Մատչելի հղումներ

ԵՄ-ն առաջին անգամ ԱՄՆ-ից ավելի շատ գազ է գնել, քան Ռուսաստանից


Եվրամիությունը գնում է դեպի ռուսական էներգակիրներից աստիճանական հրաժարում և փնտրում դրանց ներմուծման այլ աղբյուրներ

Հունիսի արդյունքներով Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ հեղուկ գազ է ներմուծել ԱՄՆ-ից, քան գազատարով գազ ստացել Ռուսաստանից, ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։ Նա նաև հորդորել է ԵՄ երկրներին աշխատել պահանջարկի կրճատման ուղղությամբ և նախապատրաստվել ծանր ձմռանը։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ կիրառվող կոշտ տնտեսական պատժամիջոցներով ԵՄ-ը գնում է դեպի ռուսական էներգակիրներից աստիճանաբար հրաժարվելու և ներմուծման այլ աղբյուրներ գտնելու ուղղությամբ: Բիրոլը խնդրի հնարավոր լուծում է անվանել վերադարձը միջուկային էներգիայի ավելի ինտենսիվ օգտագործմանը, սակայն ընդգծել է, որ այդ հարցը կախված է եվրոպական երկրների կառավարությունների որոշումից։

Օրինակ՝ 2012 թվականին Ֆուկուսիմայի ճապոնական ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Գերմանիան որոշեց ամբողջությամբ հրաժարվել ատոմային էներգիայից։ Այժմ Գերմանիայում նախկինում գործող 19 ատոմակայաններից մնացել են միայն երեքը, և դրանք շահագործումից հանման փուլում են. ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ դրանք նախատեսվում էր փակել մինչև 2022 թվականի վերջը, սակայն այժմ Գերմանիայի էներգետիկայի նախարարությունը կանգնած է դրանց օգտագործմանը վերադառնալու հարցի առաջ։

Հունիսին «Գազպրոմը» 40%-ով նվազեցրեց «Հյուսիսային հոսք» խողովակաշարով դեպի Եվրոպա տարանցվող գազի ծավալը՝ դա բացատրելով պատժամիջոցների ներքո արտասահմանյան սարքավորումների վերանորոգման հետ կապված խնդիրներով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը «Գազպրոմի» որոշումը որակել են քաղաքական և «գազային շանտաժ», որով Ռուսաստանը պայքարում է Ուկրաինային աջակցող Եվրամիության դեմ:

ԱՄՆ-ը, մյուս կողմից, նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացրել է մատակարարումները Եվրոպա։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այս տարվա հունվար-ապրիլին նրանք ավելի շատ հեղուկ գազ են մատակարարել Եվրոպա, քան նախորդ տարվա ընթացքում։

Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ «Հյուսիսային հոսք» գազատարի օպերատորը հայտարարել է սպասարկման նպատակով իր փակման մասին հուլիսի 11-ից 21-ը։ Այդ ընթացքում գազատարով գազ չի մատակարարվի։ Դա տեղի է ունենում ամեն տարի, սակայն այս տարի ԵՄ-ում մտավախություն կա, որ կանխարգելումից հետո գազի պոմպացումը կարող է չվերսկսվել քաղաքական պատճառներով։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG