Եմենում խորանում է ճգնաժամը

Եմենում խորանում է ճգնաժամը

Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի համաձայն, ժողովրդի մեծամասնությունը սատարում է իրեն:

Այս հայտարարությամբ նախագահը հանդես է եկել, չնայած այն հանգամանքին, որ երկրի բանակի բարձրաստիճան սպաները և նրա իսկ տոհմը հրաժարվել են իր վարչակարգը սատարելուց և անցել են ընդդիմության կողմը:

Եմենի բանակի հեղինակավոր գեներալներից մեկը` Ալի Մոհսեն ալ-Ահմարը, երկուշաբթի օրը հանդես է եկել «երիտասարդության խաղաղ հեղափոխությունը» սատարելու հայտարարությամբ:

Ալ-Ահմարը Եմենի բանակի արդեն երրորդ գեներալն է, որը հայտնել է հակակառավարական շարժումը սատարելու մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է այս երկրի անվտանգության ուժերի կողմից ցուցարարների դեմ մարտական փամփուշտների կիրառումը` ասելով, որ կառավարությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիական անձանց:

Նա հավելել է, որ Եմենում քաղաքական ճգնաժամը լուծելու համար չկա այլ ճանապարհ, քան երկրում քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ երկխոսությունը: