Մատչելի հղումներ

ԵՄ. Ռուսաստանի հարձակումը «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի վրա կարող է համարվել միջազգային իրավունքի ոտնահարում


Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Զապորոժյեի ատոմակայանի անվտանգության համակարգերի աշխատանքը վտանգի տակ է։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան նոր մակարդակի է հասել՝ երկրի հարավում գտնվող «Կախովկա» հիդրոէլեկտրական ամբարտակի ոչնչացումից հետո՝ երեքշաբթի հայտարարել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը։

««Կախովկա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացումը վկայում է, որ Ռուսաստանի հարձակումները ուկրաինական քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հասել են աննախադեպ մակարդակի»,- նշված է Բորելի հայտարարության մեջ: «Եվրամիությունը խստագույնս դատապարտում է այս հարձակումը։ Այն ի ցույց է դնում ռուսական վայրագությունների մի նոր մակարդակ և կարող է համարվել միջազգային իրավունքի, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում»:

Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները Ռուսաստանին մեղադրում են ամբարտակը պայթեցնելու մեջ:

Ամբարտակի փլուզումը վտանգել է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների կյանքն ու կասկածի տակ դրել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությունը՝ հավելել է Բորելը։

«Այս հուսահատ արարքով Ռուսաստանը շարունակում է իր միջուկային արկածախնդրությունը՝ վտանգելով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության համակարգերի պատշաճ գործունեությունը»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը։

Ըստ Բորելի, Եվրամիությունը կապի մեջ է ուկրաինական իշխանությունների հետ՝ պարզելու, թե երկիրն այժմ ինչի կարիք ունի:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, թե ամբարտակի պայթեցումը «ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի դաժանությունը»:

XS
SM
MD
LG