Մատչելի հղումներ

 
Թրամփը հայտարարել է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը 25% սահմանելու հավանականության մասին

Թրամփը հայտարարել է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը 25% սահմանելու հավանականության մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մար-ա-Լագո, Փալմ Բիչ, Ֆլորիդա նահանգ, փետրվարի 18, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մար-ա-Լագո, Փալմ Բիչ, Ֆլորիդա նահանգ, փետրվարի 18, 2025թ․։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ առևտրային գործընկերները կարող են խուսափել մաքսատուրքերից՝ ներդրումներ կատարելով Միացյալ Նահանգներում։

Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է ներկրվող ավտոմեքենաների նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու հավանականության մասին։ Սպիտակ տան ղեկավարը հնարավոր է համարել մաքսատուրքերի բարձրացումը նաև դեղագործական ոլորտի ապրանքների ու կիսահաղորդիչների նկատմամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Միացյալ Նահանգների խոշորագույն առևտրային գործընկերների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ընդգծելով, որ նման քայլը կօգնի վերացնել անարդար առևտուրը։

Վերջերս Սպիտակ տան ղեկավարը լրացուցիչ 10% մաքսատուրքեր սահմանեց Չինաստանից եկող բոլոր ապրանքների նկատմամբ, իսկ պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքը սահմանեց 25%։

Մար-ա-Լագոյում լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ ներմուծվող ավտոմեքենաների սակագները կկազմեն մոտ 25%:

Դեղագործական ապրանքների և չիպերի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ ցանկանում է ժամանակ տալ ընկերություններին իրենց գործունեությունը Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար՝ մանրամասնելով, թե իրեն դիմել են խոշոր ընկերություններ, որոնք ցանկանում են «վերադառնալ»:

Լիցքավորման կանգնած Tesla ավտոմեքենան։ Վիլդաու, Բեռլինի մոտ, մարտի 20, 2024թ․։
Լիցքավորման կանգնած Tesla ավտոմեքենան։ Վիլդաու, Բեռլինի մոտ, մարտի 20, 2024թ․։

Նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ առևտրային գործընկերները կարող են խուսափել մաքսատուրքերից՝ ներդրումներ կատարելով Միացյալ Նահանգներում։

«Մենք ցանկանում ենք նրանց ժամանակ տալ...։ Երբ նրանք գան Միացյալ Նահանգներ և այստեղ ունենան իրենց գործարանը, [այդ պարագայում] մաքսատուրքեր չեն լինի: Ուստի, ցանկանում ենք նրանց հնարավորություն տալ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ում վաճառվող մեքենաների մոտ կեսը արտադրվում է երկրում: Մյուս կեսը գալիս է Մեքսիկայից, Կանադայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից և Գերմանիայից։

Թրամփը գոհունակություն է հայտնել, թե ԵՄ-ն «իջեցնում է ավտոմեքենաների նկատմամբ առկա մաքսատուրքերը այն մակարդակին, որը մենք ունենք»։

«ԵՄ-ն մեքենաների համար ուներ 10% մաքսատուրք, իսկ հիմա նրանք ունեն 2,5%՝ ճի՛շտ նույնքան, որքան մերն է...։ Եթե բոլորը նույնն անեին, ապա բոլորս նույն պայմանները կունենայինք»,- նշել է ԱՄՆ նախագահը:

«ԵՄ-ն շատ անարդար է վարվել մեր նկատմամբ: [Նրանց հետ առևտրում] ունենք 350 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ։ Նրանք չեն գնում մեր մեքենաները, չեն գնում մեր գյուղմթերքները, գրեթե ոչինչ չեն գնում..., և մենք ստիպված ենք շտկել դա»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը ԵՄ հետ առևտրում 2024 թվականին կազմել է ավելի քան 235 միլիարդ դոլար՝ Միացյալ նահանգների Առևտրի նախարարության:

Մյուս կողմից, ըստ Եվրահանձնաժողովի, 2023 թվականին ԵՄ հետ առևտրում ԱՄՆ-ն ունեցել է 109 միլիարդ դոլարի ավելցուկ՝ պրոֆիցիտ:

Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը երեքշաբթի ժամանել է Վաշինգտոն։ Նախատեսվում է Առևտրի նախարար Հովարդ Լատնիկի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հանդիպումը Շեֆչովիչի հետ:

XS
SM
MD
LG