Մատչելի հղումներ

 
Եվրոպական առաջնորդները քննարկումների մեջ են՝ անդրատլանտյան հարաբերությունները «վերբեռնելու» ԱՄՆ քայլերի ֆոնին

Եվրոպական առաջնորդները քննարկումների մեջ են՝ անդրատլանտյան հարաբերությունները «վերբեռնելու» ԱՄՆ քայլերի ֆոնին


Փարիզ
Փարիզ

Եվրոպական առաջնորդները երկուշաբթի Փարիզում էին՝ քննարկելու ուկրաինական ու եվրոպական անվտանգությունը։ Հանդիպումը կայացավ Վաշինգտոնի դիվանագիտական նախաձեռնությունների ֆոնին, որոնք կասկածներ են առաջացրել Հին աշխարհում, թե որքան է ԱՄՆ-ն հավատարիմ անդրատլանտյան համագործակցությանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկուշաբթի Փարիզում հյուրընկալել էր եվրոպացի առաջնորդներին՝ մայրցամաքի անվտանգության վերաբերյալ քննարկումների շուրջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին ասել է. «Մենք՝ եվրոպացիներս, ստիպված կլինենք ավելին անել։ [Անվտանգության ապահովման] բեռի բաշխման հարցը նոր չէ, բայց այժմ արդիական է»:

Սթարմերը նշել է, որ պատրաստ է բրիտանական ուժեր տեղակայել Ուկրաինայում, եթե լինի կայուն խաղաղության համաձայնագիր. «Սակայն [մեր] թիկունքում պետք է լինի ԱՄՆ-ն, քանի որ Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքը միակ միջոցն է՝ արդյունավետ կերպով հետ պահելու Ռուսաստանին Ուկրաինայի վրա կրկին հարձակվելուց»:

Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները չէին կարող իրենց անդրադարձը չունենալ Եվրոպայի աշխարհաքաղաքական հաշվարկներում: Անցած շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցներին փոխանցեց, թե Եվրոպան պետք է տրամադրի Ուկրաինային ցուցաբերվող օգնության մեծ մասը, քանի որ Միացյալ Նահանգներն այլևս «կենտրոնացած չէ Եվրոպայի անվտանգության վրա»:

Այնուհետև, կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փաստացիորեն վերջ դնելով Մոսկվայի մեկուսացմանը: Արդյունքում, Սաուդյան Արաբիայում տեղի ունեցան ամերիկա-ռուսական բանակցություններ՝ քննարկումներից, փաստորեն, դուրս թողնելով Ուկրաինային ու Եվրոպային:

«Ականատես ենք լինում [միջազգային] կարգի ու խոշոր տերությունների դիրքորոշումների տեկտոնական տեղաշարժերին»,- ասել է Գերմանիայի Bertelsmann հիմնադրամի վերլուծաբան Դանիելա Շվարցերը։

Եվրոպական առաջնորդները պետք է լուրջ որոշումներ կայացնեն՝ նշել է բրիտանական Chatham House-ի Եվրոպայի ծրագրի ղեկավար Արմիդա վան Ռիջը։

«Պետք է ոչ միայն պահպանել, այլ ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում մեծ դեր խաղալ այնպես, ինչպես Բայդենի օրոք էր: Բայց նաև հարկ է մտորել, թե ինչ տեսք է ունենալու եվրոպական պաշտպանությունն ու անվտանգությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Եվրոպացիների առջև լուրջ հարցեր են կանգնած»,- ասել է վան Ռիջը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի 32 անդամներից միայն 23-ն են հասել դաշինքի հայտարարած նպատակին՝ պաշտպանության վրա ծախսել համախառն ներքին արդյունքի առնվազն 2%-ը, թեև ԱՄՆ Դոնալդ Թրամփը այլևս խոսում է 5%-ի մասին:

«Իսկապես դժվար է լինելու շատ եվրոպացիների համար, ովքեր աշխատում են հարկաբյուջետային խիստ պայմաններում»,- նշել է Արմիդա վան Ռիջը։

Եվրոպային ուղղված ԱՄՆ-ի քննադատությունը, սակայն, միտված չէ միայն պաշտպանության հարցերից: Անցած օրերին Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց. «Եվրոպային վերաբերող սպառնալիքը, որն ամենից շատն է ինձ անհանգստացնում, Ռուսաստանը չէ, Չինաստանը չէ, որևէ այլ արտաքին դերակատար չէ: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը։ Եվրոպայի նահանջն իր որոշ հիմնարար արժեքներից, արժեքներ, որոնք կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները»:

Գերմանացի պաշտոնյաների շտապեցին «անընդունելի» համարել փոխնախագահ Վենսի խոսքերը։

Եվրոպան ցնցվում է անդրատլանտյան հարաբերությունների նոր զարգացումներից՝ ասում է վան Ռիջը. «Անակնկալն այն է, թե ինչ ոճով է այդ արվում, ինչը, իսկապես, խախտում է դիվանագիտական բոլոր նորմերը»:

Սա է նոր իրականություն, որին Եվրոպան և Ուկրաինան պետք է արագորեն հարմարվեն:

XS
SM
MD
LG