Այդ եկամուտներն, ինչպես հայտնի է, ուղղվում են Ուկրաինայում պատերազմ վարելու համար:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի երկրորդ տարում առանձնահատուկ նշանակությամբ անցավ Վաշինգտոնում գործող «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած ամենամյա «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության համաժողովը»՝ Վիշեգրադյան խմբի մասնակցությամբ։
Օրակարգում էր, թե տարածաշրջանի երկրներն ինչպես կարող են հասնել լիարժեք էներգետիկ անկախության:
Եվրոպայի հրաժարվելը ռուսական գազից
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը բնական գազը օգտագործում է որպես զենք, որը Կրեմլն ուղղում է Եվրոպայում Կիևի կողմնակիցների դեմ, ինչպես նաև իր «պատերազմական մեքենան» ֆինանսավորելու համար։
Եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները արդյունավետ աշխատանք են կատարել՝ այլընտրանք գտնելով ռուսական գազին և ներդրումներ կատարելով ավելի մաքուր ու արդյունավետ էներգահամակարգ կառուցելու ուղղությամբ:
Այնուամենայնիվ, գալիք ձմռանը լուրջ փորձություն է սպասվում, և բազմաթիվ եվրոպական երկրներ պետք է ավելացնեն իրենց ջանքերը, եթե նպատակ կա ընդհանրապես հրաժարվել ռուսական կապույտ վառելիքից:
Թուրքիայի արտգործնախարարության էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով բաժնի ղեկավար, դեսպան Բերրիս Էքինջիի խոսքով, Անկարան «կարողացել է հաղթահարել ձմեռը, քանի որ տասնամյակներ շարունակ պետությունը դիվերսիֆիկացնում է էներգետիկ ոլորտը»։
«Արդյունքում, այսօր երկրին անհրաժեշտ էներգիայի 54%-ը ստացվում է վերականգնվող աղբյուրներից»- ասել է նա՝ հավելելով․ «Թուրքիան Ռուսաստանից ստանում է բնական գազի միայն 30%-ը, ինչը կազմում է երկրի ընդհանուր էներգետիկ սպառման մոտ 10%-ը» ։
Ատլանտյան խորհրդի Գլոբալ էներգետիկ կենտրոնի հրմնադիր ու նախագահ Ռիչարդ Մորնինգսթարը վստահություն է հայտնել, որ «այլևս երբեք չի լինի կախվածություն ռուսական գազից, և նման կախվածություն չի առաջանա Չինաստանից»։
«Cheniere Energy» ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Ալեքս Ուիթինգթոնն ավելի լավատես է. «Մատակարարումների հուսալիությամբ ԱՄՆ-ն ոչ մեկին չի զիջում, և Եվրոպայում հեղուկ գազի ընդունման ենթակառուցվածքը արագորեն է ընդլայնվում»:
Իր հեթին՝ Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Դովհունը խոսել է ռուսական նավթից և գազից իր երկրի շարունակվող կախվածության մասին՝ հիշելով խորհրդային «Դրուժբա» խողովակաշարի պատմությունը, որը դեռ ԽՍՀՄ օրոք Կրեմլը կիրառվում էր որպես ճնշման միջոց կոմունիստական ճամբարի երկրների նկատմամբ, և «ցավոք, որոշ երկրների պարագայում այն շարունակում է այդպիսին մնալ»։
Այնուամենայնիվ, ըստ սլովակ պաշտոնյայի, իր երկիրը «ահռելի ջանքեր է գործադրել՝ հեռանալու այդ կախվածությունից» և, ամենայն հավանականությամբ, «առաջիկա մի քանի տարվա ընթացքում պատրաստ կլինի լիովին ազատվել Կրեմլից ունեցած էներգետիկ կախվածությունից»:
Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովն ընդգծել է, որ իր երկիրը «ընդամենը երկու տարի առաջ ուներ գազի մատակարարման միայն մեկ պայմանագիր՝ ռուսական «Գազպրոմի» հետ և խոստովանել է, որ երբ ինքը «ստանձնեց պաշտոնը Մոլդովայի նոր ժողովրդավարական կառավարության հետ միասին՝ Մայա Սանդուի գլխավորությամբ, նրա թիմը էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման փորձ չուներ»:
Մոլդովան ոչ միայն վերապրեց 2022-2023 թվականների ձմեռն առանց ռուսական գազի (առաջին անգամ ժամանակակից պատմությանը ընթացքում), այլ նախորդ մեկուկես տարվա ընթացքում ստեղծեց մի ընկերություն, որն այլևս ճանաչված դերակատար է տարածաշրջանային շուկայում և ունի դուստր ձեռնարկություն Ռումինիայում:
