Մատչելի հղումներ

«Կախովակա» ջրամբարի պայթեցումը սպառնում է Զապորոժիեի ատոմակայանին


Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ «Կախովակա» ջրամբարի պայթեցումից առաջացած ջրհեղեղը սպառնում է Զապորոժիեյի ատոմակայանին։ Ռուսական զորքերի գրաված ատոմակայանը օգտագործում է «Կախովակա» ջրամբարի ջուրը՝ ռեակտորները սառեցնելու համար։

«Կախովակա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը պայթեցվել և մասամբ փլուզվել է երեքշաբթի, ինչի հետևանքով՝ Զապորոժիեիի ատոմակայանի հովացման համար օգտագործվող ջրամբարի ջուրը պակասել է։

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ասում է, որ ավերումն անմիջական վտանգ չի ներկայացնում ատոմակայանին, սակայն նշել է, որ իրավիճակը մնում է ծայրահեղ անկայուն:

«Տեղում գտնվող ԱԷՄԳ աշխատակիցները տեղեկացրել են, որ Նովա Կախովակայի ամբարտակին հասցված վնասի պատճառով ջրամբարոըմ առկա ջրի մակարդակը մեկ ժամում իջնում է մոտ 5 սանտիմետրով»,- հայտնել է Գրոսսին։

Ֆուկուսիմայի համալսարանի շրջակա միջավայրի ռադիոակտիվության ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Ժելեզնյակը ևս փաստում է՝ «Կախովակա» ջրամբարում ջրի մակարդակը նվազում է։

«Տրամադրել ենք ռիսկերի գնահատման հաշվարկ, որը ցույց է տալիս՝ մի քանի օրից՝ կախված ջրամբարի պատնեշի ճեղքի չափից, «Կախովակա» ջրամբարում ջրի մակարդակն այնքան ցածր կլինի, որ հովացման համար նախատեսված լճակը կչորանա»,- ասել է նա։

Այդուհանդերձ, Ժելեզնյակը փոխանցել է «Ամերիկայի Ձայն»-ին՝ քանզի Զապորոժիեյի ռեակտորները փակ են, ատոմակայանի համար անմիջական վտանգ չկա, թեև այն հովացման մեխանիզմի կարիք ունի։

Մտահոգություններ կան, թե ինչպես է ատոմակայանը շահագործվում․ մեկ տարուց ավելի է այն զավթել են ռուսական ուժերը:

Ուկրաինայի պետական «Էներգոատոմ» ատոմային ընկերության նախագահ Պետրո Կոտինը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ ատոմակայանում ռուս զինվորականների թիվն այժմ գերազանցում է կայանին սպասարկող անձնակազմի թվին:

«Ատոմակայանում իրավիճակն անընդհատ վատանում է՝ օկուպացիայի հենց սկզբից՝ անցյած տարվա մարտի 4-ից։ Նրանք՝ [ռուսական ուժերը] եկան Էներհոդար [քաղաք], ... հաստատեցին իրենց կարգը, իսկ զինվորները տեղում իրականացնում էին ամբողջ կառավարումը»,- ասում է Կոտինը:

Նրա պնդմամբ, ռուսական ուժերը ճնշում են և ահաբեկում ատոմակայանի անձնակազմին։

«Որոշ մարդիկ զոհվել են, իսկ որոշները անհետ կորել։ Որտե՞ղ են նրանք այս պահին՝ չգիտենք»։

Թեև ուկրաինացի էներգետիկներ հավաստիացնում են, որ հետևում են կայանին, իրականում նրանք չեն վերահսկում իրավիճակը:

Վալենտին ներկայացած ատոմակայանի անվտանգության աշխատակիցը համաձայնել է հեռախոսազրույց ունենալ «Ամերիկայի Ձայն»-ի հետ․ «Ամենամեծ վտանգն այն է, որ ատոմակայանը կարող է վերածվել ռազմաբազայի։ Այնտեղ պաշտպանական գծեր են կառուցել, մեծ քանակությամբ զինտեխնիկա են բերել։ Կայանը ղեկավարող մարդիկ չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունեն։ Նրանք կայանը դիտում են որպես պաշտպանության կետ։ Բայց ատոմակայանը այլ նպատակ ունի։ Ամենայն հավանականությամբ, այս ամենը կհանգեցնի տեխնածին աղետի»:

Փորձագետները նախազգուշացնում են՝ ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել աղետալի հետևանքներով վտանգավոր արտանետումների, որոնք կտարածվեն Եվրոպայում, Ռուսաստանում՝ հասնելով մինչև Միջերկրական ծով:

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն համամիտ է. «Քամու շնորհիվ [միջուկային] ամպերը կարող են ծածկել Թուրքիան, Ռուսաստանը, Մոլդովան, Ռումինիան, Հունգարիան, Լեհաստանը, Բելառուսը»,- պնդում է Գալուշչենկոն:

Նա ասում է, որ ԱԷՄԳ-ն պետք է արագ գործի` հնարավոր աղետից խուսափելու համար:

ԱԷՄԳ պաշտոնյաներն ուշադիր հետևում են զարգացումներին և ծրագրում են այցելել Զապորոժիե արդեն մի քանի օրից:

XS
SM
MD
LG