Նիկոպոլ քաղաքը Զապորոժիեյի ատոմակայանից հետու է ընդամենը 20 կիլոմետր: Քաղաքում մնացած 50 հազար բնակիչները, կարծես, սովորել են ապրել հավանական միջուկային վտանգի հարևանությամբ:
Տեղի լրագրող Միկիտա Սաջենկոն պատմում է. «Երբ Ռուսաստանը գրավեց Զապորոժիեյի ատոմակայանը, մեր` տեղական իշխանությունները ձեռնամուխ եղան տեղեկատվական արշավների իրականացմանը, թե ինչ հետևանքներ կունենա ԱԷԿ-ի վթարը։ Նույնիսկ` պայթյունի պարագայում մարդիկ Նիկոպոլի հիվանդանոցներում կարող են կալիումի յոդիդ ստանալ` ճառագայթման բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»։
Սաջենկոն ասում է, որ տեղացիները հանգիստ են: Բայց Ուկրաինայի հետախուզության ղեկավարի նախազգուշացումներից հետո, թե ռուսները հաստատել են գործարանը ականապատելու ծրագրերը, մարդիկ պատրաստվում են հնարավոր տարհանմանը:
«Իմ ընտանիքը հավաքել է բոլոր անհրաժեշտ իրերը՝ փաստաթղթեր, գումար և առաջին անհրաժեշտության պարագաներ, տարհանվելու` արտակարգ իրավիճակի դեպքում»,- ասում է լրագրողը։
Փորձագետների գնահատմամբ, Զապորոժիեյի ԱԷԿ-ում վթարի դեպքում` Նիկոպոլ և Էներհոդար քաղաքները կհայտնվեն մեծ ռիսկի գոտում` ռադիոակտիվ աղտոտման առումով:
Ֆուկուսիմայի համալսարանի շրջակա միջավայրի ռադիոակտիվության ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Ժելեզնյակի կարծում է, որ տարհանման գոտին կսահմանափակվի 10-ից 30 կիլոմետր շառավղով: Այնինչ, Ուկրաինայի իշխանությունների ներկայացմամբ, այն ավելի մեծ կլինի:
«Պատրաստվում ենք վատագույն սցենարին. աղտոտման գոտին կլինի ավելի քան 50 կիլոմետր, ինչը նշանակում է, թե ազդեցությունը կզգացվի չորս շրջաններում»,- ասում է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յուրի Վլասենկոն։
Աղտոտման հնարավոր գոտիներում գրեթե 800 հազար քաղաքացի է բնակվում։ Զապորոժիեյի բնակիչ Վիտոր Գոկունը, ով աշխատում է դեղագործական ոլորտում, ասում է, որ դեղատներում չկա կալիումի յոդիդ և որ այն անհետացավ, երբ ռուսական ուժերը գրավեցին ԱԷԿ-ը։ Այն ժամանակ մարդիկ փորձում էին հնարավորինս շատ գնել կալիումի յոդիդ։
Վիկտորը երկու երեխա ունի, և ասում է, թե պատրաստ է վթարին. «Մեկ ամսվա ջրի և սննդի պաշար ունենք։ Մեր մեքենաները միշտ լցված են վառելիքով»։
Հունիսի 29-ին Ուկրաինան միջուկային աղետներին արձագանքող զորավարժություններ է անցկացրել Զապորոժիեյի ԱԷԿ-ին հարակից շրջաններում։
Տեղացիներին սպառնացող անմիջական վտանգից զատ, փորձագետները զգուշացնում են, որ վթարը բացասական հետևանքներ կունենա գյուղատնտեսության և Ուկրաինայի գլխավոր գետի՝ Դնեպրի համար:
Ըստ գիտնական Էդվին Լայմանի, ռադիոակտիվ նյութը կարող է աղտոտել մշակաբույսերը։ Միջուկային անվտանգության հետազոտող Օլենա Պարենյուկը, դարձյալ, մտահոգություն ունի, թե հնարավոր է աղտոտվեն Դնեպրի ափերը։
Զապորոժիեյի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում և անցած մարտ ամսից օկուպացված է Ռուսաստանի կողմից։