Ամերիկյան վարչակազմը ողջունել է Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունները ռուսական կողմի հետ, որոնց ժամանակ, ինչպես հայտնի է, ներկայացված չէր ուկրաինական կողմը։ Սպիտակ տունը հայտարարել է, թե զուգահեռ դիվանագիտությունը` առանձին բանակցությունները պատերազմող կողմերի հետ, առաջին քայլն է՝ վերջ դնելու եռամյա հակամարտությանը, որը ցնցել է Եվրոպան:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Էր-Ռիադում կայացած բանակցությունների արդյունքում Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնության են եկել երկու երկրներում գործող դեսպանատների աշխատանքների լիարժեք վերականգման և ուկրաինական պատերազմը վերջ դնող բանակցությունների համար բարձր մակարդակի թիմ ձևավորելու շուրջ:
Բանակցություններին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` լավատեսություն հայտնելով ընթացքի վերաբերյալ և մերժելով քննադատությունը, թե Ուկրաինան հրավիրված չէր Սաուդյան Արաբիա:
«Կարծում եմ, կարող եմ վերջ տալ այս պատերազմին: Կարծում եմ, որ [այդ ուղղությամբ գործը] շատ լավ է ընթանում, բայց այսօր ինձ հասել են բողոքներ, որ ինչու մեզ չեն հրավիրել: Դուք արդեն երեք տարի է նույն տեղում եք: Սա պետք էր ավարտել երեք տարի առաջ։ Չպետք է սկսեիք [պատերազմը] ի սկզբանե»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը խոսքով` Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վարկանիշը նվազագույն կետին է հասել։
«Նրանք ցանկանում են նստել սեղանի շուրջ, բայց չէ՞ որ Ուկրաինայի ժողովուրդը կարող է ասել, օրինակ, գիտե՞ք, երկար ժամանակ է, ինչ մենք ընտրություններ չենք ունեցել»,- ասել է Թրամփը:
Դիվանագիտական ակտիվ աշխատանքի մեջ է նաև ուկրաինական կողմը` Զելենսկու գլխավորությամբ ջանքեր գործադրելով, որպեսզի Ուկրաինայի շուրջ բանակցություններում ներգրավվեն նաև Եվրամիությունն ու Թուրքիան:
«Համոզված եմ, որ Ուկրաինայի և մեր տարածաշրջանի, Եվրոպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի պատերազմը դադարեցնելու բանակցությունները չընթանան ռուսական ագրեսիայից տուժած առանցքային կողմի թիկունքում»,- հայտարարել է Զելենսկին:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` Մոսկվայի համար անընդունելի է բանակցույթուններն ավելի լայն ձևաչափով անցկացնելը:
«Եթե նրանք պատրաստվում են հանդես գալ հակամարտությունը սառեցնելու որոշ խորամանկ գաղափարներով, մինչդեռ իրականում մտադիր են, ինչպես իրենց սովորության և բնույթի համաձայն, շարունակել պատերազմը, ապա ինչո՞ւ նրանց ընդհանրապես հրավիրենք»,- ասել է Լավրովը:
Դիտորդները, սակայն, որոշակի տրամաբանություն են տեսնում ուկրաինական և ռուսական կողմերի հետ տարվող առանձին բանակցությունների մեջ, քանզի Կիևի ու Մոսկվայի դիրքորոշումնեը չափազանց հեռու են միմյանցից։
«Առկա է որոշակի լարվածություն, որ ուկրաինացիները ներկա չէին Էր-Ռիադի բանակցություններում: Իրավիճակը պարզ չէ: Եթե զուգահեռ դիվանագիտությունը օպտիմալ չէ, բայց պարտադիր էլ չէ, որ սարսափելի լինի՝ հաշվի առնելով, թե, իրականում, որքան հեռու են կողմերը միմյանցից»,- ասել է American Enterprise Institute-ի վերլուծաբան Ֆրեդ Քեյգանը:
Դիտորդների մի մասը քննադատում է Թրամփի վարչակազմին ռուսական կողմի հետ նման ձևով բանակցություններ սկսելու համար։
«Թրամփի վարչակազմը, կարծում եմ, չափազանց շատ բան է զիջել լուրջ քննարկումներ սկսելուց առաջ: Այս ամենը նման է սայլը ձիուց առաջ կապելուն, որովհետև մեզ անհրաժեշտ է համաձայնության հասնել սպանդը դադարեցնելու համար»,- ընդգծում է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Չարլզ Կուպչանը:
Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները ռուսական կողմի հետ կշարունակվեն, բայց չի մանրամասնել` արդյո՞ք հաջորդ փուլին Ուկրաինան ներկայացված կլինի։