Մատչելի հղումներ

Ո՞ր ճանապարհն է ընտրում Վրաստանը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Բրատիսլավայի «Գլոբալ անվտանգության ֆորումում» այս շաբաթ հնչեցրած հայտարարությունը սուր արձագանք է ստացել Վրաստանում ու արտերկրում։

Ուշադրության կենտրոնում են հայտնվել Ղարիբաշվիլիի խոսքերը, թե Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառներից մեկը՝ Կիևի ենթադրյալ մտադրությունն էր անդամակցել ՆԱՏՕ-ին։

«Կարծում եմ, բոլորը գիտեն պատճառը… ։ Պատճառներից մեկը ՆԱՏՕ-ն էր՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Այդպե՞ս է։ Կան շատ այլ պատճառներ… Չեմ ցանկանում շահարկել և մեջբերել Ռուսաստանի կառավարությանը, բայց պատճառներից մեկը Ուկրաինայի ձգտումն էր ու մտադրությունը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Տեսնում ենք արդյունքները»,- ասել է Ղարիբաշվիլին:

Արևմտյան, թե՞ ռուսական ուղեգիծ է ընտել Վրաստանը. իշխանության և ընդդիմության հայացքները տարբերվում են
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Ինչպե՞ս արձագանքեցին Թբիլիսիում

Վարչապետի խոսքերը Վրաստանում ընկալեցին որպես լրացուցիչ ապացույց, թե իշխող «Վրացական երազանքը» չի պատրաստվում երկիրը տանել դեպի ՆԱՏՕ։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ արեց Վրաստանի արևմտյան գործընկերներին պատժամիջոցներ կիրառել Ղարիբաշվիլիի նկատմամբ, ով, ըստ ընդդիմության, ցանկանում է շրջել երկրի ընթացքը դեպի Արևմուտք, ինչին կողմ է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։

Ի՞նչ գնահատականներ հնչեցին արտերկրում

Արտերկրում շատերը նույնպես զուգահեռներ տարան Ղարիբաշվիլիի հայտարարության և Կրեմլի քարոզչության միջև։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն իր «Twitter»-ում հրապարակել է Բրատիսլավայում Վրաստանի վարչապետի ելույթի տեսանյութը՝ «Խոսում է Մոսկվան» գրությամբ։

«Twitter»-ում արտահայտվել է նաև Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսը. «Անհավանական է: Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է համարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառ։ Ի՞նչ պատահեց Վրաստանին»

Վրաստանի իշխող ուժի արձագանքը

Վրաստանի իշխող ուժը, սակայն, հերքում է, թե նպատակ ունի խոչընդոտներ ստեղծել եվրատլանտյան կառույցներին երկրի անդամակցության ճանապարհին և հիշեցնում է՝ «Վրացական երազանքի» կառավարման ժամանակ է Սահմանադրության առանձին հոդվածով ամրագրվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին դրույթը։

Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն տարակուսանք է հայտնել Վրաստանի վարչապետի հայտարարության արձագանքների կապակցությամբ՝ պնդելով, թե Ղարիբաշվիլիից զատ, օտարերկրյա քաղաքական բազմաթիվ գործիչներ Մոսկվային նյարդայնացնող պատճառների թվում նշել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի մերձենալը։

«Վրացական երազանքի» ներկայացմամբ, քննադատները «ապատեղեկատվական արշավ» են ձեռնարկել՝ նպատակ ունենալով նսեմացնել իշխող ուժը, որպեսզի ժողովրդի շրջանում «արհեստականորեն» վրդովմունք առաջացնեն և «ապստամբության» միջոցով տապալեն գործող կառավարությունը։

Այլ կարծիքներ

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Թբիլիսիի Եվրոպայի համալսարանից Գիորգի Մչեդլիշվիլին նկատում է, որ «Վրացական երազանքի» մի շարք որոշումների հետևանքով վերջերս «բավականին բացասական ֆոն» է ստեղծվել Վրաստանի և նրա հիմնական արևմտյան գործընկերների միջև։

Փորձագետը նշում է՝ չնայած Բրյուսելի հետ կնքված ասոցացման համաձայնագրի արդյուքնում Եվրամիության հետ առևտուրն աճել է, սակայն, զուգահեռաբար Վրաստանը ընդլայնել է իր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ։ Արդյունքում, այն հանգեցրել է Մոսկվայից Թբիլիսիի «զգալի տնտեսական կախվածությանը»։

«Ինքնին այս երևույթը տհաճ է՝ հատկապես հաշվի առնելով Մոսկվայի սովորությունը՝ օգտագործել տնտեսական լծակները քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ռուսական բանակի Ուկրաինա ներխուժումից և Կրեմլի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներից հետո, նման կախվածության հետևանքը եղավ այն, որ Վրաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցներին, քանի որ այն կհարվածեր Վրաստանի տնտեսությանը: Արդյունքում, ունենք այսպիսի իրավիճակ»,- նշում է Մչեդլիշվիլին։

Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ֆոնին՝ Թբիլիսին Մոսկվային կապող ուղիղ չվերթների վերականգնումը նույնպես հարցեր է առաջացրել։ Ըստ փորձագետի, մեկուկես տարի առաջ այն քննարկման և դատապարտման առարկա չէր դառնա, սակայն հաշվի առնելով, որ ռուսաստանյան որոշ ավիաընկերություններ պատժամիջոցների ներքո են, նման քայլը բացարձակապես անտեղի է և տպավորություն է ստեղծում, թե Վրաստանը այդկերպ կարող է օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները:

Գիորգի Մչեդլիշվիլին նաև հիշեցնում է իշխող ուժի անհաջող փորձը՝ օրենքի ուժ տալ «օտարերկրյա գործակալների» մասին նախագիծը։ Այն, ըստ էության, նմանակում էր 2012 թվականին Ռուսաստանում ընդունված օրենքը, որը «գործնականում ոչնչացրեց քաղաքացիական հասարակությունը Ռուսաստանում»։

Փորձագետն անդրադարձավ Միացյալ Նահանգների պետքարտուղարության վերջին որոշմանը՝ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի գերագույն դատարանի չորս դատավորների նկատմամբ՝ «մի քայլ, որը մի քանի ամիս առաջ բոլորովին աներևակայելի էր»: Ի պատասխան, «Վրացական երազանքը» ԱՄՆ-ին մեղադրեց Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ։

«Երկու ուղեծիր»

Միևնույն ժամանակ, քաղաքագետ Ալեքսանդր Միկիաշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» նման՝ վիճահարույց քայլերը թելադրվում են կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ով չնայած հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, սակայն ընդդիմախոսների պնդմամբ՝ շարունակում է կարևոր քաղաքական որոշումներ կայացնել հետնաբեմում:

Միքիաշվիլիի խոսքով, արևմտյան տիպի համակարգերը՝ օրենքի գերակայություն, թափանցիկություն, ժողովրդավարական կառավարում, կսահմանափակեն Իվանիշվիլիի ազդեցությունը, ուստի նա նախընտրել է հրաժարվել Արևմուտքին մերձենալուց՝ նախընտրելով Մոսկվան, ուր ընդունելի է նրա «ստվերային» կառավարումը:

«Բոլոր այս հակաարևմտյան հայտարարությունները և Մոսկվային արված Թբիլիսիի զիջումները նպատակ ունեն ապացուցել, որ Վրաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն է, և, ամենայն հավանականությամբ, Իվանիշվիլին ակնկալում է ինչ-որ պատասխան քայլեր, որոնք կարող են լինել օկուպացված շրջանների վերաբերող Մոսկվայի մակերեսային զիջումների տեսքով»,- ասել է Միքիաշվիլին։

Փորձագետը վստահ է՝ եթե Վրաստանի քաղաքացիները համաձայնեն, որ երկիրը հայտնվի ռուսական ուղեծրում, Թբիլիսին կկորցնի ինքնիշխանությունը, կտուժի տնտեսապես։ Որպես օրինակ Միքիաշվիլին մատնացույց է անում Սուխումիում և Ցխինվալիում առկա իրավիճակը, ուր որոշումները կայացնում է Ռուսաստանը, ուր տիրում է անօրինականությունն ու աղքատությունը, ուր մարդիկ հեռանկար չեն տեսնում։ Տրամագծորեն այլ պատկեր է արևմտյան կառույցներ ինտեգրված բալթյան երկրներում՝ «համեմատաբար բարձր կենսամակարդակ» և քաղաքական անկախություն։

XS
SM
MD
LG