«Միջազգային աջակցությունից մեծապես կախված երկրից վերածվել ենք մեկ այլ երկրի, որը, մեր կարծիքով, այժմ կարող է ապահովել Կենտրոնական Եվրոպայի գազամատակարարումը: «Միջանցք» բացելով Հունաստանից Բուլղարիայով, Ռումինիա-Մոլդովայով դեպի Արևմտյան Ուկրաինա՝ փաստորեն, ստեղծեցինք Կենտրոնական Եվրոպա տանող գազամատակարարման նոր համակարգ, որը համատեղելի է եվրոպականի հետ։ Հեղուկ գազի մատակարարման ոլորտում Հունաստանի հետ մեր համագործակցությունը շատ խոստումնալից է»,- հպարտորեն հայտարարել է մոլդովացի նախարարը։
Ուկրաինայի ներուժը մաքուր և վերականգնվող էներգիայի զարգացման գործում
Ուկրաինաի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն նշել է, որ «Եվրոպան վերջապես հասկացավ, թե ինչ է փորձում անել Ռուսաստանը», երբ էներգակիրների արտահանմամբ Կրեմլը փորձեց ներազդել եվրոպական կառավարությունների և հասարակական կարծիքի վրա:
«Մոսկվան, իսկապես, ցանկանում է պառակտել եվրոպացիներին։ Նրանք շարունակելու են պայքարել եվրոպական համերաշխության դեմ, քանի որ այդ համերաշխությունն իրական սպառնալիք է նրանց համար։ Այն թույլ տվեց ազատվել ռուսական գազից ու նավթից։ Սակայն նրանք դեռ հնարավորություն ունեն ազդել եվրոպական երկրներում որոշումների կայացման վրա»,- ընդգծել է ուկրաինացի նախարարը։
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա Ռուսաստանի հարձակումները «էներգետիկ պատերազմի» ևս մեկ թատերաբեմ են։ Կիևն ու գործընկերները պետք է արագ գործեն՝ վերականգնելու վնասը և նախապտրաստելու Ուկրաինան գալիք ձմռանը։
Փորձագետների մեծ մասը համոզված է․ «անհրաժեշտ է անհապաղ սկսել աշխատանքը՝ Ուկրաինայի էներգետիկ համակարգը վնասակար արտաքին ազդեցությունից, ինչպես նաև այլ սպառնալիքներից պաշտպանելու համար՝ հատկապես երկարաժամկետ կտրվածքով»։
Զուգահեռաբար, ըստ ելույթ ունեցողների, «Ուկրաինայի պետական ու մասնավոր հատվածները պետք է մեխանիզմներ մշակեն»՝ օգտագործելու երկրի ներուժը մաքուր էներգիայի գծով, որն իր հերթին կարող է «զգալիոեն նպաստել էներգետիկ անվտանգության ուղղությամբ Եվրոպայի հավակնությունների ամրապնդմանը»:
ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ ռեսուրսների գծով տեղակալ Ջեֆրի Ռ. Փայաթը հիշեցրել է, որ «էներգետիկ արդյունաբերությունը եղել է Ուկրաինայում Ռուսաստանի վնասակար ազդեցության ավանդական ուղղություններից մեկը»՝ ընդգծելով այն «հսկայական վնասը, որը Ռուսաստանը հասցրեց Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին»։
«Միացյալ Նահանգները մեծ ֆինանսական պարտավորություններ է ստանձնել՝ օգնելու ուկրաինացիներին կառուցել եվրոպամետ էներգահամակարգ։ Արդյունքում, պատերազմից հետո Կիևը կկարողանա իրական քայլեր ձեռնարկել իր երկրի էներգետիկ համակարգը ժամանակակից դարձնելու համար», - ասել է ամերիկացի դիվանագետը:
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) կլիմայի հարցերով գլխավոր տնօրեն Ջեյք Լևինը նշել է, որ այդ նպատակով Ուկրաինան արդեն ստացել է մեկ միլիարդ դոլար․ «Եվ հենց հիմա մենք ունենք գրեթե 800 միլիոն դոլարի ներդրումների փաթեթ, որը կարող է օգտագործվել էներգետիկ համակարգի վերակառուցման համար»։
Ինչպես է Ռուսաստանը շարունակում սպառնալ եվրոպական էներգետիկ անվտանգությանը
Ըստ Ռիչարդ Մորնինգսթարի, առաջին հերթին, «անհրաժեշտ է խոսել եվրոպական էներգետիկ օբյեկտների ֆիզիկական անվտանգության մասին՝ հատկապես «Nord Stream» խողովակաշարերի պայթեցումից հետո»։
Նրա կարծիքով, հրատապ անհրաժեշտություն է ուժեղացնել ՆԱՏՕ-ի դերը Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության գործում։
Էներգետիկ անվտանգության ոլորտում 30 տարվա փորձ ունեցող, ներկայում ԱՄՆ նախագահի էներգետիկայի և ներդրումների գծով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը հիշեցրել է, թե ինչպես 10 տարի առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարությունում ստեղծվեց էներգետիկ բյուրո․ «Ավելի քան տասը տարի առաջ ԱՄՆ ու ԵՄ համատեղ աշխատանքի մեծ մասը այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի և հեղուկ գազի բաշխման համակարգի ստեղծումն էր, որը թույլ տվեց Եվրոպային մեղմել Ռուսաստանից բնական գազի մատակարարման դադարեցման հետևանքները»:
Փորձագետներց շատերի կարծիքով, անհրաժեշտ է կրճատել կախվածությունը նաև ռուսական միջուկային վառելիքի մատակարարումներից։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաձայն, Ռուսաստանը շարունակում է հնդիսանալ ոլոտի առաջատարը՝ արտադրելով աշխարհի հարստացված ուրանի գրեթե կեսը։
Ինչպես է ռուսական նավթի նկատմամբ սահմանված «գնային առաստաղը» թուլացնում Կրեմլին
Համաժողովի բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը՝ սահմանափակելու Կրեմլի կարողությունը՝ եկամուտ ստանալ էներգակիրների արտահանումից, որն ուղղվում է ռազմական կարիքների բավարարմանը։
Սահմանափակումներից մեկը Մեծ յոթնյակի երկրների կողմից սահմանված գնային առաստաղն է ռուսական նավթի նկատմամբ՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար, որն ուժի մեջ է արդեն վեց ամիս և վերաբերում բոլոր պայմանագրերին, որոնք կնքվում են նշված յոթ տերությունների ընկերությունները ռուսական սև ոսկու վերաբերյալ։
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի խոսքով, այդ քաղաքականությունն երկու նպատակ է հետապնդում։ Նախ, «սահմանափակում է Մոսկվայի հնարավորությունը՝ սպառազինություն գնելու համար։ Երկրորդ, Պուտինին դնում է դժվար երկընտրանքի առջև՝ կա՛մ աջակցել ռուսաստանյան տնտեսությանը, կա՛մ ֆինանսավորել պատերազմը։ Ադեյեմոն վստահ է՝ այդ քաղաքականությունը հաջողության է հասնում:
Նրա խոսքով, Ռուսաստանի նավթային եկամուտները 2023 թվականի առաջին հինգ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են գրեթե կիսով չափ։ Ընդ որում, նման անկում է գրանցվել, չնայած այսօր Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, քան պատերազմի սկզբում։ Այժմ ռուսական նավթը վաճառվում է 25% զեղչված գնով, քան այլ երկրներից հոսող սև ոսկին, ինչը շոշափելի հարված է ռուսական տնտեսությանը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, Ռուսաստանի Կենտրոնական բանկի վերլուծաբանները ազդանշաններ են ուղարկում, թե նման իրավիճակը Մոսկվայի համար հղի է տնտեսական ցնցումներով, որոնք կարող են հետ շպրտել երկրի տնտեսությունը:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը փոփոխություններ է կատարում նավթային ընկերությունների հարկման գործում, որի հետևանքով Կրեմլին ավելի քիչ գումար կմնա նավթի արդյունահանման մեջ ներդնելու համար, ինչն էլ իր հերթին ժամանակի ընթացքում «կկրճատի Ռուսաստանի արտադրական ներուժը նավթարդյունաբերության [ոլորտում]»։
Ռիչարդ Մորնինգսթարը դրական է գնահատել այդ ջանքերը՝ հավելելով, որ «ոչ մի պատժամիջոց երբեք 100%-ով հաջողված կամ 100%-ով զրոյական չի լինում»: Ուստի, էներգետիկ անվտանգության փորձառու վերլուծաբանի կարծիքով, «նավթի գնի առաստաղը դեռ պետք է իջեցվի, օրինակ՝ բարելի դիմաց 45 դոլար»։
Ադեյեմոնի կարծիքով, «հարցը պահանջում է առանձին բարդ հաշվարկ»։
«Ռուսներն այլևս չեն կարող մեծ գումարներ ծախսել Ուկրաինայի պատերազմում: Այսպիսով, կարծում ենք, որ գտել ենք ճիշտ հավասարակշռությունը և սկսում ենք մտածել այն մասին, թե ինչ ենք անելու ապագայում»,- նշել է փոխնախարարը։