Մատչելի հղումներ

Գա՞զն է, որ պիտի որոշի պատերազմի ելքը


Ռուսաստանի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել Լաս Վեգասում Նոր տեխնոլոգիաների (CES 2023) աշխարհի ամենամեծ ցուցահանդեսին: Ուկրաինայի պատերազմի պատճառով Մոսկվան ենթարկվում է խոչընդոտների բոլոր կողմերից։

ֆրանսիական GTT ճարտարագիտական ընկերությունը վեջերս միացավ օտարերկրյա այն ընկերություններին, որոնք դադարեցրել են Ռուսաստանի հետ կնքած գործարքները: Արդյունքում, օդում կախված է մնում ռուսական կողմի հետ սառցահատ գազատար 15 նավերի կառուցման պայմանագիրը։

Ֆրանսիական այս ընկերությունը հեղուկ բնական գազի տեղափոխման և պահեստավորման համաշխարհային առաջատարն է: Գործարքից այս ընկերության դուրս գալու հանգամանքը նշանակում է, որ Ռուսաստանի գազային ծրագրերը հայտնվում են վտանգի տակ, երբ հեղուկ գազն այսօր Եվրոպայում շատ ավելի պահանջարկ է վայելում, քան նախկինում։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին ԵՄ-ը 50%-ով ավելացրել էր ռուսական հեղուկ գազի արտահանման ծավալները, դրանք հասցնելով մինչև 15 միլիարդ խորանարդ մետրի։

Եվրոպական շուկայում իրավիճակը մեծապես փոխվել է Մոսկվայի քաղաքականության շնորհիվ։ Անցյալ տարի «Գազպրոմը» կտրուկ նվազեցրեց «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով մատակարարումները ԵՄ երկրներ, իսկ հետո ամբողջությամբ դադարեցրեց դրանք։

Ընդ որում, Կրեմլի այն բոլոր հույսերը, թե Եվրոպան «կսառչի» այս ձմռան ընթացքում, պատրանքներ դուրս եկան, և արևմտյան երկրները շարունակեցին աջակցությունն Ուկրաինային:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ‘’Գազպրոմ’’-ը գործնականում կորցրել է Եվրոպայում բնական գազի շուկան` հեղուկ գազի արտահանումները պիտի որ շատ կարեւոր գործոն դառնային Մոսկվայի համար:

Ինչպես վերլուծաբան Մաքսիմ Բլանտն է ասում. «Հիմա «Գազպրոմը» փորձում է ավելացնել գազի հեղուկացման և պահեստավորման ծավալները։ Բայց եվրոպական պատժամիջոցների պատճառով այս նախագծերը նույնպես դրվում են կասկածի տակ, և արդեն կա սառցահատ տիպի նավերի կարիք»։

Սկզբունքորեն հնարավոր է փոխարինող գտնել ֆրանսիական նավերի համար, սակայն դրանք անհամեմատ ավելի թանկ կլինեն, ասում է նա:

«Միևնույն ժամանակ, Եվրոպայում գազի հետ կապված իրավիճակը այժմ քիչ թե շատ վերադարձել է բնականոն հուն: Եվ եթե անցյալ տարվա սկզբին Գազպրոմը պատրաստվում էր պայմաններ թելադրել գազի եվրոպական շուկայում, ապա այսօր իրավիճակը հակառակ ուղղությամբ է շրջվել։ Արդյունքում «Գազպրոմը» հասավ նրան, որ կորցրեց իր մասնաբաժինը Եվրոպայում:

Սակայն, եթե պատերազմը շարունակվի, Եվրոպան ոչ մի դեպքում չի ցանկանա տեսնել ‘’Գազպրոմ’’-ի գազը, վստահ է Մաքսիմ Բլանտը։

Այս տարի, չնայած նախկին բոլոր մտավախություններին, եվրոպական էներգետիկ ապոկալիպսիսը տեղի չունեցավ: Պատճառներից մեկը նաեւ աննախադեպ տաք եղանակն էր: «Դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին Եվրոպայում գազի գները հասան նախապատերազմյան մակարդակին։

Ակնհայտ է, որ մինչև ջեռուցման սեզոնի ավարտը Եվրոպայի համար գազը կբավականացնի»,- ասում է նա։

Տնտեսական հարցերով վերլուծաբան Սեմյոն Նովոպրուդսկին «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարողանա գտնել ֆրանսիական նավեր գծագրող ընկերությանը համարժեք փոխարինող: Ու եթե Ռուսաստանը ինչ-որ կերպ չավարտի պատերազմը 2023 թվականին, ապա ժամանակ չի ունենա արկտիկական նախագծերի համար, ասում է նա։

Պուտինի ռեժիմն այլևս հույսը կապում է ոչ թե այս տարի Եվրոպան ցրտահարելու հետ, այլ փորձում է ուղիներ գտնել, որպեսզի Եվրոպան չկարողանա կուտակել հաջորդ ձմռան համար անհրաժեշտ ծավալի գազ: Պուտինի Մոսկվան կարծում է, որ այդ դեպքում Արեւմուտքը կդադարեցնի օգնությունն Ուկրաինային:

Ինչպես փորձագետն է ասում, անցյալ տարի ԵՄ-ի պահեստները ռեկորդային մակարդակով լցվել էին դեռեւս մինչեւ պատերազմը: ‘’Այս տարի թվում է, որ դրան հասնելը շատ ավելի դժվար կլինի’’, ասում է նա ու շեշտում, որ, հաջորդ տարվա ձմռան գազի իրական դեֆիցիտն աչքի առջեւ ունենալով, Եվրոպան պիտի հասկանա, որ ժամանակն է Ուկրաինային ցուցաբերել ռազմական այնպիսի մեծ ծավալի օգնություն, որը թույլ կտար պատերազմն ավարտել ամենաուշը մինչև 2023 թվականի ամառ:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG