Մատչելի հղումներ

Կրեմլում «նենգափոխել» են պատերազմում Չինաստանի դերի մասին Քիրբիի խոսքերն այնպես, ինչպես իրենց հարմար է


Կրեմլի խոսնակը ռուսական հեռուստատեսության եթերում ասել է, որ Վաշինգտոնը «թույլ չի տալիս Կիևին նույնիսկ մտածել Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների մասին»՝ խեղաթյուրելով Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը

Մարտի 21-ին ռուսական պետական լրատվամիջոցները սխալ կերպով մեջբերում արեցին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի խոսքերը։ Ռուսական մի քանի լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Քիրբին Ուկրաինայի համար ցանկացած խաղաղ կարգավորում անվանել է «անընդունելի»։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական հեռուստատեսության առաջին ալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ ասել է, որ Քիրբիի հայտարարությունը նշանակում էր, որ «այժմ, երբ դիմակները հանվել են, [Արևմուտքի երկրները] ցույց են տալիս իրենց գազանային ատամները»։ Եվ հավելել. «Բացի մեզանից և ՉԺՀ-ից»։

Պեսկովն ասել է. «Վաշինգտոնը, եվրոպական մայրաքաղաքները, բայց առաջին հերթին Վաշինգտոնը լցված են ցանկությամբ՝ թույլ չտալու որևէ պատրվակով հասնել խաղաղ բանակցությունների։ Նրանք պարզապես թույլ չեն տալիս Կիևին նույնիսկ մտածել [այդ մասին]»։

Պեսկովի այս մոլորեցնող հայտարարությանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Քիրբին չի ասել, որ «խաղաղ կարգավորումն անընդունելի է»։ Նա խոսել է կրակի անհապաղ դադարեցման մասին։ Քիրբիի մեկնաբանությունները հնչել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Ռուսաստան կատարած եռօրյա այցի և Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համատեքստում։

Կիրակի օրը՝ մարտի 19-ին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Քիրբին պարզաբանել է, որ Վաշինգտոնը չի ընդունի Սիի «հրադադարի» մասին կոչերը Մոսկվայում, քանի որ դա կծառայի միայն Ռուսաստանի շահերին Ուկրաինայի դեմ Կրեմլի կողմից մղվող պատերազմում.

«Չինաստանը չի դատապարտել Պուտինի ներխուժումը Ուկրաինա։ Նրանք շարունակում են գնել ռուսական նավթը և էներգետիկ ռեսուրսները։ Եվ նրանք առնվազն լուռ համաձայնություն են տվել, քանի որ ընդունել են Ռուսաստանի այն պնդումը, որ դա ինչ-որ կերպ գոյութենական սպառնալիք է Ռուսաստանի համար, և որ պատերազմի մեղավորը Արևմուտքն է։ Հիմա այն, ինչ նախկինում ասել ենք և այսօր կրկին կասենք, այն է, որ եթե այդ հանդիպմանը հրադադարի որևէ կոչ հնչի, դա պարզապես անընդունելի կլինի, քանի որ այն ամենը, ինչ պատրաստվում է արվել,… մինչև այժմ Ռուսաստանի նվաճումը վավերացնելն է»։

«Ամեն ինչ միտված է նրան, որպեսզի պարոն Պուտինին ավելի շատ ժամանակ տրվի անձնակազմին վերազինելու, վերապատրաստելու և ռոտացիա անելու համար, ինչպես նաև փորձելու նոր հարձակում ծրագրել այն ժամանակ, որը Պուտինը կընտրի»։

Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները հուսով է, որ «նախագահ Սին կզանգահարի և կխոսի [Ուկրաինայի] նախագահ [Վոլադիմիր] Զելենսկիի հետ, քանի որ մենք կարծում ենք, որ Չինաստանը պետք է լսի ուկրաինական տեսակետը այս հարցի շուրջ»։

Սին չի արձագանքել Ուկրաինա այցելելու Զելենսկիի հրավերին և նույնիսկ հեռախոսով չի խոսել նրա հետ։ «Չեզոքության» մասին պնդելով՝ Պեկինը Ռուսաստանին դիվանագիտական, նյութական և հռետորական աջակցություն է ցուցաբերում այն պահից, երբ մեկ տարի առաջ Կրեմլը սկսեց լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։

Չինաստանի 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը Ուկրաինայի համար չի պահանջում, որպեսզի ռուսական զինված ուժերը լքեն Ուկրաինան, կամ որպեսզի Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի հինգ օկուպացված մարզերի նկատմամբ իր հավակնություններից։ Ծրագիրը նաև չի նախատեսում Ուկրաինայի վերականգնմանն ուղղված որևէ միջոցառում։

Փոխարենը, Չինաստանի ծրագրով կոչ է արվում անհապաղ հրադադար և Ռուսաստանի դեմ սահմանված ցանկացած պատժամիջոցների վերացում՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը ունեն վետոյի իրավունք։ ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունները դատապարտել են Չինաստանի ծրագիրը՝ հայտարարելով, որ այն ձեռնտու է միայն Պուտինին։

Բացի այդ, Չինաստանն առաջարկել է խաղաղության իր ծրագիրը՝ միաժամանակ դիտարկելով Ռուսաստանին Ուկրաինայի դեմ օգտագործման համար մահաբեր զենք տրամադրելու հարցը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության զեկույցը։ Չինաստանը հերքել է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու իր ծրագրերի մասին մեղադրանքները։

Փետրվարին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ներկայացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմը Ուկրաինայում՝ CNN-ին ասելով.

«Այս պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Ռուսաստանը դադարեցնի հարձակումը Ուկրաինայի վրա և դուրս բերի իր ուժերը։ Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա, ՆԱՏՕ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, Միացյալ Նահանգները չի հարձակվել Ռուսաստանի վրա։ Այս պատերազմը Պուտինի գիտակցված ընտրությունն է»։

XS
SM
MD
LG