Բալթյան երկրները մտադիր են անջատվել ռուսական էներգահամակարգից 2025 թվականի սկզբին, չնայած Լիտվայի՝ ավելի վաղ այդ քայլին դիմելու կոչերին, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
Լիտվան կողմ է 2024 թվականի սկզբին ռուսական էներգամատակարարման համակարգից անջատվելուն` ընդգծելով, որ ագրեսորը Ռուսաստանն է։ Սակայն Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը Reuters-ին ասել է, որ դա ընդունելի չէ Էստոնիայի համար, որն այս դեպքում իր վրա կվերցնի ծախսերի մեծ մասը։
«Որպես փոխզիջում մենք համաձայնեցրել ենք մոտեցնել այս ժամանակահատվածը մեկ տարով։ Այսինքն՝ կանջատվենք [ռուսական էլեկտրացանցից] 2025 թվականի սկզբին»,- ասել է Կալլասը` ելույթ ունենալով անցյալ շաբաթ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Երկուշաբթի օրը պետական ռադիոյին տված հարցազրույցում Լիտվայի Litgrid էլեկտրաէներգետիկ ընկերության ղեկավար Ռոկաս Մասիուլիսն ասել է, որ պատրաստվում է շարունակել պնդել Էստոնիային և Լատվիային այս քայլին ավելի վաղ դիմելու գաղափարին, բայց պարտավորվում է հետևել Էստոնիայի առաջարկած ժամանակացույցին:
«Մենք կախված ենք Էստոնիայից, և եթե նա չփոխի իր կարծիքը, ապա, ցավոք, դա տեղի կունենա իր ժամանակացույցի համաձայն (2025 թվականի սկզբին)»,- ասել է նա։
«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, որտեղ մարդիկ են զոհվում, և շարունակվում են ռմբակոծությունները: Ես չեմ կարծում, որ ագրեսորի հետ համագործակցությունը միայն այն պատճառով, որ դա մի քանի ցենտ է խնայում, ճիշտ ընտրություն է», - բացատրել է Մասիուլիսը:
2018 թվականին ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Լեհաստանի և Եվրահանձնաժողովի աջակցությամբ և 1,6 միլիարդ եվրոյի եվրոպական ֆինանսավորմամբ, երկրները համաձայնեցին արդիականացնել իրենց ենթակառուցվածքները և անջատեվլ ռուսական ցանցից մինչև 2025 թվականը: