝ Լեհաստանից ու Գերմանիան»,- ընդգծել է Վիստրանդը։

Հետազոտողի կարծիքով․ «Իսրայելի և «Համասի» միջև հակամարտությունը կարող է էապես փոխել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը միայն այն դեպքում, եթե հակամարտությունը շարունակվի երկար ժամանակ»։

«Ինչպես Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, անկասկած, ամրապնդեց Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, ինչպես նաև այդ դաշինքների անդամ պետությունների ցանկությունը՝ պահպանել Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված կանոնահեն աշխարհակարգը, այնպես էլ ԲՐԻՔՍ (անգլ.՝ BRICS - Brazil, Russia, India, China, South Africa, հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը) դաշինքն է ամրապնդվում և աճում։ Մենք գիտենք, որ հինգ կամ վեց անդամ երկրների ավելացման հարց է քննարկվել։ Սա տագնապալի միտում է»,- նշել է վերլուծաբանը՝ հավելելով, որ «իրավիճակը կարելի է անվանել բեկումնային», քանի որ «չնայած գլոբալ հարավի երկրներից շատերը չեն սատարել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության արդյունքում՝ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել ԲՐԻՔՍ-ի և այլ դաշինքների նկատմամբ»։

Որքանո՞վ է Չինաստանը մտահոգված Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով

Չինաստանի և ԱՄՆ-ի հարցերով Քիսինջերի ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Դեյլին նշել է, որ Չինաստանը «առավելագույն օգուտ է քաղում երկու պատերազմներից»։

«Չինաստանը կարող է ուղղակի սպասել։ Երկու դեպքում էլ նրանք պարտավոր չեն անմիջական մասնակցություն ունենալ։ Երկու պատերազմներում էլ Չինաստանը հանդես է գալու պոտենցիալ խաղաղարարի դիրքերից։ Դա նրանցից ջանք չի պահանջում։ Իսկ որպեսզի շարունակեն դանդաղորեն առաջ մղել կարգը փոխելու գաղափարները՝ ի հակակշիռ նրա, ինչին աջակցում է Արևմուտքը 1945 թվականից ի վեր, նրանք զարգացնում են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Եվ, կարծես, շատ կողմնակիցներ ունեն գլոբալ հարավում։ Չինաստանը կարող է մոբիլիզացնել այդ երկրները, որպեսզի նրանք քվեարկեն իր հետ միասին, ինչպես դա արեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի դեպքում»,- ասել է Դեյլին։

Նրա խոսքով, Չինաստանը «օգտագործում է ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Ուկրաինայի պատերազմը՝ համոզելու ոչ միայն իր ժողովրդին, այլև աշխարհում իր լսարանին», որ այս բոլոր «տարաձայնությունների աղբյուրները իրականում «բխում են Միացյալ Նահանգների գերիշխանությունից»։

Վերլուծաբանը չինամետ քարոզչության պատումը նկարագրել է հետևյալ կերպ. «Ըստ չինական վարկածի, Ուկրաինայի պատերազմը հետևանք է Արևելքում ԱՄՆ-ի և Եվրոպայի չափազանց շատ առաջխաղացման։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն իր ժողովրդին ներկայացնելիս՝ Չինաստանը վստահեցնում է, որ այդ ամենը սկսվել է ոչ թե այս հոկտեմբերի 7-ին, այլ Միջերկրական ծովով անցնող ամերիկյան ավիակիրների կադրերից հետո»։

Ընդ որում, փորձագետի խոսքով, Պեկինի քաղաքականությունը պայմանավորված է «Չինաստանի տնտեսական դժվարությունների խորացմամբ»։

«Սի Ծինփինին ամենից շատ անհանգստացնում է Միացյալ Նահանգների հետ մրցակցությունը, որը նա գոյութենաբանական սպառնալիք է համարում։ Չինաստանը համոզվել է, որ անկախ նրանից, թե ինչ են ասում Վաշինգտոնում, Պեկինի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ զսպումն է և Թայվանի անկախությանն աջակցելը։, և Չինաստանի համար ամենասարսափելի մղձավանջն է, եթե Ռուսաստանը շրջվի դեպի Եվրոպա ու Արևմուտք։ Եթե Չինաստանը այդ նկատի, կարող է սկսել սպառազինություն մատակարարել Ռուսաստանին, ինչը դեռ չի արել»,- ընդգծել է Դեյլին։

Չինագետի կարծիքով, Չինաստանը «համբերատար մոտեցում կցուցաբերի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի առնչությամբ»։

«Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Չինաստանի բանակցությունների արդյունքն իսկական նվեր էր Պեկինի համար։ Նրանք հավաքվեցին միասին և վերականգնեցին հարաբերությունները։ Այս երկու երկրները դա արեցին ոչ թե Չինաստանի կողմից կիրառված ինչ-որ դիվանագիտական հնարքի շնորհիվ, այլ «մատը Միացյալ Նահանգների աչքը խոթելու» համար։ Եվ այդ ֆոնին Չինաստանը ներկայանում է որպես խաղարարար»,- կարծում է Ռոբերտ Դեյլին։

Ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը, եթե Իսրայելը հաղթի «Համասին»

Դեյլիի կարծիքով, Թեհրանը կարող է գործել «ավելի զգույշ և զուսպ», քանի որ Իրանը «այն երկրներից մեկն է, որոնք պետք է հունվարից անդամակցեն ԲՐԻՔՍ-ին, ինչը Իսլամական Հանրապետությունում դիտվում է որպես աշխարհում իր լեգիտիմության և հեղինակության համար իսկապես կարևոր գործոն, որը կօգնի վերջ դնել իր վտարանդի կարգավիճակին գոնե գլոբալ հարավի երկրների շարքում»։

Ռոբին Ռայթը վստահ է, որ Իրանը կշարունակի այս կամ այն կերպ սատարել «Համասին»՝ անկախ այդ կազմակերպության հետպատերազմյան գործողություններից։

«Թեև առայժմ Իրանը, կարծես, որոշել է թույլ տալ «Համասին» «միայնակ պարտվել», Թեհրանը պատերազմն օգտագործում է մեկ այլ ճակատում՝ «Դաեշի» նոր հարձակում, հրամայելով Իրաքում և Սիրիայում իր վստահորդներին հարձակվել ամերիկյան ռազմակայնների վրա։ Այս ամենի համատեքստում վերջին շաբաթվա ամենատագնապալի զարգացումներից մեկը Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի և այլ գերատեսչությունների զգուշացումներն էին, որ այս հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո, ամերիկացիների համար ահաբեկչական սպառնալիքը բարձրացել է նոր մակարդակ»,- պարզաբանել է հետազոտողը։

«Մենք վերադարձանք այնտեղ, որտեղ գտնվում էինք ոչ թե 30 տարի առաջ, այլ 1970-ականներին, 1980-ականներին՝ բախվելով ահաբեկչության սպառնալիքին»,- հավելել է Ռայթը։

Որքա՞ն ժամանակ ԱՄՆ-ն և Արևմուտքը կկարողանան և կշարունակեն աջակցել Ուկրաինային

Ջենիֆեր Վիստրանդը վստահ է՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հաստատակամորեն կշարունակեն այդ անել։

Նա վկայաբերել է փոքր, բայց կարևոր օրինակ՝ կապված Ֆինլանդիայի հետ, որը «պատմականորեն ավելի ջերմ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, բայց ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո երկիրը փակում է Ռուսաստանի հետ չորս սահմանային անցակետերը»։

«Տեսեք, թե ինչպես Գերմանիան հրաժարվեց ռուսական էներգակիրների նկատմամբ կախվածությունից, և մյուս երկրները ժամանակի ընթացքում համոզվեցին, որ ճիշտ տարբերակը Գերմանիայի օրինակին հետևելն է»,-ընդգծել է փորձագետը։

Ի՞նչ դարաշրջան է սկսվում միջազգային հարաբերություններում

Ջեյմս Ջեֆրին կարծում է, որ «միջազգային զարգացումը կարող է ընթանալ նոր Սառը պատերազմի ուղով»։

«Հակառակորդների ցուցակը նույնն է՝ պարզապես առանց կոմունիստական գաղափարախոսության»,- նշել է նա։

Ռոբերտ Դեյլին լիովին կիսում է այս տեսակետը և ավելացնում. «Կայացած աշխարհակարգի հակառակորդներին միավորում է մեկ ցանկություն՝ թույլ չտալ, որ նրանց գործողությունները ձևավորվեն Միացյալ Նահանգների ազդեցության ներքո։ Նրանք ավելի շատ ուղիներ են գտնում, այդ թվում՝ տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության միջոցով, ըստ էության, դիմակայելու Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին, որոնք ձևավորում են գլոբալ օրակարգը։ Սա նշանակում է, որ իրականում վերջ է դրվում հավաքական գործողությունների հանդեպ հավատին։ Կարծում եմ, սա հենց այն է, ինչին ստիպված կլինենք հարմարվել։ Իսկ դա դժվար է լինելու՝ կախված նրանից, թե ինչ տեղի կունենա մեր ներքին քաղաքականության հետ»։

«Մենք ներքաշված ենք 20-րդ դարի հակամարտությունների մեջ և, կարծես, չենք կարող անցում կատարել 21-րդ դար։ Ամերիկյան ռազմավարության, մեր մտածողության, մեր պլանավորման տեսանկյունից՝ լինի դա ռազմական գործողություն, թե դիվանագիտություն, և քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, որը չորս տարին մեկ ընտրում է նոր ղեկավարություն, նախագահի համար շատ դժվար է մտածել երկարաժամկետ հեռանկարով»,- նշել է Ռոբին Ռայթը։

Մյուս կողմից, Ռայթը տնտեսական ոլորտում «Չինաստան-Ռուսաստան-Իրան» առանցքի հնարավոր պառակտում է նշմարում։

«Ռուսաստանն ու Իրանը մրցում են միմյանց հետ՝ Չինաստանին զեղչով նավթ վաճառելու հարցում, և հենց դա է նրանց ժամանակավոր միության փխրունությունը», եզրափակել է նա։

XS
SM
MD
LG