Մատչելի հղումներ

 
Թրամփը չի բացառել Պուտինի հետ փետրվարին բանակցություններ վարելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել Պուտինի հետ փետրվարին բանակցություններ վարելու հնարավորությունը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ

Նախագահն ասել է, որ դեմ չէ ԵՄ առանձին երկրներից Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելուն, եթե եվրոպացի առաջնորդները նման որոշում կայացնեն։

Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ասել է, որ կարող է այս ամիս հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախագահ Թրամփը, արձագանքելով այն հարցին, թե արդյոք դեռ նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ մինչև ամսվա վերջ, պատասխանել է, որ հնարավոր է նման հանդիպում կայանա:

Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մեկնաբանելով Էր-Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները, ասել էր, որ կողմերը դեռ չեն նշանակել Թրամփ-Պուտին գագաթնաժողովի ամսաթիվը, ուր վերջնական որոշում կկայացվի Ուկրաինայի վերաբերյալ։

Թրամփը հերքել է ուկրաինական կողմի մտահոգությունները՝ կապված Կիևի չներգրավվածության ԱՄՆ-ի ու ՌԴ միջև Սաուդյան Արաբիայում ընթացող բանակցություններում պատերազմը դադարեցնելու համար և ասել, որ դեմ չի լինի եվրոպական խաղաղապահ զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե եվրոպական առաջնորդները այդպիսի որոշում կայացնեն:

Եվրոպական մի քանի երկրների ղեկավարներ քննարկել են խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը՝ խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգությունը երաշխավորելու համար։

«Եթե նրանք ցանկանում են դա անել, կարծում եմ, լավ կլինի: Ես գիտեմ, որ Ֆրանսիան նշել է դա, մյուսները նույնպես, Մեծ Բրիտանիան նշել է դա: Բայց եթե խաղաղության պայմանագիր կնքենք, ապա այնտեղ զորքերի առկայությունը, Եվրոպայի տեսանկյունից, նորմալ է։ Մենք ստիպված չենք լինի ինքներս այնտեղ զորք ուղարկել, քանի որ, գիտեք, մենք շատ հեռու ենք։ Բայց եվրոպական զորքերի տեղակայումն այնտեղ միանգամայն նորմալ է»,- ասել է Թրամփը՝ դիմելով լրագրողներին Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագո ակումբում:

Սա նախագահի առաջին հրապարակային հայտարարությունն էր այն բանից հետո, երբ ամերիկյան պատվիրակությունն այսօր Էր Ռիադում Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել ռուս գործընկերների հետ։

Թրամփն ասել է, որ Ուկրաինան կարող էր խաղաղության համաձայնագիր կնքել տարիներ առաջ և անտեսեց Կիևի մտահոգությունները Վոլոդիմիր Զելենսկու հանդիպմանը բացակայելու վերաբերյալ՝ նշելով, որ ուկրաինացիները պետք է բանակցությունները սկսեին շատ ավելի վաղ։

«Ուրեմն, երբ նրանք [ուկրաինացիները] անհանգստանում են բանակցությունների սեղանի շուրջ չլինելու համար, ապա պետք է հիշեք, թե ով պետք է վաղուց գար և գործարք կնքեր: Դուք ինքներդ կարող էիք գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ավելի վաղ արած հայտարարությունները։

«Այսօր ինձ են հասնում բողոքներ, որ ինչու մեզ չեն հրավիրել: Դուք արդեն երեք տարի է նույն տեղում եք: Սա պետք էր ավարտել երեք տարի առաջ։ Դուք չպետք է սկսեիք դա ի սկզբանե: Դուք ինքներդ կարող էիք պայմանավորվել։ Ես կարող էի Ուկրաինայի համար համաձայնություն կնքել, որը Կիևի վերահսկողության տակ կպահեր գրեթե ամբողջ տարածքը, և ոչ մի մարդ չէր զոհվի, ոչ մի քաղաք չէր ավերվի, ոչ մի եկեղեցու գմբեթ չէր քանդվի։ Բայց նրանք որոշեցին գնալ այլ ճանապարհով»,- ասել է նախագահը:

Նա նաև քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին Ուկրաինայի քաղաքականության համար։ Բայդենը եղել է Ուկրաինայի ուժեղ աջակիցը՝ նրան զենք տրամադրելով ռուսական ներխուժմանը դիմակայելու համար:

«Կարծում եմ, որ ուժ ունեմ վերջ տալու այս պատերազմը», - ասել է Թրամփը։

Իր հերթին, այսօր Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը, խոսելով հանդիպման հավանականության մասին, հայտարարել է. «Հաճույքով կհանդիպեմ Թրամփին, վաղուց չեմ տեսել նրան»։

Նա չի անդրադարձել հնարավոր հանդիպման ժամկետներին՝ ընդգծելով միայն, որ «հանդիպումը պետք է նախապատրաստել, որպեսզի արդյունք լինի»։ Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է ,որ որևէ մեկը չի պատրաստվում Ուկրաինային դուրս թողնել բանակցային գործընթացից։

XS
SM
MD
LG