Միջազգային փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում են ուկրաինական պատերազմը դադարեցնելուն միտված դիվանագիտական ջանքերը։ Քննարկումների առարկա են Սաուդյան Արաբիայում կայացած ամերիկա-ռուսական բանակցությունները և Ուկրաինայի ու Ռուսաստանի հարցերով նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի այցը Կիև։
«Մեկ հեռախոսազանգը և մեկ հանդիպումը բավարար չեն կայուն խաղաղություն հաստատելու համար։ Պետք է գործենք, և այսօր մենք կարևոր քայլ արեցինք առաջ»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։
Այստեղ հիշեցնենք, որ նախօրեին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մինչև փետրվարի վերջ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին։
«Ամերիկայի ձայնը» քննարկել է Սաուդյան Արաբիայում կայացած ամերիկա-ռուսական հանդիպման արդյունքները փորձագետների հետ։
«Նույնիսկ Էր-Ռիադից առաջ ասացի, որ Թրամփի վարչակազմը երկու զուգահեռ բանակցային ուղիներ է վարում՝ պատերազմին վերջ տալու համար, և ոչ ոք չի «լքել» Ուկրաինան»,- ասում է Քաղաքական հետազոտությունների «Պենտա» կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն։
«Առայժմ բանակցություններ են ընթանում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ առանձին-առանձին։ Ոչ ոք չզարմացավ կամ զայրացավ, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Մյունխենի համաժողովի շրջանակներում։ Այո, կարճ հանդիպում է եղել, բայց Վաշինգտոնի և Կիևի միջև հիմնարար տարաձայնություններ չեն ծագել՝ կապված խաղաղ գործընթացի տրամաբանության հետ։ Այնտեղ խնդրահարույց հարց կար՝ բնական ռեսուրսների համաձայնագրի հետ կապված, որը հետաձգվեց։ Բայց ամեն դեպքում բանակցություններն ընթացել են առանց Ռուսաստանի։ Ճի՛շտ նույնն էր Էր-Ռիադում»,- շարունակում է նա։
«Ոչ մի դեպքում չպետք է բանակցություններ տարվեն Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար՝ շրջանցելով Ուկրաինան»,- ընդգծում է փորձագետը։
Ըստ Ֆեսենկոյի, Սաուդյան Արաբիայում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ առանցքային հարցերի շուրջ։ «Սա վերաբերում է Թրամփի և Պուտինի հանդիպման ժամկետներին։ Պարզվում է, որ խաղաղ գործընթացի տրամաբանությունը նույնպես համաձայնեցված չէ։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ նախ հրադադարը լինի, իսկ ավելի ստույգ՝ զինադադարի մասին համաձայնագիր, հետո նոր ուղղակիորեն խաղաղ բանակցություններ սկսվեն։ Բայց Կրեմլը համաձայն չէ այս տարբերակին։ Այստեղ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ կան, և նկատելի առաջընթաց չկա»,- նշում է մեր զրուցակիցը։
«Զելենսկին ասում է, թե դժգոհ է, որ այս հանդիպման մասին իմացել է լրատվամիջոցներից։ Բայց ես կարծում եմ, որ նրա հայտարարության մեջ ամենակարևորն այլ բան է։ Նա հստակ ասել է, որ մեր թիկունքում որևէ պայմանավորվածություն չենք ընդունի, որ պատերազմի ավարտի հետ կապված բոլոր հարցերը պետք է համաձայնեցվեն Ուկրաինայի հետ»,- ասում է Ֆեսենկոն։
Փորձգետի կարծիքով՝ ներկայում ԱՄՆ համար Ռուսաստանի հետ բանակցություններն ավելի կարևոր են, քան Ուկրաինայի հետ. «Այստեղ կարող եք նեղսրտվել, բայց դա փաստ է, որովհետեւ խոսքը միջուկային զենք ունեցող երկրի մասին է։ Սակայն գլխավորն այլ է. Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Ըստ Զելենսկու՝ Կիևը համաձայն է նույնիսկ Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, համաձայն է առաջնագծում հրադադարի ռեժիմի հաստատմանը և այլն։ Իսկ Ռուսաստանը հիմնարար հարցերի շուրջ համաձայնության գալու ցանկություն բացարձակապես չի ցուցաբերում։ Պուտինը խաղաղություն չի ուզում և հենց այնպես փոխզիջումների չի գնա»։
Իր հերթին, քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը գտնում է, որ ներկա իրավիճակը նման է բռնցքամարտիկների կշռմանը մենամարտից առաջ։
«Իրականում բոլոր այն խոսքերը, որոնք ասվել են հանդիպումից հետո, քիչ արժեք ունեն, քանի որ դրանց հետևում կա՛մ կոնկրետություն չկա, կա՛մ շատ քիչ [է հստակությունը]։ Այո՛, որոշ բաներ չափազանց տհաճ են, բայց թե կոնկրետ ինչ տեսք ունի և ինչի կվերածվի այն, անհայտ է։ Հիմա անցնենք իրականությանը։ Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը նվաճել է 4,200 քառակուսի կիլոմետր [ուկրաինական տարածք] և կորցրել առնվազն 80 հազար սպանված։ Պարզվում է, որ մեկ քառակուսի կիլոմետրի վրա մոտավորապես 20 մահացած մարդ կա։ Գումարած մեծ թվով վիրավորներ ու հաշմանդամներ։ Գումարած՝ առաջխաղացման արագությունը նույնիսկ հիմնական ուղղություններով կտրուկ նվազել է։ Եթե ամբողջ լայնածավալ [պատերազմի] փուլում հնարավոր է եղել զբաղեցնել մոտ 70 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք, ապա 2024 թվականի ընթացքում՝ ընդամենը 4,2 հազար»,- նշում է Օրեշկինը։
Փորձագետի գնահատմամբ՝ Պուտինը հասկանում է պատերազմից դուրս գալու անհրաժեշտությունը, ցանկալի է՝ հաղթողի կերպարով. «Նա ակնհայտորեն բավարար ռեսուրսներ չունի։ Երկիրը սպառված է։ Հասկանալի է, որ ժողովրդագրական, տնտեսական և գաղափարախոսական խնդիրները գնալով ավելի են սրվում։ Եթե մի կողմ դնենք քարոզչությունը, ապա [Ռուսատանում] փողի, մարդկանց, տեխնիկայի պակաս կա։ Այս ֆոնին մնացած ամեն ինչը, այդ թվում՝ Բալթյան երկրներից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու պահանջը, բլեֆ է։ Պուտինը պատրաստ չէ շարունակել պատերազմը։ Եթե նա զգում է, որ հաղթում է, ինչո՞ւ են պետք բանակցությունները»։
«Եվրոպան մտադիր է 6 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային։ Շատ չէ, բայց առաջին քայլն է: Իրականում, մենք բոլորս դեռ երկար գործընթացի սկզբում ենք, և ոչ ոք չգիտի, թե այն ուր կտանի»,- ամփոփում է փորձագետը։
Ըստ Bloomberg-ի՝ Էր-Ռիադի հանդիպումից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ անդամ-երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ առնվազն մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը։