Մատչելի հղումներ

«Ռամշտեյն»-9-ի արդյունքները՝ ռազմական փորձագետների աչքերով


ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում անցկացվեց Ռամշտեյնի կոնտակտային խմբի իններորդ հանդիպումը: Այս խնբում ընդգրկված են աշխարհի 54 երկրներ, որոնք Ուկրաինային աջակցում են ռուսական լայնածավալ ագրեսիայի դեմ:Այժմ այս խմբի ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը առաջադեմ տեխնիկայով զինելու հարցի վրա։

Ռամշտեյնի կոնտակտային խմբի իններորդ հանդիպման մասնակիցներին իր խոսքն ուղղելով` Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներին հորդորեց իր երկրին տրամադրել կործանիչներ, դրանք անվանելով «ազատության թևեր»:

Որքանո՞վ է Ռամշտեյնի կոնտակտային խմբի իններորդ հանդիպումը արդարացրել Ուկրաինայի հույսերը, և արդյոք այս գագաթաժողովի վերջնական որոշումները կնպաստեն ամբողջ ուկրաինական տարածքի ազատագրմանը ռուսական օկուպացիայից:

Ուկրաինացի ռազմական դիտորդ Միխայլո Պրիտուլան Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Արեւմուտքի վճռականությունը կապում է Ռուսաստանից երեւացող սպառնալիքը խեղդելու կարեւորության մեջ: Բացի այդ, Ուկրաինան պարենամթերքի հիմնական մատակարարն է և բազմաթիվ շուկաներում` հացի գլխավոր մատակարարը: ‘’Ուստի բոլորը շահագրգռված են Ուկրաինայում խաղաղություն հաստատելով:

Ըստ Պրիտուլայի, արեւմտյան գործընկերները հիմա պետք է ընդունեն մոտ ապագայում առավելագույն թվով արկեր եւ հրետանի մատակարարելու մասին արագ որոշումներ:

‘’Պուտինի բանակը պատրաստ չէ լայնածավալ հարձակման, սակայն շտապում է այդ քայլին դիմել, քանի որ վախենում է, որ Ուկրաինան շուտով կստանա մեծ քանակությամբ նոր զենքեր’’, ասում է նա:

Պրագայի համալսարանի պրոֆեսոր, ռազմական վերլուծաբան Յուրի Ֆեդորովի խոսքերով. «Ուկրաինային արևմտյան ինքնաթիռներ մատակարարելու հարցը, ըստ երևույթին, դեռ լուծված չէ, եւ միանգամայն հնարավոր է, որ որոշակի քանակությամբ խորհրդային արտադրության ինքնաթիռներ մատակարարվեն’’: Նա հիշեցնում է, որ նման ռազմաօդանավեր դեռեւս պահվում են եվրոպական մի շարք երկրներում, որոնք ժամանակին եղել են Վարշավյան պակտի անդամներ:

Ռամշտայնի հունվարյան հանդիպման ժամանակ պաշտոնապես չհայտարարվեց, որ Ուկրաինան Արևմուտքից կստանա գերմանական Leopard մակնիշի հրասայլեր, սակայն ընդամենը մի քանի օր անց տեղեկություն տարածվեց դրանք Ուկրաինա փոխադրելու որոշման մասին: Այնպես որ, նույնը կարող է պատահել նաեւ արեւմտյան ռազմաօդանավերի հետ:

՛՛Սակայն վերջին սերնդի F-16 կամ Eurofighter Typhoon ինքնաթիռների հարցը շատ ավելի բարդ է, քանի որ դրանց օդաչուների պատրաստման համար առնվազն վեց ամիս է պահանջվում: Բացի այդ, չկան տեխնիկներ, որոնք կարող են սպասարկել այս կործանիչներին’’:

Վերջապես, ՆԱՏՕ-ի երկրներում արտադրված 21-րդ դարի ռազմական տեխնիկան արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է մշտական հետախուզություն իրականացնել, ունենալ համակարգիչների վրա հիմնված լավ հրամանատարության և վերահսկման կապի համակարգ և դրանց առաջադրանքները որոշելու և փոխկապակցելու կարողություն։ Ուկրաինայում այսօր դա այդպես չէ, և նման համակարգ ստեղծելու համար ժամանակ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են պահանջվում։

‘’Իհարկե, կա հավանականություն, որ ՆԱՏՕ-ի երկրներից այստեղ ժամանեն կամավոր օդաչուներ ընդդեմ Ռուսաստանի կռվելու համար, սակայն քաղաքական տեսակետից դա չափազանց նուրբ հարց է, և չեմ կարող ասել՝ դա կիրականացվի, թե ոչ’’, ասում է Յուրի Ֆեդորովը։

Լիտվայի հատուկ գործողությունների ուժերի նախկին ղեկավար, պաշտոնաթող գնդապետ Սաուլիուս Գուզևիչյուսը Ռամշտայնի իններորդ հանդիպման գլխավոր արդյունքը համարում է արագությունը, որի վրա մեծ շեշտադրում կատարեց Վոլոդիմիր Զելենսկին: ‘’Ուկրաինան ժամանակին ստանում էր հրետանի՝ հակաօդային սարքեր, որոնք նախատեսված էին պաշտպանության համար։ Բայց կա մի պարզ ճշմարտություն, որ ոչ մի պատերազմում հաղթանակ չի գրանցվել առանց հարձակողական գործողությունների։ Իսկ Ուկրաինային անհրաժեշտ է թշնամուն դուրս մղել իր տարածքից։ Եվ հրասայլերը հենց այդ նպատակների համար են նախատեսված’’, - բացատրում է Գուզևիչուսը եւ դժգոհում, որ F16 տիպի կործանիչներ մատակարարելու հարցը դեռ լուծում չի ստանում եւ ամեն օրն ավարտվում է նույնատիպ խոստումներով:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ հարկավոր չէ վախենալ այս պատերազմում Ռուսաստանի պարտությունից, ինչպես վախենում են քաղաքական մի շարք գործիչներ: ‘’Մենք պետք է վախենանք Ռուսաստանի հաղթանակից։ Ռուսական կայսրությունը կարող է առաջ շարժվել դեպի Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Բելառուս’’, ասում են փորձագետները:

Նրանք գոհունակությամբ են խոսում Ուկրաինայի կողմից գարնանը սպասվող մեծ հակագրոհի մասին, որին պիտի նախորդի զենքի գարնանային մատակարարումը:

Նրանք հիշեցնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մասին, որտեղ ընդունվել են որոշումներ, սակայն այդ մասին գրեթե ոչինչ չեն հայտարարել:

Պատերազմի մեկնարկի տարելիցի նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախատեսված այցը Լեհաստան մեծապես է կարեւորվում փորձագետների կողմից, ովքեր հուսով են, որ նախագահն այնտեղ կհայտարարի Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ինչը կարող է ազդարարել ուկրաինական մեծ գրոհի սկիզբը:

Արամ Վանեցյան

Աննա Պլոտնիկովա

XS
SM
MD
LG