Մատչելի հղումներ

Եմենի նախագահը խոստացել է սահմանադրական հանրաքվե անցկացնել


Եմենի նախագահը խոստացել է սահմանադրական հանրաքվե անցկացնել
Եմենի նախագահը խոստացել է սահմանադրական հանրաքվե անցկացնել

Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը խոստացել է անցկացնել խորհրդարանական կառավարման ապահովման նպատակով սահմանադրական հանրաքվե։

Սալեհը, հինգշաբթի օրը հանդես գալով հեռուստատեսությամբ, ասել է, թե նոր սահմանադրությամբ երաշխավորվելու է օրենսդրական և գործադիր իշխանությունների տարանջատումը։

Եմենի նախագահի խոստումը ուղղված է կառավարության դեմ հանդես եկող ցուցարարների հիմնական պահանջի բավարարմանը։ Ընդդիմությունը պահանջում է ավելի մեծ մասնակցություն երկրի կառավարությունում, որը հիմնականում վերահսկում են Սալեհի ամենամոտ դաշնակիցները։ Ակտիվիստների համաձայն, իրենք հուսահատված են համատարած կաշառակերությամբ և հետզհետե աճող գործազրկությամբ։

Կառավարական ուժերի կողմից երեքշաբթի օրը մեկ զոհի պատճառ դարձած գրոհ անցկացնելու հանգամանքով վրդովված ցուցարարները չորեքշաբթի օրը հավաքվել էին Սանայի համալսարանի շրջակայքում։ Նրանք խոստացել են շարունակել նստադուլն այնքան ժամանակ, մինչև հրաժարական ներկայացնի Եմենում արդեն 32 տարի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սալեհը։

Այն ժամանակից, երբ Եմենի նախագահն անվտանգության ուժերին կարգադրեց պաշտպանել ցուցարարներին, ցույցերն այս երկրում հարաբերականորեն խաղաղ են անցնում։

Արդեն մոտ մեկ ամիս ընթացող ցույցերի ընթացքում երեքշաբթի օրը տեղի ունեցած միջադեպն առաջին դեպքն է, երբ իր պարտականությունների կատարման ընթացքում ոստիկանության ծառայողը մարտական զենք է գործածել։

XS
SM
MD
LG