Մատչելի հղումներ

ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Դանիայի ղեկավարները Վաշինգտոնում կքննարկեն Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այս շաբաթ կհանդիպեն նախագահ Ջո Բայդենին։

Նախագահ Բայդենն այս շաբաթ Վաշինգտոնում կհյուրընկալի Դանիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներին։ Երեք առաջնորդները կքննարկեն ռուսական ագրեսիային դիմակայելու նպատակով Կիևին ցուցաբերվող աջակցությունը, ներառյալ՝ վերջերս մեկնարկած ուկրաինացի օդաչուների ուսուցանումն ու Ուկրաինային ամերիկյան «F-16» կործանիչներ մատակարարումը:

Բայդենը առանձին հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ երկու առանցքային դաշնակից-երկրների առաջնորդների հետ։ Երկուշաբթի նա կհյուրընկալի Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենին, իսկ հինգշաբթի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին։ Հանդիպումները՝ Ուկրաինայում արդեն 15 ամիս շարունակվող պատերազմի կարևոր պահին են, երբ Կիևը պատրաստվում է հակահարձակման անցնել: ԱՄՆ ու Եվրոպայի նպատակն է՝ ի ցույց դնել Կրեմլին, որ արևմտյան դաշինքը ամուր է և պատրաստ է աջակցել Ուկրաինային:

«Քննարկվելիք թեմաներից մեկը, որի վերաբերյալ նախագահն իր տեսակետն է հնչեցնելու, Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգային պահանջները բավարարելու հարցն է»,- նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով․ «Եվ հենց այստեղ են մեկնարկելու բանակցությունները «F-16»-ների վերաբերյալ»:

Սպասվում է նաև, որ Բայդենը Ֆրեդերիկսենի և Սունակի հետ կքննարկի հաջորդ ամիս Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Դաշինքը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայի կարգավիճակի բարձրացման և այն շրջանակի ուրվագծման հնարավորությունը, որի սահմաններում կկարողա անվտանգության պարտավորություններ ստանձնել Կիևի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։

Ակնկալվում է, որ բանակցությունների օրակարգում է լինելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ ճնշման կիրառումը, որպեսզի Անկարան դադարեցնի արգելափակել Շվեդիայի մուտքն ալյանս։

Ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի դիմումը և ԱՄՆ-ից 40 նոր «F-16»-ներ գնելու Թուրքիայի ցանկությունը։ Կոնգրեսի որոշ անդամներ դեմ են Թուրքիային կործանիչներ վաճառելուն, քանի դեռ Անկարան չի համաձայնել ալյանսին Շվեդիայի անդամակցությանը։

XS
SM
MD
LG