Մատչելի հղումներ

 
Ռուբիո. Թրամփ-Պուտին հանդիպումը կախված է պատերազմը դադարեցնելու բանակցություններում առաջընթացից

Ռուբիո. Թրամփ-Պուտին հանդիպումը կախված է պատերազմը դադարեցնելու բանակցություններում առաջընթացից


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

Պետքարտուղարության ղեկավարը պարզաբանել է, որ պետք է պարզել, թե որքանով են լուրջ ռուսական կողմի մտադրությունները դադարեցնելու հակամարտությունը

Վաշինգտոնը կցանկանար պարզել, թե որքան լուրջ են Մոսկվայի մտադրությունները դադարեցնել պատերազմն Ուկրաինայի հետ, ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հիշեցնենք, որ Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը պայմանավորվել են ստեղծել բանակցային խմբեր։ Ուկրաինան և եվրոպացի դաշնակիցները հանդիպմանը չեն մասնակցել։

Նախագահ Թրամփը «ցանկանում է, որ Ռուսաստան-Ուկրաինա այս պատերազմն ավարտվի: Եվ ուզում է իմանալ, թե արդյո՞ք ռուսները լուրջ են տրամադրված ավարտել պատերազմը, թե՞ ոչ»։ Ռուբիոն հինգշաբթի օրը X սոցիալական ցանցում հրապարակած հարցազրույցում բացատրել է.

«Միակ ճանապարհը նրանց (ռուսներին) փորձարկելն է, ըստ էության նրանց հետ շփվելու և հարցնելու միջոցով, թե արդյո՞ք լուրջ ես տրամադրված պատերազմն ավարտելու հարցում, և եթե այո, ապա որո՞նք են պահանջները», - ասել է Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջին:

Նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը «մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք մենք կարող ենք որևէ առաջընթաց արձանագրել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու բանակցություններում», - ասել է պետքարտուղարը:

Ռուբիոն ընդգծել է, որ ինքը ոչ մի կերպ «ոգևորված չէ Վլադիմիր Պուտինի արածի մեծ մասով»։

«Ի վերջո, մենք պետք է կարողանանք խոսել մի երկրի հետ, որն ունի, որոշ առումներով, մարտավարական միջուկային զենքի ամենամեծ պաշարն աշխարհում և երկրորդ ամենամեծը, եթե ոչ ամենամեծը, ռազմավարական միջուկային զենքն աշխարհում»:

Ռուբիոն պարզաբանել է, որ ամերիկա-ռուսական գագաթնաժողովի անցկացման հարցը քննարկել է Սերգեյ Լավրովի հետ Սաուդյան Արաբիայի բանակցություններում։ Նա հիշեցրեց ռուս նախարարին ուղղված իր խոսքերը. «Հանդիպում չի լինի, քանի դեռ չիմանանք, թե ինչի մասին է խոսքը»։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Ռուբիոն և Լավրովը պայմանավորվել են «ստեղծել համապատասխան բարձրաստիճան թիմեր՝ սկսելու աշխատանքը Ուկրաինայում հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու ուղղությամբ»։

Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել «խորհրդատվական մեխանիզմ»՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար։

Նախագահ Թրամփը Էր Ռիադում կայացած բանակցություններից հետո ասաց, որ այժմ «շատ ավելի վստահ է» եռամյա պատերազմին վերջ տալու համաձայնության գալու հարցում։

Երեքշաբթի օրը նախագահը ասաց, որ կարող է Պուտինի հետ հանդիպել մինչև ամսվա վերջ:

Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում Ռուբիոն ասել է.«Ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա»:

Ռուբիոն հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ը չի խորհրդակցել Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների հետ՝ ասելով, որ նման պնդումներն անարդար են։

«Եվ ես նաև հիմարություն եմ համարում այն միտքը, որ ուկրաինացիները կամ եվրոպացիները կհեռացվեն բանակցություններից: Դուք չեք կարող... դադարեցնել պատերազմը, եթե երկու կողմերն ու նրանց տեսակետները ներկայացված չեն»,- ասել է Ռուբիոն։

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը շատ վրդովված է նախագահ Զելենսկիից»,- ասել է պետքարտուղարը՝ կապված Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի առաջնորդի վերջին հայտարարությունների հետ։ Ռուբիոն հիշեցրել է, որ Ջո Բայդենը մեկ անգամ չէ, որ «հիասթափվել» է Ուկրաինայի նախագահից։

Ռուբիոն հիշեցրել է նաև, որ Ուկրաինան գտնվում է այլ մայրցամաքում, և որ դա չի ազդում «ամերիկացիների ամենօրյա կյանքի» վրա՝ հավելելով, որ «Միացյալ Նահանգները մտահոգված է դրանով, քանի որ դա հետևանքներ ունի մեր դաշնակիցների և, ի վերջո, աշխարհի համար»: Պետք է որոշակի երախտագիտություն ցուցաբերել այս առումով, և երբ դուք դա չեք տեսնում, և տեսնում եք, որ (Զելենսկին) նախագահին մեղադրում է ապատեղեկատվության աշխարհում ապրելու մեջ, դա չափազանց, չափազանց հակաարդյունավետ է», - ընդգծել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Կիևը հրատապ, արագ բանակցություններ կվարի Ուկրաինայի բնական պաշարների զարգացման վերաբերյալ համաձայնագրի շուրջ՝ ԱՄՆ ներդրումների դիմաց։

Պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, իսկ Թրամփը շեշտել է, որ ուկրաինական օգտակար հանածոների մեջ ամերիկյան ներդրումները կարող են ապահովել «որ մենք այդ գումարները ինչ-որ ձևով կվերադարձնենք»:

Ռուբիոն այս հարցը քննարկել է Մյունխենում Զելենսկու հետ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք նրանց բացատրեցինք. «Տեսեք, մենք ցանկանում ենք ձեզ հետ համատեղ ձեռնարկությունում լինել, ոչ թե այն պատճառով, որ մենք փորձում ենք գողանալ ձեր երկրից, այլ որովհետև կարծում ենք, որ դա իրականում անվտանգության երաշխիք է, քանի որ մենք ձեր գործընկերն ենք կարևոր տնտեսական ձեռնարկում», - բացատրեց Ռուբիոն:

«Մենք կվերադարձնենք գումարի մի մասը, և մենք շահագրգռված կլինենք Ուկրաինայի անվտանգության հարցում», - ասել է պետքարտուղարը: «Իհարկե, մենք ցանկանում ենք այս գործարքը կնքել»: Միակ բանը, որ ես պետք է անեմ, դա օրենսդրական գործընթացով անցնելն է: [Օրենսդիրները] պետք է հաստատեն»։

XS
SM
MD
LG