Մատչելի հղումներ

Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»


ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին։ Նյու Յորք, սեպտեմբերի 27, 2024թ․։
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին։ Նյու Յորք, սեպտեմբերի 27, 2024թ․։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ նրան անվանելով «առանց ընտրությունների բռնապետ»՝ ի պատասխան Զելենսկու մեղադրանքին, թե Թրամփն ապրում է Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող «ապատեղեկատվական տարածքում»:

Սպիտակ տան ղեավարը դատապարտել է Զելենսկուն՝ 2024 թվականի ապրիլին նախատեսված նախագահական ընտրությունները հետաձգելու համար, որոնք հետաձգվեցին Ռուսաստանի սկսած պատերազմի պատճառով:

«Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա [ղեկավարած] երկիրը փլուզվել է, և միլիոնավոր մարդիկ անտեղի մահացել են, և այդպես շարունակվում է…»,- սոցհարթակում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա Զելենսկուն անվանել է «համեստ հաջողություններով կատակերգու», ով «համոզել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախսել 350 միլիարդ դոլար, պատերազմի մեջ մտնել, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի ու Թրամփի երբեք չի կարողանա կարգավորել»:

Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»
please wait

No media source currently available

0:00 0:07:08 0:00

Դոնալդ Թրամփը, ով անցած տարի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հրաժարվեց հայտարարել, թե ցանկանում է, որ Ուկրաինան հաղթանակ տանի պատերազմում, հավելել է, որ «միակ բանը, ինչի մեջ նա՝ [Զելենսկին] լավ էր, Բայդենի հետ խաղալն էր, ինչպես ջութակի վրա են նվագում»՝ ավելի շատ ռազմական օգնություն ստանալու համար:

Թրամփի քննադատությունը Զելենսկու հասցեին հնչեց այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը չէր թաքցրել իր դժգոհությունը Սաուդյան Արաբիայում կայացած ԱՄՆ-Ռուսաստան բարձր մակարդակի բանակցությունների առնչությամբ, որոնց Ուկրաինան հրավիրված չէր։

Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ ուկրաինական պատերազմը ավարտին հասցնելու ուղիներ գտնելու նպատակով:

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունների՝ այս երեքշաբթի կայացած բանակցությունները Էր-Ռիադում, երկու գերտերությունների միջև առաջին նշանակալից հանդիպումն էր 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի պարտադրված կարգավորում։


Պուտինը խոսել է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև վստահության ամրապնդման անհրաժեշտության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտարարել է, թե Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև պետք է վստահություն ձևավորվի՝ նախքան Ուկրաինայի եռամյա պատերազմի ավարտը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սանկտ Պետերբուրգ, փետրվարի 19, 2025թ․։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սանկտ Պետերբուրգ, փետրվարի 19, 2025թ․։

«Անհնար է լուծել շատ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը, առանց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության մակարդակի բարձրացման»,- ասել է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ գոհ է երեքշաբթի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած բանակցություններից՝ դրանք գնահատելով «բարձր» և հայտարարելով, թե «առաջին քայլն են» երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին:

Հեռուստատեսային ելույթում Պուտինը հայտնել է, որ կցանկանար հանդիպել ԱՄՆ նախագահի հետ, «սակայն [այդ հանդիպումը] պետք է պատրաստ լինի, որպեսզի արդյունք ունենա»:

«Ինձ տեղեկացրել են [բանակցությունների մասին]: Դրանք բարձր եմ գնահատում, կան արդյունքներ: Իմ կարծիքով՝ մենք առաջին քայլն արեցինք՝ վերականգնելու աշխատանքը փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող տարբեր ոլորտներում»,- Սանկտ Պետերբուրգում գտնվող անօդաչուների գործարանում լրագրողներին փոխանցել է Պուտինը։


Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացը ժամանել է Կիև՝ «լսելու մտահոգությունները»

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնաց, գեներալ Քիթ Քելլոգն ասել է, թե Միացյալ Նահանգները հասկանում է, որ անհրաժեշտ է Ուկրաինայի համար ապահովել անվտանգության երաշխիքներ՝ բանակցությունների արդյունքում:

Քելլոգը նշել է, թե Կիևում է՝ լսելու ուկրաինացի առաջնորդների մտահոգությունները, որից հետո կվերադառնա՝ խորհրդակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ամերիկյան բանագնացի խոսքով՝ Միացյալ Նահանգները ձգտում է ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտին, քանզի այն շահեկան կլինի և՛ տարածաշրջանի, և՛ աշխարհի համար:

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնաց, գեներալ Քիթ Քելլոգի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։ Կիև, փետրվարի 19, 2025թ․։
Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնաց, գեներալ Քիթ Քելլոգի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։ Կիև, փետրվարի 19, 2025թ․։

Մինչ Քելլոգի հետ հանդիպումը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին փոխանցել էր, որ թեև Վաշինգտոնը մտադիր չէ խաղաղապահներ ուղարկել հետպատերազմական Ուկրաինա, կան օժանդակության այլ տարբերակներ, օրինակ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումը Կիևին:

«Չեք ցանկանում զորքեր ուղարկել։ Չեք ցանկանում մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Լավ։ Կարո՞ղ ենք ունենալ [հակաօդային պաշտպանության համակարգեր՝] Patriot-ներ։ Բավարար քանակությամբ Patriot-ներ»,- ասել է Զելենսկին:

Ինչևէ, Կիևում բանակցություններն ընթացել են դիվանագիտական ակտիվ շփումների ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չորեքշաբթի հյուրընկալել է եվրոպացի առաջնորդներին՝ Ուկրաինային եվրոպական աջակցությունը քննարկելու համար: Նմանատիպ առաջին հանդիպումը Փարիզում այս երկուշաբթի էր։

Քելլոգը նույնպես այս շաբաթ հանդիպել է եվրոպացի առաջնորդներին:

«Նպատակն է վերջ տալ այս հակամարտությանն այնպես, որ այն լինի արդար, մնայուն և ընդունելի բոլոր ներգրավված կողմերի համար»,- երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Ինչպես ասացինք, Զելենսկին քննադատել է Էր-Ռիօադում կայացած ամերիկա-ռուսական բանակցությունները, որոնք անցան առանց ուկրաինական ներկայության։

«Այսօր լսեցի՝ դե, մեզ չեն հրավիրեl»: Դե, դուք այնտեղ եք արդեն երեք տարի»,- Վոլոդիմիր Զելենսկու քննադատությանը արձագանքել է Դոնալդ Թրամփը՝ մեղադրելով Ուկրաինայի ղեկավարությանը պատերազմը հրահրելու մեջ:

Զելենսկին հետաձգել է իր այցը Սաուդյան Արաբիա, որը նախատեսված էր այս շաբաթ, ակնարկելով, թե ցանկանում է, որ որևէ կապ չստեղծվի Էր-Ռիադում տեղի ունեցած բանակցությունների և այցելության միջև։

Իր հերթին, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, թե ԱՄՆ և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «նշանակել համապատասխան բարձր մակարդակի թիմեր, որպեսզի սկսեն աշխատել Ուկրաինայում հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու ուղղությամբ»: Բրյուսը հանդիպումը բնութագրել է որպես «կարևոր քայլ առաջ» դեպի խաղաղություն։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, թե Ուկրաինան ու եվրոպական երկրները պետք է ներգրավվեն պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում՝ հավելելով, որ եթե պատերազմը դադարեցվի, Միացյալ Նահանգները կունենա «արտասովոր հնարավորություններ՝ գործընկերություն հաստատել» Ռուսաստանի հետ առևտրի և այլ գլոբալ հարցերի շուրջ:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը նշել է, թե ինքն ու եվրոպական երկրների արտգործնախարարները խոսել են Ռուբիոյի հետ՝ ԱՄՆ-Ռուսաստան հանդիպումից հետո։ Կալլասն իր աջակցություն է հայտնել Ուկրաինային:

«Ռուսաստանը կփորձի մեզ պառակտել։ Եկեք չհայտնվենք նրանց թակարդում։ ԱՄՆ-ի հետ միասին աշխատելով՝ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության՝ Ուկրաինայի պայմաններով»,- X-ում գրել է Կալլասը:

Ինչպես հայտնի է, նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պահանջում է վերականգնել Ուկրաինայի՝ 2014 թվականի սահմանները։ Սակայն դա և ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի երկարամյա ձգտումը ԱՄՆ պաշտոնյաների ներկայացմամբ՝ անիրատեսական է:

Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները։

XS
SM
MD
LG